13.03.2015 | 
Քաղաքականություն
ԵՊՀ-Ն ԱՆՄԱՍՆ ՉԻ ՄՆԱԼՈՒ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-ՐԴ ՏԱՐԵԼԻՑԻՆ ՆՎԻՐՎԱԾ ՄԻՋԱՑԱՌՈԻՄՆԵՐԻՑ
ԵՊՀ-Ն ԱՆՄԱՍՆ ՉԻ ՄՆԱԼՈՒ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-ՐԴ ՏԱՐԵԼԻՑԻՆ ՆՎԻՐՎԱԾ ՄԻՋԱՑԱՌՈԻՄՆԵՐԻՑ
Համալսարանականները ներկայացրին Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի շրջանակներում ԵՊՀ-ի կողմից իրականացվող միջոցառումները:

Այսօր ԵՊՀ հայագիտական հետազոտությունների ինստիտուտի (ՀՀԻ) քննարկումների սրահումտեղի ունեցած մամուլի ասուլիսը վարեցին Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցին նվիրված ԵՊՀ միջոցառումների նախապատրաստական աշխատանքները համակարգող հանձնաժողովի նախագահի տեղակալ, ԵՊՀ ՀՀԻ փոխտնօրեն Մհեր Հովհաննիսյանն ու ԵՊՀ հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչության պետ Կարեն Գրիգորյանը:

 

«Հայտնի է, որ համալսարանականները միշտ էլ ակտիվ մասնակցել են Հայոց ցեղասպանությանն առնչվող միջոցառումներին, ինչպես նաև հանդես են եկել նախաձեռնողների դերում, ուստի Հայոց մեծ եղեռնի 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումների շրջանակներում Մայր բուհը չէր կարող անմասն մնալ»,- նշեց Կարեն Գրիգորյանը և հավելեց, որ 1960-ական թվականներին հենց համալսարանականների ջանքերով և վերջիններիս մասնակցությամբ տեղի ուենցան Հայոց ցեղասպանությանը նվիրված աննախադեպ ակցիաներ ու մի շարք միջոցառումներ:

 

Այնուհետև ԵՊՀ ՀՀԻ փոխտնօրեն Մհեր Հովհաննիսյանը բավականին մանրամասն անդրադարձավ ՀՀԻ «Ցեղասպանագիտություն» մագիստրոսական ծրագրին, Հայոց ցեղասպանության 100-ամյակի շրջանակում ԵՊՀ-Սփյուռք գործակցությանը, հրատարակած գրքերին ու աշխատություններին, ինչպես նաև ներկայացրեց genocide100.ysu.am և www.armeniansgenocide.am համացանցային նախագծերը:

 

Մասնավորապես Մայր բուհը սույն տարվա ընթացքում կազմակերպելու է շուրջ վեց տասնյակ միջոցառումներ, այդ թվում՝ գիտաժողովներ, հանդիպումներ, քննարկումներ, դասախոսություններ, հուշ-ցերեկույթներ, ցուցադրություններ, այցելություններ և այլն:

 

Հիմնական միջոցառումը կանցկացվի ապրիլի 21-ին, երբ հանդիսավոր արարողությամբ կբացվի ԵՊՀ երախտիքի ծառուղին: Նույն օրը ԵՊՀ գրադարանում տեղի կունենա նաև ցեղասպանության թեմային նվիրված սրահի բացում, որին կհաջորդի ԵՊՀ գիտխորհրդի ընդլայնված նիստը:

 

Անդրադառնալով գիտական հետազոտություններին և հրատարակություններին՝ ՀՀԻ փոխտնօրենը շեշտեց, որ անդրադարձ է լինելու նաև Մեծ եղեռնի ականատեսների, տարբեր միջազգային հարթակներում հանդես եկած գործիչների աշխատանքների՝ Հայաստանում վերահրատարակման գործընթացին:

 

«Ամեն կերպ փորձելու ենք տվյալ գրքերը հասանելի դարձնել և՛ ներքին, և՛ Սփյուռքի լսարանների համար: Հետազոտություններն իրականացնելիս հատուկ ուշադրություն ենք դարձրել այն գործերին, որոնք օտարալեզու են: Մասնավորապես այս պահին պատրաստում ենք և գրեթե ավարտին է հասցված Հայոց ցեղասպանության պատմաաշխարհագրական քարտեզը, որտեղ բացատրագրությունները նույնպես անգլերեն լեզվով են լինելու: Հրատարակման է պատրաստվում նաև Օսմաներենի դասագիրքը, որը նույնպես լուրջ ձեռքբերում է»,- նշեց Մհեր Հովհաննիսյանը:

 

Բանախոսները տեսապատկերների միջոցով ներկայացրին համացանցային նախագծերը և ընդգծեցին, որ յուրաքանչյուր ոք կարող է «ԵՊՀ-ն հիշում է և պահանջում» խորագիրը կրող genocide100.ysu.am վեբկայքի միջոցով տեղեկանալ իրականացվող միջոցառումներին և մասնակցել դրանց:

 

Հիշեցնենք, որ միջոցառումների կազմակերպման և համակարգման նպատակով բուհում ստեղծվել է հանձնաժողով, որը ղեկավարում է ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը: Համալսարանական հանձնաժողովում ընդգրկված են ոչ միայն պրոֆեսորադասախոսական կազմի ներկայացուցիչներ, այլև վարչական աշխատողներ և ուսանողներ: 

Այլ նորություններ
ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ  ՁԵՌՔԲԵՐՈՒՄՆԵՐԸ  ԿՐԹՈՒԹՅԱՆ  ՈԼՈՐՏՈՒՄ
Հայաստանի անկախացումից հետո հանրապետության կրթական ողջ համակարգի բարեփոխումը ժամանակի հրամայականն էր և առաջնահերթ նշանակություն պետք է ունենար երկրի հետագա զարգացման համար: Այս համատեքստում անհրաժեշտ էր ԵՊՀ-ի ընդհանուր գործունեությունն աստիճանաբար արմատապես վերափոխել, որն էլ սկիզբ առավ ՀՀ նախագահի 1992 թ. հրամանագրով: Համալսարանին շնորհվեց կրթական, գիտական և մշակութային ինքնավար հաստատության կարգավիճակ:
ԵՐԵՎԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ ՀԻՄՆԱԴՐՄԱՆ 101-ՐԴ ՏԱՐԵԴԱՐՁԻՆ ԸՆԴԱՌԱՋ. ԵՊՀ-Ն ԱԶԳԱՅԻՆ ԱԶԱՏԱԳՐԱԿԱՆ ՊԱՅՔԱՐԻ ԱՌԱՋԱՄԱՐՏԻԿ
1956 թ. փետրվարին տեղի ունեցած ԽՄԿԿ 20-րդ համագումարը, որ դատապարտեց անհատի պաշտամունքը, ԽՍՀՄ պատմության մեջ մտցրեց աննախադեպ բեկում. սկսվեց մի ժամանակաշրջան, երբ փոխվեց մարդկանց մտածելակերպը, աստիճանաբար ձևավորվեց այլախոհական մթնոլորտ: