02.09.2015 | 
Հասարակություն
ՆՈՐԱԿԱՌՈՒՅՑ ԶԲՈՍԱՅԳԻՆ ԱՆՎԱՆԱԿՈՉՎԵՑ ԹԱԹՈՒԼ ԿՐՊԵՅԱՆԻ ԱՆՎԱՄԲ
ՆՈՐԱԿԱՌՈՒՅՑ ԶԲՈՍԱՅԳԻՆ ԱՆՎԱՆԱԿՈՉՎԵՑ ԹԱԹՈՒԼ ԿՐՊԵՅԱՆԻ ԱՆՎԱՄԲ
Աշունը հագեցած կլինի ԵՊՀ պատմության ֆակուլտետի զոհված ուսանող-ազատամարտիկ, Հայաստանի Ազգային հերոս Թաթուլ Կրպեյանի ծննդյան 50-ամյակին նվիրված միջոցառումներով:

Սեպտեմբեր, հոկտեմբեր, նոյեմբեր ամիսներին անցկացվելու են գիտաժողովներ, մրցաշարեր, հուշ-ցերեկույթներ ու հանդիսավոր միջոցառումներ` նվիրված Հայաստանի Ազգային հերոսի հոբելյանին: Այդ առիթով օգոստոսի 24-ին ՀՀ պաշտպանության նախարարի գլխավորությամբ անցկացվել է հոբելյանական հանձնաժողովի նիստ, որին մասնակցել է նաև ԵՊՀ ուսանողների, շրջանավարտների և հասարակայնության հետ կապերի գծով պրոռեկտոր Ռուբեն Մարկոսյանը:

 

Հոբելյանական միջոցառումների մեկնարկը տրվեց այսօր: Երևանի ավագանու որոշմամբ` նորակառույց զբոսայգին, որը գտնվում է Նոր Նորքի 1-ին զանգվածում, անվանակոչվեց Թաթուլ Կրպեյանի անվամբ՝ «Թաթուլ Կրպեյանի անվան զբոսայգի»:

 

Բացման հանդիսավոր արարողությանը ներկա էին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը, ուսանողների, շրջանավարտների և հասարակայնության հետ կապերի գծով պրոռեկտոր Ռուբեն Մարկոսյանը, ԵՊՀ «Վարդանանք» ռազմահայրենասիրական դաստիարակության ակումբի ներկայացուցիչներ, Մայր բուհի զոհված ուսանող-ազատամարտիկների ու Թաթուլ Կրպեյանի հարազատներ, Նոր Նորք համայնքի բնակիչներ ու մի շարք դպրոցների ներկայացուցիչներ:

 

Ընդամենը 26 գարուն բոլորած հերոսին յուրովի ներկայացրեց ՀՀ պաշտպանության նախարար, Թաթուլ Կրպեյանի հոբելյանական միջոցառումների հանձնաժողովի նախագահ Սեյրան Օհանյանը: Նախարարը սեպտեմբերի 2-ը համարեց խորհրդանշական, քանի որ այն նաև Արցախի անկախության օրն է:

 

«Ես համոզված եմ, որ այս զբոսայգու բացումը համապատասխան հենք  է հանդիսանալու մեր երկրում հայրենասիրական, գաղափարական և հատկապես մատաղ սերնդի ռազմահայրենասիրական դաստիարակության համար: Թաթուլ Կրպեյանը մի անձնավորություն է, ով իր ամբողջ կյանքը նվիրել է Արցախի ազատագրմանը: Պատկերացնել Արցախի ազատությունն ու անկախությունն առանց Թաթուլ Կրպեյանի և նրա նման նվիրյալնների, անհնարին է»,- ասաց պարոն Օհանյանը՝ ընդգծելով, որ առանձնահատուկ է Թաթուլի դերը մեր ազգային ազատագրական շարժման մեջ, իսկ նա իր կենդանության օրոք է իր ճակատագիրը գրել՝ որպես անձնուրացության օրինակ, գաղափարի զինվոր և մտավորական:

 

Իր երախտիքի խոսքն ուղղեց նաև Ազգային հերոսի դուստրը՝ Ասպրամ Կրպեյանը: Ասպրամը նշեց, որ այս զբոսայգու բացումը մեծ խորհուրդ ունի, շնորհակալություն հայտնեց և շտապեց նշել. «Հերոսներին հիշելը և ըստ արժանվույն գնահատելը նույնպես հայրենասիրություն է: Արդեն կարող ենք հպարտորեն փաստել, որ Թաթուլ Կրպեյանը շոշափելի ներկայություն ունի մայրաքաղաք Երևանում (ԵՊՀ պատմության ֆակուլտետի իր անվան լսարան, մի քանի այլ դասարաններ, նորակառույց զբոսայգի, ինչպես նաև վերջերս հերոսի անվամբ անվանակոչված համար 62 ավագ դպրոց):

 

Քչերին է հայտնի, որ Թաթուլ Կրպեյանը նաև բնության մեծ սիրահար էր: Հերոսի քույրը՝ Ռուզաննա Կրպեյանը, այս զբոսայգում ոգեղեն ուժ է տեսնում. «Եթե մյուս զբոսայգիները նախատեսված են ժամանցի համար, ապա այս այգում հանգիստը պետք է վերածվի հայրենասիրության: Հաստատապես համոզված եմ, որ այս զբոսայգին սերունդներին հայրենասիրությամբ դաստիարակելու և գոտեպնդելու հրաշալի միջոց է լինելու: Թաթուլն էլ բնության սիրահար էր ու թեև ժամանակի բերումով քիչ էր զբոսայգիներ հաճախում, այնուամենայնիվ այդ բացը լրացնում էր հայոց անառիկ լեռներում»:

 

Տեղեկացնենք նաև, որ այգու ամբողջ տարածքն ապահովված է զրուցարաններով, նստարաններով և աղբամաններով: Ակտիվ ժամանցի անցկացման համար այգում կառուցվել է թենիսի հարթակ, ինչպես նաև մանկական խաղահրապարակներ:

Այլ նորություններ
«ՀԱՅԱԳԻՏՈՒԹՅՈՒՆԸ, ԼԻՆԻ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ, ԹԵ ԱՐՏԵՐԿՐՈՒՄ, ՊԵՏՔ Է ՇԱՐՈՒՆԱԿ ՆԵՐԿԱՅԱՑՆԻ ՄԵՐ ՀՈԳԵՎՈՐ ՈՒ ՆՅՈՒԹԱԿԱՆ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՄԱՐԳԱՐՏԱՀԱՏԻԿՆԵՐԸ». ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐԻ ՄԵԿՆԱՐԿ ԼՈՍ ԱՆՋԵԼԵՍՈՒՄ
Վերջերս Լոս Անջելեսում մեկնարկել են հայագիտական ծրագրերի լայն ուսումնասիրություններ։ ԱՄՆ-ի արևմտյան թեմի առաջնորդարանի հովանու ներքո իրականացվող ծրագրերին մասնակցել է բանասիրական գիտ. թեկնածու, դոցենտ Նորայր Պողոսյանը:
ԵՐԿՐԻ ՄԱԳՆԻՍԱԿԱՆ ԴԱՇՏՆ ԱՆԿԱՆՈՆ ՎԱՐՔ Է ԴՐՍԵՎՈՐՈՒՄ. ՄԱՍՆԱԳԵՏՆԵՐԸ ԴԵՌԵՎՍ ԲԱՑԱՏՐՈՒԹՅՈՒՆ ՉՈՒՆԵՆ
Հյուսիսային մագնիսական բևեռն անկախատեսելիորեն Կանադայից շարժվում է դեպի Սիբիր: Շարժումը ստիպում է փորձագետներին այսօր թարմացնել աշխարհի մագնիսական մոդելը (World Magnetic Model), որն օգնում է գլոբալ նավիգացիային: