29.03.2012 | 
Մշակույթ
«ՈՒՐԱԽ ԱՎՏՈԲՈՒՍԸ» ԲՈԼՈՐԻՆ ՏԵՂԱՓՈԽԵՑ ԻՍԿԱԿԱՆ ԿԻՆՈՅԻ ԱՇԽԱՐՀ
«ՈՒՐԱԽ ԱՎՏՈԲՈՒՍԸ» ԲՈԼՈՐԻՆ ՏԵՂԱՓՈԽԵՑ ԻՍԿԱԿԱՆ ԿԻՆՈՅԻ ԱՇԽԱՐՀ
ԵՊՀ կինոակումբն իր այս տարվա գործունեությունը սկսեց Ալբերտ Մկրտչյանի «Ուրախ ավտոբուս» ֆիլմի ցուցադրությամբ:

Արդեն երկրորդ տարին է` ԵՊՀ մշակույթի կենտրոնում Հայաստանի ազգային կինոկենտրոնի աջակցությամբ գործում է կինոակումբը, որի շրջանակներում պարբերաբար կազմակերպվում են ֆիլմերի դիտումներ եւ այդ ֆիլմերի ստեղծագործական խմբերի հետ հանդիպում-քննարկումներ:

 

Մշակույթի կենտրոնի տնօրեն Կարինե Դավթյանը ներկայացրեց կինոակումբ ստեղծելու շարժառիթները. «Ներկայումս մեր ազգային կինոն անտեսվում է, իսկ հայ երիտասարդների մեծ մասն անգամ չի լսել մեր անվանի ռեժիսորների ու նրանց գործերի մասին, ուստի խնդիր առաջացավ երիտասարդներին ազգային կինոյին ու մեր մեծերին ճանաչել տալու եւ, ինչու չէ, ժամանակակից հայկական կինոյի մասին նույնպես տեղյակ պահելու»:

 

Կինոակումբում կազմակերպվող ցուցադրությունները տարբերվում են այլ ցուցադրություններից. այստեղ կինո ստեղծողները, շփվելով իրենց երիտասարդ հանդիսատեսի հետ, հասկանում են` ինչ են նրանք ուզում, ինչն է նրանց հետաքրքրում: Այսինքն` այս ձեւաչափով հանդիպումները օգտակար են ոչ միայն ուսանողների, այլեւ երիտասարդ ռեժիսորների համար. գուցե երիտասարդներն այնպիսի նոր գաղափարներ առաջարկեն, որ նրանք կարողանան օգտագործել իրենց ապագա գործերում: Եվ ահա մարտի 28-ին մեկնարկեց ֆիլմերի ցուցադրությունների շարքը. այս անգամ ցուցադրությունը նվիրված էր ռեժիսոր Ալբերտ Մկրտչյանի ծննդյան 75-ամյակին:

 

Ցուցադրվեց վերջինիս «Ուրախ ավտոբուս» ֆիլմը: 2000 թվականին հայրենի քաղաքին պատուհասած բնական աղետի դեռ թարմ վերքերի համար բնիկ գյումրեցի Ալբերտ Մկրտչյանն ուրախ մի «կինոբալասան» ստեղծեց` «Ուրախ ավտոբուս»-ը, որը գեղարվեստական ֆիլմ է 1988 թ-ի Սպիտակի երկրաշարժից հետո միայնակ մնացած երեխաների եւ մեծահասակների մասին: Ֆիլմում ներկայացվում է մի քաղաք, որի անդամները ամբողջականության են ձգտում հնարավոր ու անհնար բոլոր միջոցներով: Այս քաղաքի միայնակ մնացած տղան, ի հեճուկս ամեն ինչի, իր ընտանիքն է ուզում ստեղծել ու պահպանել՝ Գյումրու կոլորիտով փիլիսոփայելով. «Ընտանիքը բաղկացած կեղնի հորից, մորից ու երեխուց: Դու իմ մերս պտի էղնիս»:

 

Սա է Ալբերտ Մկրտչյանի «Ուրախ ավտոբուսի» ուղեւորի հավատամքը: Ինչպես նշեց տիկին Դավթյանը, տաղանդաշատ ռեժիսորի արվեստի առանձնահատկություններից մեկն այն է, որ նա, վերցնելով մի կերպար, մի դրվագ, վարպետորեն այնպես է ընդհանրացնում, որ հասցնում է համամարդկային մակարդակի. բացառություն չէ նաեւ «Ուրախ ավտոբուսը»:

 

Ֆիլմի դիտումից հետո ուսանողները հնարավորություն ունեցան իրենց հետաքրքրող հարցերն ուղղելու ռեժիսորին: Քննարկմանը ներկա էին նաեւ ԵՊՀ ուսանողների, շրջանավարտներեւի եւ հասարակայնության հետ կապերի գծով պրոռեկտոր Ռուբեն Մարկոսյանը, Ազգային կինոկենտրոնի տնօրեն Գեւորգ Գեւորգյանը, կինոգետ Դավիթ Մուրադյանը, նկարիչ Աշոտ Համբարձումյանը:

 

Խոսվեց ռեժիսորի հետագա անելիքների, նրան ստեղծագործելու մղող եւ ներշնչող ուժի, ցուցադրված ֆիլմի հերոսների ճակատագրի մասին: Վերջում ցուցադրվեց Ազգային կինոկենտրոնի կողմից պատրաստված փոքրիկ ֆիլմ, որը պատմում էր Ալբերտ Մկրտչյանի եւ նրա թողած ժառանգության մասին: Հավելենք, որ ապրիլի 4-ին և 11-ին` ժամը 15:00-ին, Մշակույթի կենտրոնում տեղի կունենան մյուս ֆիլմերի ցուցադրություններն ու քննարկումները:

Այլ նորություններ
«ԵԹԵ ՄԵՆՔ ԸՆԴՈՒՆՈՒՄ ԵՆՔ ԱՅՆ ՏԵՍԱԿԵՏԸ, ՈՐ ԹԱՏՐՈՆԸ ՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈՔՐ ՄՈԴԵԼՆ Է, ԱՊԱ ԱՅՆ ԱՐՏԱՑՈԼՈՒՄ Է ՏՎՅԱԼ ՊԵՏՈՒԹՅԱՆ ԸՆԴՀԱՆՐԱԿԱՆ ՎԻՃԱԿԸ». ՎԱՐԴԱՆ ՄԿՐՏՉՅԱՆ
Հեռավար ուսուցման շրջանակում ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետն այսօր իր առցանց տիրույթում հյուրընկալել էր Գաբրիել Սունդուկյանի անվան թատրոնի տնօրեն, դերասան, արվեստագետ, մշակութային գործիչ Վարդան Մկրտչյանին:
ԱՄՓՈՓՎԵԼ Է «ԱՐԻ ՄՐՑԵՆՔ» ԱՌԱՋՆՈՒԹՅԱՆ ՊԱՐԻ ՄԻՋՖԱԿՈՒԼՏԵՏԱՅԻՆ ՄՐՑՈՒՅԹԸ
ԵՊՀ մշակույթի կենտրոնի դահլիճում այսօր ամփոփվել է ԵՊՀ ՈԻԽ մշակույթի հանձնաժողովի կողմից կազմակերպված «Արի մրցենք» առաջնության պարի միջֆակուլտետային մրցույթը։