23.09.2021 | 
Հասարակություն
«ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ՆԵՐԱՌՄԱՆ ԽԹԱՆՈՒՄ՝ ԶԲԱՂՎԱԾՈՒԹՅԱՆ ԵՎ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑՈՎ». ԾՐԱԳՐԻ ԱՐԴՅՈՒՆԱՎԵՏՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ՊԱՏՄՈՒՄ ԵՆ ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԸ
«ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ՆԵՐԱՌՄԱՆ ԽԹԱՆՈՒՄ՝ ԶԲԱՂՎԱԾՈՒԹՅԱՆ ԵՎ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑՈՎ». ԾՐԱԳՐԻ ԱՐԴՅՈՒՆԱՎԵՏՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ՊԱՏՄՈՒՄ ԵՆ ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԸ
ԵՊՀ շրջանավարտների և կարիերայի կենտրոնն «Ապագայի մանդատ» երիտասարդական հասարակական կազմակերպության հետ համատեղ Եվրոպայի խորհրդի եվրոպական երիտասարդական հիմնադրամի աջակցությամբ իրականացրել է «Երիտասարդական ներառման խթանում՝ զբաղվածության և մասնակցության միջոցով» խորագրով ծրագիրը, որի արդյունավետության մասին պատմում են մասնակիցները՝ Անի Հակոբյանը և Արման Մարգարյանը:

«Երիտասարդական ներառման խթանում՝ զբաղվածության և մասնակցության միջոցով» խորագրովծրագրի նպատակն էր չեզոքացնել խոցելի երիտասարդ մարդկանց (Արցախյան 44-օրյա պատերազմի պատճառով տեղահանված անձինք, փախստականներ, սոցիալապես խոցելի և այլն) սոցիալական մեկուսացումը՝ նպաստելով նրանց զբաղվածության, տնտեսական և քաղաքացիական մասնակցությանը:

 

Ծրագրի մասնակիցներից Անի Հակոբյանն Արցախի Քաշաթաղ շրջանի Բերձոր քաղաքից է, սովորում է ԵՊՀ եվրոպական լեզուների և հաղորդակցության ֆակուլտետի 3-րդ կուրսում: Արման Մարգարյանը ծնվել է Արցախի Կովսական քաղաքում: Դպրոցն ավարտելուց հետո ծառայության է անցել ՀՀ զինված ուժերում, մասնակցել է Արցախյան 44-օրյա պատերազմին, այժմ ծրագրավորում է սովորում:

 

Մեզ հետ զրույցում Անին և Արմանը պատմեցին, որ «Երիտասարդական ներառման խթանում՝ զբաղվածության և մասնակցության միջոցով» խորագրով ծրագրի մասին տեղեկացել են սոցիալական ցանցերի միջոցով և որոշել մասնակցել դրան:

 

«Տեսանք, որ արցախցի երիտասարդներին դասընթացների մասնակցելու, ապա ինթերնշիփ անցնելու հնարավորություն է ընձեռվում, և որոշեցինք դիմել»,- մեզ հետ զրույցում պատմեց Անին:

 

 

Ծրագիրն անցկացվել է 3 փուլով: Առաջին փուլի ընթացքում երիտասարդները Ծաղկաձորում մասնակցել են եռօրյա դասընթացներին՝ ծանոթանալով երիտասարդական մասնակցության, առաջնորդության, երիտասարդական աշխատանքի, երիտասարդական ներառման, երիտասարդական զբաղվածության հիմնախնդիրներին: Երկրորդ փուլի ժամանակ նրանք արդեն ԵՊՀ-ում անցել են դասընթաց՝ «Աշխատաշուկայում ինտեգրման համար պահանջվող գիտելիքներ, հմտություններ և ունակություններ» խորագրով:


Ծրագրի երրորդ փուլով էլ մասնակիցներին հնարավորություն է տրվել ինթերնշիփ (պրակտիկա գործատուների մոտ) անցնելու և երիտասարդական այլ հասարակական միջոցառումների մասնակցելու:

 

Անիի խոսքով, ծրագրի միջոցով մասնակիցները ստացել են ոչ միայն տեսական գիտելիքներ, այլև գործնական հմտություններ: Նա այժմ ինթերնշիփ է անցնում «Աթենք» ընկերության մարդկային ռեսուրսների կառավարման բաժնում. «Չունենալով ոլորտի մասին գիտելիքներ՝ այժմ արդեն շատ տեղեկություններ ունեմ մասնագիտության վերաբերյալ: Հույս ունեմ՝ ինթերնշիփի ավարտին արդեն խորը գիտելիքներ ու փորձ կուտակած կլինեմ և կկարողանամ աշխատանքի անցնել այս ոլորտում, որը շատ սիրել եմ»:

 

Արմանն էլ այժմ ինթերնշիփ է անցնում ծրագրավորման կազմակերպությունում և հույս ունի, որ կխորացնի գիտելիքներն այս ոլորտում ու կկարողանա հաջողությունների հասնել:

 

Անին ու Արմանը պատմեցին, որ դասընթացները շատ արդյունավետ էին կազմակերպված, հագեցած էին անհրաժեշտ տեղեկատվությամբ ու անցել են ընկերական ջերմ մթնոլորտում. «Դասընթացավարները շատ լավ էին մատուցում նյութը՝ առավելագույնս ընկալելի ու հասանելի դարձնելով այն, օգնում, որ արագ յուրացնենք ու հետագայում կարողանանք կիրառել ստացած գիտելիքները»:

 

Անին ու Արմանը տեղեկացրին, որ ձևավորված ջերմ մթնոլորտի շնորհիվ ծրագրի մասնակիցներն ընկերացել են, այժմ էլ պարբերաբար հանդիպում են ու միասին կազմակերպում ժամանցը: Նրանք շնորհակալություն հայտնեցին ծրագրի կազմակերպիչներին՝ աջակցության ու արդյունավետ աշխատանքի համար:  

 

Քնար Միսակյան

Այլ նորություններ
ՄԱՅՐ ԲՈՒՀԸ ՄՇՏԱՊԵՍ ԿԱՆԳՆԵԼՈՒ Է ԱՐՑԱԽԻ ԿՈՂՔԻՆ. ԵՊՀ-Ի ԵՎ ԱՐՊՀ-Ի ՄԻՋԵՎ ԿՆՔՎԵԼ Է ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՆՈՐ ՊԱՅՄԱՆԱԳԻՐ
ԵՊՀ ռեկտորի ժ.պ. Հովհաննես Հովհաննիսյանը և Արցախի պետական համալսարանի ռեկտոր Արմեն Սարգսյանն այսօր ստորագրել են երկու բուհերի միջև համագործակցության նոր պայմանագիր՝ զարգացնելու կրթական, գիտահետազոտական և ուսումնամեթոդական ոլորտներում առկա փոխգործակցությունը:
«ԴՈԿՏՈՐԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՇՐՋԱՆԱԿԸ». ԵՌՕՐՅԱ ԱՇԽԱՏԱԺՈՂՈՎ՝ ՆՎԻՐՎԱԾ ՀՀ ԱՍՊԻՐԱՆՏԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐԻ ԲԱՐԵԼԱՎՄԱՆԸ
Ծաղկաձորում մեկնարկել և ընթանում է «Erasmus+» կարողությունների զարգացման ծրագրի «Armdoct» նախագծի շրջանակում կազմակերպված եռօրյա աշխատաժողովը՝ «Դոկտորական կրթության կարգավորման շրջանակը» խորագրով։