03.11.2017 | 
Հասարակություն
ԹՈՒՐՔՄԵՆՍՏԱՆԻ ՆԱԽԱԳԱՀԻ ԳՐՔԻ ՇՆՈՐՀԱՆԴԵՍԸ ԵՊՀ-ՈՒՄ
ԹՈՒՐՔՄԵՆՍՏԱՆԻ ՆԱԽԱԳԱՀԻ ԳՐՔԻ ՇՆՈՐՀԱՆԴԵՍԸ ԵՊՀ-ՈՒՄ
Այսօր ԵՊՀ գիտխորհրդի նիստերի դահլիճում տեղի ունեցավ Թուրքմենստանի նախագահ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովի «Թուրքմենստան. Մեծ մետաքսի ճանապարհի սիրտ» գրքի շնորհանդեսը:

Միջոցառումը կազմակերպվել էր ԵՊՀ միջազգային համագործակցության վարչության և ՀՀ-ում Թուրքմենստանի դեսպանության համատեղ ջանքերով:

 

Շնորհանդեսին ներկա էին ՀՀ-ում Թուրքմենստանի արտակարգ և լիազոր դեսպանը, դեսպանատան աշխատակիցներ, ԵՊՀ ռեկտորը, պրոֆեսորադասախոսական կազմի ներկայացուցիչներ, ուսանողներ և ուրիշներ:

 

 

Բացման խոսքով հանդես եկավ ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը: Նա որջունեց բոլոր ներկաներին և նշեց, որ այսօր նաև  «Թուրքմենստան. բարգավաճման և զարգացման  25 տարի» գիտական համաժողովի բացումն է. «Պետք է ասեմ, որ մեզ մոտ արդեն բարի ավանդույթ է ձևավորվել այստեղ՝ համալսարանում, նշել հարգարժան Գուրբանգուլի Բերդիմուհամեդովի գրքերի լույսընծայումը: Նախևառաջ Մետաքսի մեծ ճանապարհը քաղաքակրթության ճանապարհն է, որը մեծ դերակատարում է ունեցել ոչ միայն առևտրի զարգացման գործում, այլև ազգերի, քաղաքակրթությունների շփման մեջ»

:

Պարոն Սիմոնյանը խոսեց նաև Հայաստանի համար Մետաքսի ճանապարհի կարևորության մասին՝ ընդգծելով, որ  միջին դարերում այն կենսական նշանակություն է ունեցել տնտեսության զարգացման, բարգավաճման համար:

 

ՀՀ-ում Թուրքմենստանի արտակարգ և լիազոր դեսպան Մուհամետնիյազ Մաշալովը շնորհակալություն հայտնեց բոլորին գրքի շնորհանդեսին մասնակցելու հրավերն ընդունելու և ներկա գտնվելու համար. «Թուրքմենստանում ավանդույթ է ձևավորվել  ամեն տարին կոչել ինչ-որ անունով. այս տարին կոչել ենք «Թուրքմենստան. Մեծ մետաքսի ճանապարհի սիրտ»: Նախագահ Բերդիմուհամեդովի՝ համապատասխան անունով գիրքն արտացոլում է մեր երկրի զարգացման ժամանակակից հայեցակարգը՝ հիմնված պատմական փորձի, բարեկամության, թուրքմեն ժողովրդի հոգևոր ժառանգության հարգման վրա»: 

 

Դեսպանը նշեց, որ գրքի հիմնական գաղափարը միջազգային ասպարեզում չեզոք Թուրքմենստանի նախաձեռնող ու կառուցողական դիրքորոշման իմաստավորումն է իր պատմական ուղու պրիզմայով:

 

ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի թյուրքագիտության ամբիոնի վարիչ Ալեքսանդր Սաֆարյանն իր խոսքում նշեց. «Դժվար է առանց հուզականության խոսել նրանց մասին, ովքեր ծանոթ են Թուրքմենստանին, թուրքմենական մշակույթին, ժողովրդին: Մեզ համար շատ հոգեհարազատ են թուրքմեն դասական հեղինակների գործերը և այն ամենը, ինչը կապված է այդ երկրի մշակույթի հետ»:

 

 

Ալեքսանդր Սաֆարյանը նույնպես արժևորեց Մետաքսի ճանապարհի դերակատարությունը միջնադարյան Հայաստանի և համաշխարհային քաղաքակրթության զարգացման գործում:

 

ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը հիշեցրեց, որ Թուրքմենստանի նահագահ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովի՝ Հայաստան կատարած պաշտոնական այցի շրջանակներում ինքը և Թուրքմենստանի պետական համալսարանի ռեկտորը ստորագրել էին  համագործակցության պայմանագիր: Արամ Սիմոնյանը հույս հայտնեց, որ կնքված պայմանագիրը խթան կհանդիսանա ոչ միայն Թուրքմենստանի պետական համալսարանի հետ երկկողմ շփումների համար, այլև կնպաստի թուրքմենական այլ բուհերի հետ պարբերական շփմանը:

Այլ նորություններ
ՍԱՀՄԱՆԱՄԵՐՁ ՉՈՐԱԹԱՆ ՀԱՄԱՅՆՔԸ՝ ԵՊՀ ՈՒՇԱԴՐՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆՈՒՄ
Գաղտնիք չէ, որ սահմանամերձ գյուղերում ապրող մարդիկ հայրենիքի պաշտպանության գործում կատարում են նույն դերը, ինչ սահմանին կանգնած զինվորը: Այնտեղ ապրող մարդն իր գոյությամբ ու կենսակերպով սահմանը դարձնում է կենսունակ ու շնչող:
ՄԱՅՐ ԲՈՒՀՈՒՄ  ՖՐԱՆԿՈՖՈՆ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻ ՀԱՄԱՐ ԲԱՑՎԵՑ ԵՊՀ ԱԿԱԴԵՄԻԱԿԱՆ ՆՎԱՃՈՒՄՆԵՐԻ ԿԵՆՏՐՈՆ
Այսօր Մայր բուհի ռոմանագերմանական բանասիրության ֆակուլտետում տեղի ունեցավ ԵՊՀ ակադեմիական նվաճումների կենտրոնի բացման հանդիսավոր արարողությունը: