04.07.2019 | 
Կրթություն
«ԱՄԱՌԱՅԻՆ ԴՊՐՈՑԸ ՓՈՐՁԻ ՓՈԽԱՆԱԿՄԱՆ, ՄՈՏԵՑՈՒՄՆԵՐԻ, ԳԱՂԱՓԱՐՆԵՐԻ ՍՏԵՂԾՄԱՆ ՀԱՐԹԱԿ Է». ՄԵԿՆԱՐԿԵՑ «ԿՐԹՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՀԻՄՆԱԽՆԴԻՐՆԵՐԸ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԿԱՐԳՈՒՄ» ԱՄԱՌԱՅԻՆ ԴՊՐՈՑԸ
«ԱՄԱՌԱՅԻՆ ԴՊՐՈՑԸ ՓՈՐՁԻ ՓՈԽԱՆԱԿՄԱՆ, ՄՈՏԵՑՈՒՄՆԵՐԻ, ԳԱՂԱՓԱՐՆԵՐԻ ՍՏԵՂԾՄԱՆ  ՀԱՐԹԱԿ Է». ՄԵԿՆԱՐԿԵՑ «ԿՐԹՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՀԻՄՆԱԽՆԴԻՐՆԵՐԸ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԿԱՐԳՈՒՄ» ԱՄԱՌԱՅԻՆ ԴՊՐՈՑԸ
ԵՊՀ Պալեանների անվան դահլիճում այսօր մեկնարկեց Մանկավարժության և կրթության զարգացման կենտրոնի կողմից կազմակերպված «Կրթության կառավարման հիմնախնդիրները բարձրագույն կրթության համակարգում» ամառային դպրոցը:

Միջոցառմանը ներկա էին ԵՊՀ պրոռեկտորներ Մենուա Սողոմոնյանը և Արսեն Բաբաջանյանը, Մանկավարժության և կրթության զարգացման կենտրոնի տնօրեն Նազիկ Հարությունյանը, Միջազգային հարաբերությունների ֆակուլտետի դեկանի տեղակալ Արթուր Իսրայելյանը, դասախոսներ, ուսանողներ ԵՊՀ տարբեր ֆակուլտետներից, հյուրեր Ավստրիայի Գրացի համալսարանից և բանախոսներ ՀՀ տարբեր բուհերից:

 

Ամառային դպրոցի բացման արարողությունը մեկնարկեց ԵՊՀ հիմներգով, որից հետո ողջույնի խոսքով հանդես եկավ Մանկավարժության և կրթության զարգացման կենտրոնի տնօրեն Նազիկ Հարությունյանը:

 

Վերջինս շնորհակալություն հայտնեց բոլոր նրանց, ովքեր մասնակցում են ամառային դպրոցի աշխատանքներին՝ միաժամանակ տեղեկացնելով, որ այն նվիրված է ԵՊՀ հիմնադրման 100-ամյակին:

 «Մենք անդրադառնալու ենք կրթության կազմակերպման  խնդիրներին և ձեռքբերումներին, ինչպես նաև հաղորդակից ենք լինելու Ավստրիայի Գրացի համալսարանի կրթության նորարարություններին՝ որպես առաջավոր փորձի փոխանակման»,- նշեց Մանկավարժության և կրթության զարգացման կենտրոնի տնօրենը:

 

Վերջինս վստահեցրեց, որ այս ամառային դպրոցը խթանելու է հայ և օտարերկրյա գիտնական-մանկավարժների սերտ համագործակցությունը:

 

Հյուրերին և ներկաներին ողջունեց նաև ԵՊՀ պրոռեկտոր Մենուա Սողոմոնյանը.

«Երջանիկ եմ, որ շնորհավորում եմ ձեզ ԵՊՀ հիմնադրման 100-ամյակի կապակցությամբ, և որ հենց այս հարկի տակ  միասին անցկացնելու ենք ամառային դպրոցը, զեկուցումներ ենք լսելու և քննարկումներ իրականացնելու»:

 

Կարևորելով բարձրագույն կրթության դերը՝ Մ. Սողոմոնյանը նշեց, որ այն կառավարելու տեսանկյունից և՛ ամենահեշտն է, և՛ ամենադժվարը:

«Այդ կառավարմանը մասնակցում են բարձր ինտելեկտ ունեցող և կրթության կազմակերպման հարցում հանձնառություն ունեցող անձինք, որը և՛ հեշտացնում, և՛ դժվարացնում է աշխատանքները»,- մեկնաբանեց ԵՊՀ պրոռեկտորը:

«Ամառային դպրոցը փորձի փոխանակման, մոտեցումների, գաղափարների ստեղծման  հարթակ է: Ես համոզված եմ, որ  այդ մտքերը և գաղափարներն են կերտում այն սոցիալական իրականությունը, որի պայմաններում ապրում և գործում ենք, մտքերը ծնվում են շփումներից և մարդկային հարաբերություններից, այնուհետև վերածվում են նորմերի, իսկ նորմերը ստեղծում են այդ իրականությունը»,- նշեց Մ. Սողոմոնյանը և հույս հայտնեց, որ  ամառային դպրոցն իրականացնելու է իր առջև դրված առաքելությունը:

 «Լիահույս եմ, որ կյանքի են կոչվելու այն գաղափարները, որոնք հաջողությամբ ներդրվելու են կրթության կառավարման համակարգում»,- ավելացրեց նա:

 

Ներկաներին ողջունեց և կազմակերպիչներին շնորհակալություն հայտնեց Ավստրիայի Գրացի համալսարանի պրոֆեսոր Յոհաննա Հոպֆները:

 

Վերջինս հանդես եկավ «Կրթության արժեքը և կրթության շուկայական արժեքը. անսպասելի մտքեր դժվար չափելի մեծությունների մասին» զեկուցմամբ:

 

Նա նշեց, որ բարձրագույն կրթությունն ուղղակիորեն կապված է երկրի զարգացվածության և տնտեսության հետ:

 

Հանդես գալով «Կրթության կազմակերպման ձեռքբերումներն ու խնդիրները ԵՊՀ-ում» զեկուցմամբ՝ Ն. Հարությունյանը խոսեց բուհում իրականացվող կրթական ծրագրերի, գործընթացների, ձեռքբերումների, ինչպես նաև բացթողումների մասին:

 

Վերջինս ամփոփ ներկայացրեց նաև սեպտեմբերին ԵՊՀ հիմնադրման 100-ամյակին կայանալիք միջոցառումների ցանկը:

Զեկուցումներով հանդես եկան նաև Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի (ՀՊՄՀ), Հայաստանում Ֆրանսիական համալսարան հիմնադրամի (ՀՖՀՀ), Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարանի (ԵՊԼՀ) ներկայացուցիչները: 

 

Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի կրթության կազմակերպման և զարգացման առանձնահատկությունները ներկայացրեց բուհի ուսումնագիտական գծով պրոռեկտոր Սրբուհի Գևորգյանը:

 

Հայաստանում Ֆրանսիական համալսարան հիմնադրամի պրոռեկտոր Արայիկ Նավոյանը ներկայացրեց «Տրանսազգային բարձրագույն կրթության առանձնահատկությունները Հայաստանում Ֆրանսիական համալսարան հիմնադրամի օրինակով» զեկուցումը, իսկ ԵՊԼՀ կրթության կառավարման և պլանավորման ամբիոնի վարիչ Ռոբերտ Խաչատրյանն անդրադարձավ ԵՊԼՀ-ում լեզվահասարակագիտական կրթության կազմակերպման առանձնահատկություններին:

 

Զեկուցումներին հաջորդեցին քննարկումը և ամառային դպրոցի փակման արարողությունը:

 

 

Այլ նորություններ
ԵՊՀ-Ի ԵՎ ՊՈԼ ՎԱԼԵՐԻ ՄՈՆՊԵԼՅԵ 3 ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ ՄԻՋԵՎ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ՇԱՐՈՒՆԱԿՎԵԼՈՒ Է
«Erasmus+» ծրագրի շրջանակում Երևանի պետական համալսարանի և Ֆրանսիայի Պոլ Վալերի Մոնպելյե 3 համալսարանի միջև հաստատված համագործակցությունն ամրապնդվում է: Այն շարունակվելու է մինչև 2020 թվականը:
ԵՊՀ ՏՆՏԵՍԱԳԻՏՈՒԹՅԱՆ ԵՎ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՖԱԿՈՒԼՏԵՏԻ ՇՐՋԱՆԱՎԱՐՏՆԵՐԸ ՍՏԱՑԱՆ ԻՐԵՆՑ ԴԻՊԼՈՄՆԵՐԸ
ԵՊՀ սև շենքի դահլիճում այսօր տեղի է ունեցել Տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետի 2018-2019 ուստարվա մագիստրատուրայի և բակալավրիատի շրջանավարտների դիպլոմների հանձնման հանդիսավոր արարողությունը: