03.11.2017 | 
Քաղաքականություն
«ԻՆՁ ԻՍԿԱՊԵՍ ՏՊԱՎՈՐԵԼ Է ԵՊՀ-Ի ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ»
«ԻՆՁ ԻՍԿԱՊԵՍ ՏՊԱՎՈՐԵԼ Է ԵՊՀ-Ի ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ»
Մայր բուհն այսօր հյուրընկալել էր Փարիզի համալսարանի պատվիրակությանը՝ ռեկտոր Ժիլ Պեկուի գլխավորությամբ:

Հյուրերին նախ իր աշխատասենյակում ընդունեց ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը: Հանդիպմանը ներկա էին նաև ԵՊՀ ուսումնական աշխատանքների գծով պրոռեկտոր Ալեքսանդր Գրիգորյանը և Միջազգային համագործակցության վարչության պետ Ալեքսանդր Մարգարովը:

 

ԵՊՀ ռեկտորը, ողջունելով և բարի գալուստ մաղթելով հյուրերին, նշեց, որ հանդիպումն ավելի հետաքրքիր է դարձնում այն փաստը, որ երկու համալսարանների ռեկտորներն ունեն նույն մասնագիտությունը. «Ուրախ եմ, որ երկուսս էլ պատմաբան ենք: Մեր համալսարանի պատմության մեջ ես 6-րդ պատմաբան ռեկտորն եմ»:

 

Արամ Սիմոնյանը ֆրանսիացի հյուրերին ներկայացրեց ԵՊՀ պատմությունը, ծանոթացրեց համալսարանի կառուցվածքին, խոսեց գործընկերների մասին, տեղեկացրեց բուհում գործող գիտահետազոտական ինստիտուտների, կենտրոնների և լաբորատորիաների մասին. «Ընդ որում՝ դրանք նախատեսված են ոչ միայն պրոֆեսորադասախոսական կազմի, այլև ուսանողների համար: Ունենք 3 ստարտափ լաբորատորիաներ, որոնք միայն ուսանողների համար են, իսկ առաջիկայում նախատեսում ենք կառուցել ևս երեքը»:

 

Ժիլ Պեկուն էլ իր խոսքում շնորհակալություն հայտնեց ջերմ ընդունելության համար և հետագայում առավել բովանդակային փոխգործակցություն ստեղծելու ցանկություն հայտնեց. «Սա իմ առաջին այցն է ձեզ մոտ, և ինձ իսկապես տպավորել է ԵՊՀ-ի գործունեությունը: Մեծ հույս ունեմ, որ մեր և ձեր ուսանողները, հետազոտողներն ու պրոֆեսորադասախոսական կազմի ներկայացուցիչները ակտիվ կհամագործակցեն և նոր արդյունքներ կգրանցեն»:

 

 

 

Այնուհետև Փարիզի համալսարանի ռեկտորը «Սորբոնը և ֆրանսիացի ինտելեկտուալներն ու հայերի հավաքագրումը 19-րդ դարի վերջին» թեմայով դասախոսություն կարդաց ԵՊՀ պատմության և միջազգային հարաբերությունների ֆակուլտետների պրոֆեսորադասախոսական կազմի և ուսանողների համար:

 

«Առաջին փաստը, որ ուզում եմ արձանագրել, այն է, որ հայերենն արդեն կանոնավոր ձևով ուսուցանվում էր դեռևս հայերենի ամբիոնի հիմնադրումից սկսած, որը տեղի է ունեցել Նապոլեոնի ժամանակաշրջանում: Սորբոնում կար նաև հայ բանասիրության գործնական դպրոց, որը կապված էր եվրոպական գիտելիքների հետ», - դասախոսության ընթացքում ասաց Ժիլ Պեկուն:

 

Տեղեկացնենք նաև, որ դասախոսության ավարտին Փարիզի համալսարանի ռեկտորը պատասխանեց նաև ներկաների հարցերին:

 

 

Այլ նորություններ
ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆ ՔԱՆԱԿԻ ԿՐԵԴԻՏՆԵՐ ՉՀԱՎԱՔԱԾ ԵՎ ՈՒՍՄԱՆ ՎԱՐՁԵՐԸ ՉՎՃԱՐԱԾ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԸ ԿՀԵՌԱՑՎԵՆ. ԵՊՀ ՌԵԿՏՈՐԱՏԻ ՆԻՍՏՈՒՄ ԱՄՓՈՓՎԵՑ ՔՆՆԱՇՐՋԱՆԸ
Այսօր ԵՊՀ գիտխորհրդի նիստերի դահլիճում տեղի ունեցավ ռեկտորատի հերթական նիստը, որի ընթացքում ամփոփվեց 2017-2018 ուստարվա երկրորդ կիսամյակի քննաշրջանը:
4 ԴԵԿԱՆՆԵՐԻ ՈՒ 31 ԱՄԲԻՈՆԻ ՎԱՐԻՉՆԵՐԻ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՍՏԱՏՈՒՄ, ՆՈՐ ՊՐՈՖԵՍՈՐՆԵՐ, ԴՈՑԵՆՏՆԵՐ. ԹԵԺ ՔՆՆԱՐԿՈՒՄ՝ ԵՊՀ ԳԻՏԽՈՐՀՐԴՈՒՄ
Այսօր ԵՊՀ գիտխորհրդի նիստերի դահլիճում տեղի ունեցավ գիտխորհրդի հերթական նիստը, որի օրակարգում ընդգրկված էին ութ օրակարգային և մի քանի ընթացիկ հարցեր: