09.09.2019 | 
Գիտություն
«ԿԱՆ ԳԻՏԵԼԻՔԻ ՁԵՌՔԲԵՐՄԱՆ ՀԱՄԵՄԱՏԱԲԱՐ ԼԱՎ ՈՒ ՎԱՏ ՃԱՆԱՊԱՐՀՆԵՐ». ՓԻԹԵՐ ԲՈՂՈՍՅԱՆ
«ԿԱՆ ԳԻՏԵԼԻՔԻ ՁԵՌՔԲԵՐՄԱՆ ՀԱՄԵՄԱՏԱԲԱՐ ԼԱՎ ՈՒ ՎԱՏ ՃԱՆԱՊԱՐՀՆԵՐ». ՓԻԹԵՐ ԲՈՂՈՍՅԱՆ
Հայկական ծագմամբ ամերիկացի փիլիսոփա, Պորտլենդի համալսարանի պրոֆեսոր Փիթեր Բողոսյանի հետ զրուցել ենք կրոնի, հայկական ծագման, քննադատական մտածողության և փիլիսոփայական օբյեկտիվ ճշմարտության մասին:

- Կնկարագրե՞ք Ձեր ընտանիքի կրոնական մթնոլորտը:

- Ես մեծացել եմ Նորվուդում (Norwood)՝ Մասաչուսեթսի նահանգում (Massachusetts): Ամեն կիրակի մենք գնում էինք Ուոթերթաունի (Watertown) Սուրբ Հակոբ հայկական առաքելական եկեղեցին, ուր մեքենայով հասնելը 50 րոպեի ճանապարհ էր: Իմ հայրը նվագում էր հայկական եկեղեցական երաժշտություն, ինչը նա և՛ սիրում էր, և՛ ատում:

 Ես վստահ եմ, որ հայրս ագնոստիկ էր, բայց նա շատ էր սիրում հայկական համայնքը, լեզուն, ուտելիքը և հատկապես երաժշտությունը:

Նա երգում էր երգչախմբում, մինչ ես կիրակնօրյա դպրոցում էի: Այնտեղ սովորում էի «Հայոց պատմություն» և «Կրոնի պատմություն»: Դասերը տևում էին երեք ժամ: Վերջին ժամին գնում էինք հայկական եկեղեցի և մասնակցում պատարագին: Իմ հայերենի իմացությունն այն ժամանակ, մեղմ ասած, սարսափելի էր, իսկ հիմա պարզապես գոյություն չունի: Այսինքն՝ ես երբեք էլ պատարագի բովանդակությունը չեմ հասկացել, թեև այնտեղ կար նաև անգլերեն հատված, որի ընթացքում քահանան  քարոզ էր կարդում սոցիալական և բարոյական որոշ հարցերի մասին: Ես մեծամասամբ դրանք չէի լսում: Բացի այս ամենից՝ մեր ընտանիքում կրոնի դերը շատ մեծ չի եղել:

-«Սթենֆորդի  փիլիսոփայությունը՝ կրթական համատեքստում»  հանրագիտարանը քննադատական մտածողությունը սահմանում է որպես կիրառական ծրագիր, որն օգնում է հասնել կրթական նպատակին: Ո՞րն է քննադատական մտածողության Ձեր սահմանումն ու խնդիրների լուծման բանաձևը:

-Ես կիրառում եմ Ամերիկյան փիլիսոփայական ասոցիացիայի 1990 թ. սահմանումը, որը համարվում է չափանիշային: Այն հետևյալն է՝ իդեալական քննադատական մտածողը նա է, ով հետաքրքրասեր է, լավ տեղեկացված, վստահում է պատճառաբանված, լայնախոհ է, ճկուն, արդարամիտ է իր գնահատականների մեջ, ազնիվ՝ իր անձնական նախապաշարմունքներում, խելամիտ է անձնական դատողություններում, պատրաստ է վերանայելու իր հայացքները, հարցերը սահմանում է հստակ, կարգապահ է բարդ հարցերի լուծման մեջ, ջանք չի խնայում արժեքավոր տեղեկատվություն ձեռք բերելու համար, չափորոշիչների ընտրությունը պատճառաբանված է կատարում, կենտրոնացած է հետազոտությունների վրա, հետևողական է, որ  արդյունքները  նույնքան ճշգրիտ լինեն, որքան ինքը՝ խնդրի առարկան և հարցման թույլտվության հանգամանքները:

Եթե ուզում ես դառնալ քննադատական մտածողության տեր անձնավորություն, կարիք չկա հեծանիվ հորինելու: Պետք է առաջնորդվել հենց այս սահմանմամբ: Օրվա վերջում գտիր այն հատուկ բաները, որ դու լավ ես արել, և այն եղանակները, որոնցով կարող ես բարեփոխել: Հաջորդ օրն արձանագրիր թերությունները և շարունակիր հաջողությունները: Գործողությունը կրկնել ամեն օր:

- Ինչպե՞ս ուսանողներին քննադատական մտածողություն սովորեցնել: Կպատմե՞ք Ձեր մեթոդների մասին:

-  Ուսանողներին քննադատական մտածողություն սովորեցնելու մի անսովոր մեթոդ ունեմ. ես ներկայացնում եմ խնդրի մասին մտածելու եղանակը և հրավիրում եմ ուսանողներին վիճարկելու սեփական համոզմունքները: Այդ մասին առավել մանրամասն գրել եմ իմ հոդվածում այստեղ և իմ ապագա գրքում՝ փորձելով սովորեցնել ուսանողներին, թե ինչպես քաղաքակիրթ շփվել սեփական կամ այլոց համոզմունքները ստուգելիս:

- Հավատու՞մ եք փիլիսոփայության մեջ օբյեկտիվ ճշմարտության գոյությանը:

- Այո՛: Գիտելիքի ձեռքբերման համեմատաբար լավ ու վատ ճանապարհներ կան: Երբ հասկանում ես, որ կան աշխարհի ճանաչման ավելի վատ տարբերակներ, նշանակում է, որ կան աշխարհի ճանաչման ավելի լավ տարբերակներ: Օրինակ՝ ենթադրենք՝ դու ուզում ես իմանալ, թե որ աստիճանում է թուղթն այրվում: Սա անելու ամենավատ տարբերակն այծին մեքենայի վրա զոհաբերելն է, ինչն էլ հաստատում է, որ կա խնդրի լուծման ավելի լավ տարբերակ: Սա այն ճշմարտությունն է, որը պետք է իմանալ գոնե այս մասնավոր խնդրի դեպքում:

Գիտությունն ամենալավ ճանապարհն է, որով կարելի է գիտելիք ձեռք բերել: Սակայն դա չի նշանակում, որ մենք միշտ ճիշտ պատասխաններն ենք ստանում, կամ նույնիսկ մեր լավագույն մտքերը սերունդների համար սխալմունք չեն լինելու, օրինակ՝ Ֆլոգիստոնի ուսմունքը (հեղ. այրելիության վարկածային սկիզբը՝ XVIII դ․, որը ենթադրում էր, որ այրման կամ շիկացման ժամանակ ֆլոգիստոնն անջատվում է նյութերից, ինչով և բացատրվում էր մետաղների կշռի աճը։ XVIII դ․ վերջին ֆլոգիստոնի մասին վարկածը հերքվեց Անտուան Լավոազիեի աշխատանքներով) կամ արյունաթողությունը՝ որպես բուժման մեթոդ:

Այսպիսով,  մեզ հասանելի են դառնում գործիքներ, որոնցով կարող ենք ավելի քիչ սխալվել:

Կարծում եմ, որ գոյություն ունեն նաև բարոյական ճշմարտություններ, և այդ բարոյական փաստերը ճանաչելի են դառնում՝ որոշակի պատճառներից ելնելով:

Փիլիսոփա Ռոլզ Ջոնն առաջարկում է մտավոր գիտափորձ բարոյական ճշմարտությունները զարգացնելու համար, ինչը շատ օգտակար միջոց է բարոյական հարցերի մասին մտածելու ժամանակ:

Սոկրատեսը նույնպես առաջարկում էր շատ արդյունավետ միջոց՝ զարգացնելով բարոյական եզրակացությունների պատճառաբանումը:

-Ինչու՞ է մարդը հավատում Աստծուն:  Ի՞նչն է ստիպում մարդուն իր կյանքն Աստծուն նվիրել:

-Մարդն Աստծուն հավատալու շատ պատճառներ ունի, դրանցից են՝ մշակույթը, ավանդույթը, հարմարավետությունը, վախը, համապատասխանությունը: Իմ առաջին գիրքը՝ «A Manual for Creating Atheists»-ը («Աթեիստների համար ստեղծված ձեռնարկ»), մանրամասնում է այդ պատճառները, և իմ առցանց «app»-ն օգնում է օգտատերերին կարգավորել հավատացյալների հետ զրույցները:

Ես, ճիշտն ասած, չհասկացա, թե ինչ նկատի ունեք՝ կյանքն Աստծուն նվիրել ասելով: Ենթադրենք՝ Դուք քրիստոնյա եք, միգուցե Ձեր հարցին պատասխանելու եղանակներից է  նույն հարցը կրոնական այլ հավատքի հետևորդներին տալը, օրինակ՝ ի՞նչն  է ստիպում մարդուն իրեն նվիրել Ալլահին, Շիվային կամ Զևսին:

-Օգնո՞ւմ է արդյոք հավատը հասարակությանը զարգանալ:

Եթե ոչ ոք ոչ մի բանի չհավատար, մենք բոլորս մահացած կլինեինք: Եթե ես չհավատայի, որ խմելու միջոցով վերջ կտամ ծարավին, չէի խմի: Այսպիսով,  հավատը կյանքում անփոխարինելի է:

 Հարցն այն է, թե արդյոք իմ՝ հավատի նկատմամբ տածած վստահությունն արդարացվա՞ծ է իմ ունեցած փաստերով, այս հարցին կարելի է պատասխանել միայն ազնիվ ինքնավերլուծության միջոցով:

- Ի՞նչ գիտեք Հայաստանի կրոնական պատմության մասին:

- Ոչ այնքան շատ, ինչքան պետք է իմանայի:

 

- Կա՞ ինչ-որ բան, որ կցանկանայիք ավելացնել:

- Այո՛: Հայրս դարձավ զինվորական և ստացավ ԱՄՆ բանակի կապիտանի կոչում: Նա աներևակայելիորեն երախտապարտ էր, քանի որ Միացյալ Նահանգներն օգնեց փրկվել Եղեռնից մազապուրծ հորս և մորս: Նա ուզում էր վերադարձնել այն պարտքը, որն այդպես էլ ամբողջապես վերադարձնել և լիովին մարել հնարավոր չէր:

Ինձ ցավ է պատճառում այդ մասին գրելը, բայց ես կարծում եմ, որ մեր երախտագիտության ու պարտքի զգացումը մենք մեծամասամբ կորցրել ենք: Ինքնազոհության արժեքն ու հայրենիքին ծառայելն արդեն անցյալի մնացորդներ են:

Երբ մենք կորցնում ենք այս առաքինությունները, կորցնում ենք հիմքային մի բան՝ հասարակության մեջ մեր դերն իմանալու մասին: Մենք կորցնում ենք այն գաղափարը, որ կարող ենք ավելի լավ մարդ, ավելի լավ քաղաքացի լինել:

Մենք մերժեցինք այն միտքը, որ կարող էինք ինչ-որ անսովոր բան ստեղծել տքնաջան աշխատանքով, արյամբ և լացով, և որ մենք կարող էինք կատարել «փայլուն քաղաք՝ բլրի վրա» ամերիկյան խոստումը:

Ահա թե ինչ էր հայտարարել նախագահ Ռեյգանը. «Իմ մտքում այն բարձր, հպարտ քաղաքն էր, որը կառուցված էր ժայռերի վրա և ավելի ուժեղ էր, քան օվկիանոսները, քան քամիները, այն Աստծո օրհնությունն ունեցող քաղաք էր, ամեն տեսակ մարդկանց հետ լեզու գտնող, ներդաշնակության և խաղաղության մեջ ապրող մեկը, որի ազատ նավահանգիստները խթանում են առևտուրն ու  ստեղծագործականությունը: Եվ եթե պետք է կառուցվեն քաղաքային պատեր, ապա այդ պատերն ունենալու են դռներ, և այդ դռները բաց են լինելու բոլոր նրանց համար, ովքեր ունեն այնտեղ հասնելու ամուր կամք և սիրտ»:

Որպես հայկական ծագմամբ ամերիկացի՝ ես մշտապես երախտապարտ կլինեմ, որ ԱՄՆ-ն իմ տատիկին ու պապիկին կացարան է տվել: Երբ ես փոքր տղա էի, ամեն անգամ՝ բժշկական գրասենյակ գնալիս, իմ հայրն ինձ բարձրացնում էր, և մենք հայկական անուններ էինք փնտրում ու անպայման գտնում էինք: Իմ հայրն այդ ժամանակ ասում էր. «Այս երկրում ինչքան քիչ հայեր կան, բայց տես՝ ինչքան մեծ ներդրում մենք ունենք: Դու պետք է հենց այդ մարդկանցից մեկը լինես: Ավելի շատ տուր, քան կարող ես վերցնել: Աշխատիր: Միշտ հիշիր, թե ով ես դու, որտեղից ես գալիս, և ինչ է տվել քեզ այս երկիրը»: Սրանք դասեր են, որոնք երբեք չեմ մոռանա և ես անչափ շնորհակալ եմ նրանց, ովքեր զոհաբերել են իրենց հանուն այն կյանքի, որ ես ունեմ հիմա:

 

Անի Պողոսյան

Այլ նորություններ
ԱԿԱՆԱՎՈՐ ՊՐՈՖԵՍՈՐ, ԱՍՏՂԱՖԻԶԻԿՈՍ ԲՈՐԻՍ ԳԱՆՍԻԿԵՆ ԵՊՀ-ՈՒՄ ՀԱՆԴԵՍ Է ԵԿԵԼ ԲԱՑ ԶԵԿՈՒՑՄԱՄԲ
ԵՊՀ գիտխորհրդի նիստերի դահլիճում այսօր բաց զեկուցմամբ հանդես է եկել Ուորվիքի համալսարանի ֆիզիկայի ֆակուլտետի ականավոր պրոֆեսոր Բորիս Գանսիկեն։
«ՉԿԱ ԼԱՎ ԴԱՍԱԽՈՍ ԱՌԱՆՑ ՀԱՋՈՂ ԳԻՏՈՒԹՅԱՆ, ԵՎ ՉԿԱ ՀԱՋՈՂ ԳԻՏՆԱԿԱՆ ԱՌԱՆՑ ԼԱՎ ԴԱՍԱԽՈՍՈՒԹՅԱՆ». ԱՐՄԵՆ ԹՌՉՈՒՆՅԱՆՆ ԱՐԺԱՆԱՑԵԼ Է «ՄՈԶԵԼԻՈ ՇԵԽՏԵՐԻ ՄՐՑԱՆԱԿԻՆ՝ ԶԱՐԳԱՑՈՂ ԵՐԿՐՆԵՐԻ ՄԱՆՐԷԱԲԱՆՆԵՐԻ ՃԱՆԱՉՄԱՆ ՀԱՄԱՐ»
ԵՊՀ կենսաքիմիայի, մանրէաբանության և կենսատեխնոլոգիայի ամբիոնի վարիչ, ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ, կենսաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Արմեն Թռչունյանն արժանացել է Ամերիկայի մանրէաբանական ընկերության (ASM, www.asm.org) 2020 թվականի մրցանակներից մեկին՝ «Մոզելիո Շեխտերի մրցանակին՝ զարգացող երկրների մանրէաբանների ճանաչմանհամար»: