05.09.2019 | 
Հասարակություն
ՔԱՂԱՔԱԿԱՆ ՄՈՏԻՎՆԵՐԸ ՀԱՐՐԻ ՓՈԹԵՐԻ ՄԱՍԻՆ ՎԵՊԵՐՈՒՄ
ՔԱՂԱՔԱԿԱՆ ՄՈՏԻՎՆԵՐԸ ՀԱՐՐԻ ՓՈԹԵՐԻ ՄԱՍԻՆ ՎԵՊԵՐՈՒՄ
Մարիա Շտեյմանը, ով «Տնտեսագիտության բարձրագույն դպրոց» ազգային հետազոտական համալսարանի հումանիտար գիտությունների ֆակուլտետի պրոֆեսոր է, հետազոտել է Ջոան Ռոուլինգի գրքերը և դասախոսություն է կարդում վեպերում քաղաքական թեմաների մասին:

Ըստ պրոֆեսորի՝ հրաշագործ Հարրի Փոթերի և նրա արկածների մասին պատմող վեպերում քաղաքական թեմաները կապված են իշխանության խնդրի հետ, և դա արտահայտվում է տարբեր մակարդակներում:

Վեպերում իշխանության գլխավոր ներկայացուցիչը Մոգության նախարարությունն է, որը ժամանակի ընթացքում մեծ փոփոխություններ է կրում: Սկզբում այն վարչարար-վերահսկող օղակ է, որը շատ նման է անգլիական բյուրոկրատական համակարգին: Ռոուլինգի ստեղծած աշխարհում ամեն բան կարգավորվում է հրաշագործների ստորագրած պայմանագրով: Պայմանագրի համաձայն՝ հրաշագործները չպետք է ցուցադրեն իրենց կարողությունները հասարակ մարդկանց աշխարհում:

Ինչպես նշում է Մարիա Շտեյմանը, Հարրին հաճախ է խախտում պայմանագիրը, հիմնականում՝ ինքնապաշտպանությունից դրդված կամ թյուրիմացության պատճառով: Սա ցույց է տալիս, որ մարդիկ ցանկացած դեպքում մեղավոր են բյուրոկրատական համակարգի առջև:

Պրոֆեսորը բյուրոկրատական համակարգի մարմնավորում է համարում Դոլորես Ամբրիջին, ով սկզբում հադես է գալիս որպես տիպիկ բյուրոկրատ, հետևում է օրենքի տառին և փորձում օրենքի ուժով սաստել Հոգվարթսի ոգին: Նրա դեմ պայքարում են Ուիզլի երկվորյակները՝ սկզբնավորելով մի իսկական հակաամբրիջյան շարժում:



Յոթերորդ՝ «Մահվան պարգևները» գրքում Ամբրիջը դառնում է գլխավոր հերոս, նրան է վերապահված հրաշագործների և հասարակ մարդկանց ամուսնությունները դատապարտելը կամ արդարացնելը: Մեծ իշխանությունը բյուրոկրատի ձեռքում բացահայտում է նրա ամենավատ հատկանիշները: Նա, ինչպես դեմենտոր, սնվում է ուրիշների վախերով ու դժբախտությամբ: Երբ մարդիկ դադարում են հավասար լինել օրենքի առջև, սկսվում է իրարանցում: Այդպես եղավ «Մահվան պարգևները» գրքում:

Ըստ Մարիա Շտեյմանի՝ նույն գրքում Վոլան դե Մորտը փաստացի գալիս է իշխանության և դրսևորում իրեն ինչպես իսկական քաղաքական գործիչ՝ բառի վատագույն իմաստով: Հստակ երևում է, որ նա հեռավորություն է պահպանում մյուսներից, իր փոխարեն Մոգության նախարար է նշանակում խամաճիկի: Վոլան դե Մորտը կառավարում է վախի միջոցով:

«Մահվան պարգևները» գրքում Ռոուլինգը ստացել է լիարժեք հակաուտոպիա, որը, ի դեպ, շատ պարզեցված է ֆիլմերում: Մարդկանց կառավարում է վախը, Մոգության նախարարությունը փաստացի անձը ճնշող գործիք է դարձել:

Մարիա Շտեյմանը նկատում է, որ Մոգության նախարարության կերպարանափոխության ուշագրավ դրվագ է շատրվանի փոփոխությունը: Այն Մոգության նախարարության ութերորդ մակարդակում էր՝ Ատրիումի մեջտեղում:

Շատրվանի կենտրոնում կին և տղամարդ հրաշագործների, կենտավրոսի, գոբլինի և տնային էլֆի արձաններն էին:



«Մահվան պարգևները» գրքում շատրվանը փոխված է. կին և տղամարդ հրաշագործները նստած են հասարակ մարդկանց մարմիններից կառուցված գահին: Այստեղ հստակ է ռասիզմը՝ «Մոգությունն ուժ է» կարգախոսով: Ստացվում է, որ մոգություն, իշխանություն, ռեսուրսներ ունեցողը կարող է կառավարել մյուսներին, ինչպես որ ցանկանա:

Պրոֆեսորը նշում է նաև Ջոան Ռոուլինգի՝ լրագրողների իշխանությանը մեծ տեղ տալը: Ինչպես Մեծ Բրիտանիայում, այնպես էլ վեպի հեղինակի ստեղծած աշխարհում քաղաքական լրագրությունը կարևոր ազդեցություն է ունեցել մարդկանց վրա:

Իր դասախոսության ընթացքում Մարիա Շտեյմանը անդրադառնում է նաև Ռիտա Սթիկերի կերպարին, որը տարբեր է գրքերում և ֆիլմերում: Նա լրագրող է, որի համար միևնույն է՝ ինչի մասին գրել: Նա մանիպուլացնում է հանրային կարծիքը՝ «Հրե գավաթը» գրքում Հերմիոնային ներկայացնելով մեկ դրական, մեկ բացասական լույսի ներքո:

Ռիտա Սթիկերի միջոցով է Հարրին պատմում մարդկանց, թե ինչպես է հանդիպել Վոլան դե Մորտին:


Յոթերորդ գրքում Ռիտա Սթիկերը ներկայացնում է Դամբլդորին աղավաղված կերպարով, և անգամ ինչ-որ մի պահի Հարրին էլ է հավատում լրագրողի գրածներին: Պատճառն այն է, որ Դամբլդորը ևս հողեղեն է: Եթե ուշադիր լինենք, կտեսնենք, որ Սթիկերը չի աղավաղում փաստերը, այլ ուղղակի ներկայացնում է բացասական լույսի ներքո:

Երկրորդ՝ «Գաղտնիքների սենյակը» գրքից սկսած՝ մենք տեսնում ենք ռասայական խտրականություն պղտորարյունների և մաքրարյունների միջև: Պղտորարյուն է կոչվում այն երեխան, որի միայն մեկ ծնողն է հրաշագործ, իսկ մաքրարյունների երկու ծնողն էլ հրաշագործ են: Այս խտրականության դեմ պայքարի լավագույն միջոցը դրան չմասնակցելն է և հրաշագործներին ըստ ծագման չտարբերակելը:

Երեք հրաշագործների մրցաշարը, որը մանրամասնորեն նկարագրված է «Հրե գավաթը» գրքում, տարբեր երկրների և մշակույթների համագործակցություն է:



Մրցում են երեք դպրոցներ՝ անգլիական ոճի Հոգվարթսը, ֆրանսիական ոճի Շարմբատոնը և հյուսիսային Դուրմստրանգը, որը գերմանական և սլավոնական ոճերի խառնուրդ է: Վեպի կարևորագույն նվաճումներից մեկը դպրոցականների համագործակցությունն է՝ չնայած մշակութային տարբերություններին:

Մարիա Շտեյմանը Հարրի Փոթերի մասին վեպերի առանձնահատկություններից է համարում նաև այն, որ հեղինակ Ջոան Ռոուլինգը չի ստորադասում մի մշակույթը մյուսին: Ֆլյոր Դելակուրը ֆրանսիական արտասանություն ունի, բայց դա երբեք բացասական ընկալումների տեղիք չի տալիս:

Ինչպես պրոֆեսոր Շտեյմանը, այնպես էլ Ռոուլինգն առանցքային են համարում միասնության գաղափարը, քանի որ մոտեցող վտանգի առջև բոլորը հավասար են, և չար ուժերը հնարավոր է հաղթահարել միայն համագործակցելով:

 

Մարի Ռաֆյան



Այլ նորություններ
«ԷՄԻՐԱԹՑՈՒ ԻՆՔՆՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՆՐԱ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԵՎ ՊԱՏՄԱԿԱՆ ԱՐՄԱՏՆԵՐԸ: ԱՄԷ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ». ՀԱՄԱԴ ԲԻՆ ՍԱՐԱՅԸ ԴԱՍԱԽՈՍՈՒԹՅՈՒՆ Է ԿԱՐԴԱՑԵԼ ԵՊՀ-ՈՒՄ
ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետն այսօր հյուրընկալել էր ՀՀ-ում Արաբական Միացյալ Էմիրությունների արտակարգ և լիազոր դեսպան Ն.Գ. պարոն Մուհամմադ ԱլԶաաբիին, դեսպանության հյուպատոս Ահլամ Ալ Սալամիին և ԱՄԷ համալսարանի հասարակագիտական ֆակուլտետի դասախոս Համադ բին Սարային, որը հանդես եկավ դասախոսությամբ:
«ՉՆԱՅԱԾ ՀԱՅԱՍՏԱՆԸ ՓՈՔՐ ԵՐԿԻՐ Է, ՍԱԿԱՅՆ ՀԱՅԵՐԸ ԽԵԼԱՑԻ ԱԶԳ ԵՆ». ՂԱԶԱԽՍՏԱՆԻ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏՆ ԱՅՑԵԼԵԼ Է ԵՊՀ
Ղազախստանի Հանրապետության պատվիրակությունը՝ ի դեմս փոխվարչապետ Սապարբաև Բերդիմբեկի, այսօր հյուրընկալվել էր ԵՊՀ ղազախական մշակույթի, պատմության և լեզվի կենտրոնում: