14.11.2018 | 
Ուսանողական
ԱՅՑԵԼՈՒԹՅՈՒՆ-ԴԱՍԸՆԹԱՑ ՀԱՅԿԱԿԱՆ ՍԻԼԻԿՈՆԱՅԻՆ ՀՈՎԻՏ՝ «ՊԻՔՍԱՐՏ» ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆ
ԱՅՑԵԼՈՒԹՅՈՒՆ-ԴԱՍԸՆԹԱՑ ՀԱՅԿԱԿԱՆ ՍԻԼԻԿՈՆԱՅԻՆ ՀՈՎԻՏ՝ «ՊԻՔՍԱՐՏ» ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆ
ԵՊՀ շրջանավարտների և կարիերայի կենտրոնն այսօր կազմակերպել էր այցելություն-դասընթաց:

«ՊիքսԱրտ»-ը (PicsArt) լուսանկարների խմբագրիչ է՝ ստեղծված հայ ծրագրավորողների կողմից: Այն օգտատերերին թույլ է տալիս լուսանկարել և խմբագրել նկարները, կիսվել դրանցով «ՊիքսԱրտ»-ի համայնքի օգտատերերի հետ և այլ սոցիալական ցանցերում:

Խմբագրիչը լույս է տեսել 2011 թվականի նոյեմբերին, հիմնադիրներն են Հովհաննես Ավոյանը և Արտավազդ Մեհրաբյանը:

 

Դիզայներ Ժարլին Բաղումյանը պատմեց, թե ինչպես է կազմակերպվում աշխատանքային գործընթացը «ՊիքսԱրտ»-ում:

 

Տարբեր ֆակուլտետների ուսանողները ծանոթացան ընկերության կառուցվածքին, տեխնիկական գործիքներին, մարքեթինգային ռազմավարությանը:

 

Մարդկային ռեսուրսների բաժնի աշխատակիցներ Լուսինե Հարությունյանը և Վարդուհի Ջանոյանը ներկայացրին ընկերությունում աշխատանքի անցնելու հնարավորությունները, առավելությունները:

 

Լուսինե Հարությունյանը ներկայացրեց ընկերության մատրիքսային կառուցվածքը, որը թույլ է տալիս բաշխել ներուժը և հնարավորինս արդյունավետ այն օգտագործել:

 

Նրանք խոսեցին ընկերության նոր ձեռքբերման՝ արհեստական բանականության մասին, որը հնարավորություն է տալիս վերահսկել հավելվածի բովանդակությունը՝ զերծ պահելով օգտատերերին անընդունելի պատկերներից ու տեսարաններից, ինչպիսիք են բռնությունը, թմրադեղերի քարոզը:

 

Ինչպես ներկայացրեց Վարդուհի Ջանոյանը՝ «ՊիքսԱրտ»-ի նոր շուկան Չինաստանն է, և այն համարվում է երկրում ոչ չինական հավելվածներից ամենաշատ օգտագործվողը:

 

Նա անդրադարձավ ընկերության ամենակարևոր արժեքներից մեկին՝ թափանցիկությանը, որի ամենավառ ապացույցն է «no door policy»-ն՝ առանց դռների քաղաքականությունը. ընկերության թե՛ տնօրենը, թե՛ աշխատակիցներն աշխատում են միևնույն մեծ սենյակում:

 

Բացի դրանից՝ ընկերությունը կարևորում է սեփականատեր լինելու զգացողությունը և եռանդը ու մեծ ուշադրություն է դարձնում համաշխարհային միտումներին` դրանք ՝ «ՊիքսԱրտ»-ում ավելացնելու համար:

Մարի Ռաֆյան

 

Այլ նորություններ
ԵՊՀ ԿԵՆՍԱԲԱՆՈՒԹՅԱՆ ՖԱԿՈՒԼՏԵՏԻ ՈՒՍԱՆՈՂՆԵՐՆ ԱՅՑԵԼԵԼ ԵՆ ԱՐԹԻԿԻ ԹԻՎ 1 ՀԱՏՈՒԿ ԴՊՐՈՑ
ԵՊՀ կենսաբանության ֆակուլտետի ուսանողական խորհրդի նախաձեռնությամբ մարտի 24-ին կազմակերպվել էր բարեգործական այց Արթիկի թիվ 1 հատուկ դպրոց, որտեղ հաճախում են մտավոր և ֆիզիկական տարբեր խնդիրներ ունեցող երեխաներ:
«ԻՆՉՊԵՍ ԳՐԵԼ ԳԻՏԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔ». ՍԵՄԻՆԱՐ-ՔՆՆԱՐԿՈՒՄ՝ ԵՊՀ ՀԱՅ ԲԱՆԱՍԻՐՈՒԹՅԱՆ ՖԱԿՈՒԼՏԵՏՈՒՄ
ԵՊՀ հայ բանասիրության ֆակուլտետի դահլիճում այսօր տեղի «Ինչպես գրել գիտական աշխատանք» խորագրով սեմինար-քննարկում: