02.05.2020 | 
Կրթություն
ՀՐԱՊԱՐԱԿՎԵԼ ԵՆ 2020-2021 ԱՌԿԱ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՏԱՐՎԱ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅԱՆ ՍԿԶԲՈՒՆՔՆԵՐԸ
ՀՐԱՊԱՐԱԿՎԵԼ ԵՆ 2020-2021 ԱՌԿԱ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՏԱՐՎԱ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅԱՆ ՍԿԶԲՈՒՆՔՆԵՐԸ
ՀՀ ԿԳՄՍ նախարարության կողմից սահմանված սկզբունքների համաձայն՝ 2020-2021 առկա ուսումնական տարվա ընդունելության դիմում-հայտերն ընդունվելու են առցանց:

Տեղեկացնենք, որ դիմորդներն ընդունելության քննության և մասնագիտությունների նշումով դիմում-հայտերը պետք է էլեկտրոնային (առցանց) եղանակով ԳԹԿ (Գնահատման և թեստավորման կենտրոն) ուղարկեն մայիսի 25-ից մինչև հունիսի 15-ը (ժամը 18.00)՝միասնական քննության համար ԳԹԿ-ի հաշվեհամարին փոխանցելով 1500 դրամ:

 

Դիմորդները պետք է ընդունելության դիմում-հայտում իրենց ընտրությամբ և ցանկացած հաջորդականությամբ հայտագրեն մասնագիտությունները՝ ըստ ուսուցման անվճար և վճարովի համակարգերի: 

 

Համաձայն ընդունելության դիմում-հայտի՝ դիմորդը կարող է մասնակցել մեկ կամ մի քանի բուհերի՝ մինչև երկու անվճար և մինչև ութ վճարովի մասնագիտությունների մրցույթին, եթե ընտրած բոլոր մասնագիտությունների համար սահմանված է ընդունելության մրցութային միևնույն առարկայի քննությունը:

 

Նշենք, որ դիմորդին չի թույլատրվելու ներկայացնել ընդունելության մեկից ավելի դիմում-հայտ: Բուհեր կարող են ընդունվել միջնակարգ, նախնական մասնագիտական կամ միջին մասնագիտական կրթություն ունեցող անձինք՝ առանց տարիքի սահմանափակման:

 

Միասնական և ներբուհական քննություններն անցկացվելու են մեկ փուլով՝ հուլիսի առաջին տասնօրյակում: Անվճար և վճարովի ուսուցման ընդունելության մրցույթներն անցկացվելու են երկու փուլով՝ հիմնական և լրացուցիչ:

 

Մասնագիտությունների մրցույթն անցկացվելու է ընդունելության դիմում-հայտի առաջին տողով ընտրված մասնագիտության՝ անվճար և վճարովի ուսուցման հայտի գերակայությամբ: Առաջին հայտագրված մասնագիտության մրցույթով չանցած դիմորդների համար մրցույթն անցկացվելու է ընդունելության դիմում-հայտում հայտագրված մասնագիտությունների հերթականությանը համապատասխան, եթե նշված մասնագիտություններում առկա լինեն թափուր տեղեր:

 

Ընդունելության դիմում-հայտում հայտագրված որևէ մասնագիտությամբ (ըստ հայտագրման հերթականության) ընդունված դիմորդը չի մասնակցելու հայտագրված հաջորդ մասնագիտությունների մրցույթին:

 

Անվճար և վճարովի ուսուցման մրցույթների հիմնական փուլի արդյունքներն ամփոփվելու են մինչև տվյալ տարվա հուլիսի 18-ը:

 

ԵՊՀ-ն հաջողություն է մաղթում բոլոր դիմորդներին:

Այլ նորություններ
ԵՊՀ-ՈՒՄ ՄԱԳԻՍՏՐԱՏՈՒՐԱՅԻ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅԱՆ ԴԻՄՈՒՄ-ՀԱՅՏԵՐՆ ԸՆԴՈՒՆՎՈՒՄ ԵՆ ԱՌՑԱՆՑ
ԵՊՀ գիտխորհրդի որոշմամբ մագիստրատուրայի ընդունելության հայտերն անհրաժեշտ է լրացնել առցանց:
ԵՊՀ-ՈՒՄ ԳՈՐԾԱՐԿՎՈՒՄ Է ԲԱԿԱԼԱՎՐԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՆՈՐ ԾՐԱԳԻՐ
ԵՊՀ ֆիզիկայի ֆակուլտետի պինդ մարմնի ֆիզիկայի ամբիոնը 2020 թ. սեպտեմբերից գործարկելու է «Նանոֆիզիկա և առաջատար տեխնոլոգիաներ» բակալավրական կրթական նոր ծրագիրը, որի անհրաժեշտության և հեռանկարների վերաբերյալ զրուցել ենք ամբիոնի վարիչ, ծրագրի ղեկավար, պրոֆեսոր Արշակ Վարդանյանի հետ: