Այսօր Երեւանի պետական համալսարան էր այցելել Հայաստանում Հնդկաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան տիկին Րինա Պանդեյը: Նրան ուղեկցում էին ամուսինը եւ դեսպանատան առաջին քարտուղար պարոն Նագպալը: Հնդկաստանի կառավարությունը, արձագանքելով Հայաստանում Հնդկաստանի դեսպանության խնդրանքին, մոտ 100 անուն գրականություն, CD-ներ եւ DVD-ներ է նվիրել Երեւանի պետական համալսարանին:
Ինչպես նշեց տիկին դեսպանը, այս ակցիան նպատակ ունի Հայաստանում` մասնավորապես ԵՊՀ-ի ուսանողների շրջանում, ավելացնել հետաքրքրությունը Հնդկաստանի, նրա մշակույթի եւ ժողովրդի հանդեպ: «Այս գրքերը Հնդկաստանը մի քանի տեսանկյունից են ներկայացնում` մշակույթ, տնտեսություն, արտաքին քաղաքականություն, պատմություն, տեսարժան վայրեր եւ այլն:
Դրանք մեր երկրի մասին բազմակողմանի պատկերացում կազմելու հնարավորություն կտան ուսանողներին,- ասաց տիկին Րինա Պանդեյը` ակնկալելով ավելի մեծ հետաքրքրություն ԵՊՀ-ական ուսանողների կողմից դեպի իր ներկայացրած երկիրը:- Ես հույս ունեմ` ուսանողներից շատերը կայցելեն Հնդկաստան»: Դեսպանը հույս հայտնեց, որ նախապես Իրանագիտության ամբիոնում հանգրվանած գրքերը հետագայում իրենց հստակ տեղը կունենան հնդկագիտության սենյակում:
Իսկ Արեւելագիտության ֆակուլտետի կազմում հնդկագիտության ամբիոն ունենալու հեռանկարները դեռ պարզ չեն: Ինչպես նշեց ֆակուլտետի դեկան Գուրգեն Մելիքյանը, նման խոսակցություններ կան, ցանկությունը մեծ է, սակայն իրագործման համար դեռ քննարկելու շատ խնդիր կա: «Մի բան պարզ է. մեր ուսանողները հետաքրքրված են Հնդկաստանի մշակույթով եւ ավանդույթներով: Դրա ապացույցն է միջանցքում փակցված լուսանկարների ցուցահանդեսը, որ եւս մեր ուսանողների եւ դասախոսների ջանքերով է իրականացվել»,-ասաց պարոն Մելիքյանը:
Դեկանը տեղեկացրեց, որ արդեն 10 տարի է` հինդու լեզվի ուսումնասիրությունը ֆակուլտետում լուրջ հիմքերի վրա է դրված: Սակայն, նրա խոսքերով, ֆակուլտետն ուրախ կլինի, եթե Հնդկաստանից եւս մասնագետներ ժամանեն եւ դասավանդեն ԵՊՀ-ում: Նման ցանկություն ունի նաեւ Հնդկաստանի դեսպան Րինա Պանդեյը: «Հնդկաստանի կառավարությունն այսքանով չի սահմանափակվի: Այս ակցիան շարունակական բնույթ է կրելու: Սրանով ոչ թե ավարտվում, այլ սկսվում է համագործակցությունը»,- ասաց տիկին դեսպանը: