22.02.2019 | 
Գիտություն
2018 Թ. ԳԱՐՆԱՆ ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅՈՒԹՅԱՆ ԱՐՁԱԳԱՆՔՆԵՐԻ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ. ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ «ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ՏԵՂԵԿԱԳՐԻ» ՆՈՐ ՀԱՏՈՐԸ
2018 Թ. ԳԱՐՆԱՆ ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅՈՒԹՅԱՆ ԱՐՁԱԳԱՆՔՆԵՐԻ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ. ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ «ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ՏԵՂԵԿԱԳՐԻ» ՆՈՐ ՀԱՏՈՐԸ
ԵՊՀ քաղաքակրթական և մշակութային հետազոտությունների կենտրոնում այսօր տեղի ունեցավ «Վերլուծական տեղեկագիր» հանդեսի նոր՝ «2018 թ. իրադարձությունները Հայաստանում. ցանցային մտածողություն» խորագրով հատորի շնորհանդես-քննարկումը:

«Վերլուծական տեղեկագիր» հանդեսում է, որ պարբերաբար հրատարակվում են ԵՊՀ քաղաքակրթական և մշակութային հետազոտությունների կենտրոնի կողմից իրականացվող հետազոտությունների արդյունքները:  Հանդեսի նոր լուսընծայված հատորը կրում է «2018 թ. իրադարձությունները Հայաստանում. ցանցային մտածողություն» խորագիրը, որում ամփոփված են 8 հոդվածներ:

 

Միջոցառման սկզբում ԵՊՀ քաղաքակրթական և մշակութային հետազոտությունների կենտրոնի ղեկավար և հանդեսի գլխավոր խմբագիր Դավիթ Հովհաննիսյանը նշեց, որ այս վերլուծականը բավականին կարևոր նշանակություն ունի. «Այն նվիրված է համայնքների արձագանքին՝ կապված այն իրադարձություններին և խնդիրներին, որոնք տեղի ունեցան Հայաստանում անցած գարնանը»:

 

Կենտրոնի ղեկավարը փաստեց, որ ժողովածուում ներառված հոդվածներից երեքը  տեսական են, իսկ մնացածը՝ նյութի ուսումնասիրություններ. «Տեղեկատվությունը հիմնականում համացանցի միջոցով է հավաքագրվել, շատ դեպքերում տեսազանգերի օգնությամբ հարցազրույցներ են անցկացվել: Այդ ստացված տեղեկատվության վերլուծությունն էլ արտացոլված է ժողովածուում»:

 

 

Այնուհետև կենտրոնի  կրտսեր գիտաշխատող, պարբերականի խմբագրակազմի անդամ Աննա Գևորգյանն անդրադարձավ տպագրված նոր հատորում տեղ գտած հոդվածներին և դրանց հարցադրումներին՝ նշելով, որ հարցին, թե ինչու է ուսումնասիրված նյութը կարևոր, պատասխանում է համարի առաջին հոդվածը:

 

«Դավիթ Հովհաննիսյանի հեղինակած հոդվածում, որը հեղինակի կարդացած դասախոսության սղագրությունն է, նշվում է, որ այժմ մենք ապրում ենք մի դարաշրջանում, որտեղ մեր «հիմա»-ն գնահատվում է որպես «ինֆորմացիոն շոկի դարաշրջան»: Այժմ տեղեկատվության ծավալն այնքան շատ է, որ դրա զտումը չափազանց մեծ ճիգեր է պահանջում: Այս ժամանակաշրջանում ավելի է կարևորվում ցանցերի և ցանցապետությունների համատեքստը»,- պարզաբանեց Աննա Գևորգյանը:

 

Նրա հավաստմամբ, հոդվածագիրն առաջ է քաշում մի տեսություն, որի համաձայն՝ ցանցերը կարելի է բաժանել երեք տիպի. տեքստ և կենտրոն ունեցող ցանցեր, միայն կենտրոն ունեցող ցանցեր և միայն տեքստ ունեցող ցանցեր: 

 

«Եթե նշված տեսանկյունից նայենք հայերին և Հայաստանին, հարց է առաջանում, թե ինչպես կարող ենք տեղավորել երևույթները ցանցի, ցանցայնության ու ցանցապետության համատեքստում: Ո՞րն է տեքստ, ո՞րն է կենտրոնը: Եթե այն իրադարձությունները, որոնք տեղի ունեցան անցած տարվա գարնանը և որոշակի փոփոխություն մտցրին տեքստի մեջ, ապա ինչպե՞ս են արձագանքել ցանցի մյուս հատվածները: Մեզ համար հետաքրքրական էր, թե ինչպես են ցանցի այդ մյուս հատվածները վերաիմաստավորել կապերը կենտրոնի հետ»,- ասաց կենտրոնի գիտաշխատողը:

 

 

Ժողովածուում ներառված տեսական հաջորդ հոդվածում, որի հեղինակը Նվարդ Մանասյանն է, քննարկվում է  օրենքից դուրս (մասնավորապես օրինազանց) գտնվող հաղորդակցության տեսակները սոցիալական խմբերում և դրանց ազդեցությունը հաղորդակցության մյուս տեսակների վրա՝ առաջնորդվելով Հեյդերի հավասարակշռության տեսության ու դրա հիման վրա իրականացված փորձարարական հաշվարկների վրա, ինչպես նաև փորձում ուրվագծել հնարավոր լուծումներ:

 

Իսկ ահա Նունե Դիլանյանի հեղինակած տեսական հոդվածում անդրադարձ է կատարվում 21-րդ դարի ցանցային կրթությանը, դրա մարտահրավերներին և հնարավորություններին:

 

 

Ժողովածուում ներառված մյուս հոդվածներում ներկայացված են արդեն Մոսկվայի հայերի, Կրասնոդարի երկրամասի հայկական համայնքի, Իրանի և իրանահայերի, ֆրանսահայերի և ամերիկահայերի արձագանքների վերլուծությունները, որոնք, ըստ հոդվածագիրների, բազմաթիվ նոր հարցադրումներ են առաջ քաշում:

 

Տեղեկացնենք, որ նոր ժողովածուն նախատեսված է քաղաքագետների‚ մշակութաբանների‚ սոցիոլոգների‚ ազգագրագետների‚ հայագետների, արևելագիտական, պատմական և միջազգային հարաբերությունների բաժինների ուսանողների, ինչպես նաև ընթերցող լայն շրջանակի համար:

 

Քնար Միսակյան

Այլ նորություններ
ՂՐՂԶՍՏԱՆՈՒՄ ԱՆՑԿԱՑՎԵԼՈՒ Է ԵԱՏՄ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԱՄԵՆԱՄԵԾ «ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՇԱԲԱԹ-2019» ԽՈՐԱԳՐՈՎ ՀԱՄԱԺՈՂՈՎԸ
Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) գործարարները և ակտիվ երիտասարդները հանդիպելու են մեկ հարթակում՝ քննարկելու տնտեսական ինտեգրման և բիզնես համագործակցության հարցերը, որին հեռակա կարգով կարող են մասնակցել նաև ԵՊՀ տարբեր ֆակուլտետների դասախոսներ, երիտասարդ գիտնականներ, ասպիրանտներ և փորձագետներ:
ԼՈՒՅՍ ԵՆ ՏԵՍԵԼ «ԵՊՀ ՈՒԳԸ ԳԻՏԱԿԱՆ ՀՈԴՎԱԾՆԵՐԻ ԺՈՂՈՎԱԾՈՒ» ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ԳԻՏԱԿԱՆ ՊԱՐԲԵՐԱԿԱՆԻ 2019 ԹՎԱԿԱՆԻ ԱՌԱՋԻՆ ՀԱՄԱՐՆԵՐԸ
ԵՊՀ գիտխորհրդի նիստերի դահլիճում այսօր տեղի ունեցավ «ԵՊՀ ՈՒԳԸ գիտական հոդվածների ժողովածու» երիտասարդական գիտական պարբերականի Բնական և ֆիզիկամաթեմատիկական գիտությունների 1.1 (27), Հումանիտար և հասարակական գիտությունների 1.2 (28) համարների շնորհանդեսը: