18.05.2017 | 
Գիտություն
ԵՐԻՏԱՍԱՐԴՆԵՐԸ ՔՆՆԱՐԿՈՒՄ ԵՆ ՏՆՏԵՍԱԳԻՏՈՒԹՅԱՆ ԺԱՄԱՆԱԿԱԿԻՑ ՀԻՄՆԱՀԱՐՑԵՐԸ
ԵՐԻՏԱՍԱՐԴՆԵՐԸ ՔՆՆԱՐԿՈՒՄ ԵՆ ՏՆՏԵՍԱԳԻՏՈՒԹՅԱՆ ԺԱՄԱՆԱԿԱԿԻՑ ՀԻՄՆԱՀԱՐՑԵՐԸ
Այսօր ԵՊՀ տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետում մեկնարկեց «Տնտեսագիտության ժամանակակից հիմնահարցերը» խորագրով միջազգային 5-րդ գիտաժողովը:

Ուսանողների, ասպիրանտների և երիտասարդ գիտնականների միջազգային 5-րդ գիտաժողովը կազմակերպվել է ԵՊՀ տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետի, ԵՊՀ երիտասարդ գիտնականների միավորման, ֆակուլտետի ուսանողական գիտական ընկերության նախաձեռնությամբ և նպատակ ունի միավորել երիտասարդ տնտեսագետներին, հարթակ տրամադրել նրանց՝ ներկայացնելու իրենց հետազոտությունները և քննարկումներ ծավալել Հայաստանում այսօր առկա տնտեսական խնդիրների վերաբերյալ: 

 

Այսօր մեկնարկած քառօրյա գիտաժողովին կներկայացվեն 60-ից ավելի զեկուցումներ՝ նվիրված տնտեսագիտության ոլորտի տարբեր ճյուղերի հիմնահարցերին: Զեկուցումները կներկայացվեն 7 բաժանմունքներում, որոնք ձևավորվել են՝ ըստ թեմատիկ ընդգրկումների:

 

Մեզ հետ զրույցում Տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետի կառավարման և գործարարության ամբիոնի վարիչ Կառլեն Խաչատրյանը նշեց, որ ամենամյա գիտաժողովին զեկուցումներով հանդես են գալիս մասնակիցներ ոչ միայն ՀՀ գրեթե բոլոր բուհերից ու հետազոտական ինստիտուտներից, այլև արտերկրից, հիմնականում հետխորհրդային տարածք ներկայացնող երկրներից. «Եթե ուսումնասիրենք գիտաժողովի ծրագիրը, ապա կնկատենք, որ այս ոլորտում երիտասարդների գիտական հետաքրքրությունները բավականին լայն ընդգրկում ունեն»:

 

 

Գիտաժողովի հանդիսավոր բացման ընթացքում ԵՊՀ գիտական քաղաքականության և միջազգային համագործակցության գծով պրոռեկտոր Գեղամ Գևորգյանը ուրախությամբ արձանագրեց, որ արդեն 5-րդ տարին անցկացվող գիտաժողովի մասնակիցները ոչ միայն չեն նվազել, այլև ընդլայնվել է դրա աշխարհագրական շրջանակը. «Սիրելի՛ մասնակիցներ, համարձա՛կ եղեք, մի՛ վախեցեք արտահայտել ձեր կարծիքը, որը կարող է տարբերվել մյուսներից: Հիշե՛ք, որ գիտության կարկառուն ներկայացուցիչների մեծ մասն իր խոսքն ասել է հենց երիտասարդ տարիքում»:

 

Ամենամյա գիտաժողովի հանդիսավոր բացմանը ներկա էր նաև Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ռեկտոր Կորյուն Աթոյանը, ով, ողջունելով բոլոր մասնակիցներին, հպարտությամբ փաստեց, որ գիտական և հետազոտական աշխատանքներն այսօր դարձել են համալսարանական գործունեության անբաժանելի մասը. «Առանց դրանց անհնար է ապահովել որակյալ բարձրագույն կրթություն: Ես ցանկանում եմ, որ մեր տնտեսագիտական համայքն ունենա այնպիսի հետազոտողներ ու փորձագետներ, որ դառնա պիտանի և պահանջված»:

 

ԵՊՀ տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետի դեկան Հայկ Սարգսյանն էլ, իր ողջույնի խոսքում հաջողություն մաղթելով բոլոր մասնակիցներին, հույս հայտնեց, որ նրանք մեծ ներդրում կունենան երկրի զարգացման գործում:

 

Տեղեկացնենք, որ գիտաժողովը կանցկացվի մինչև մայիսի 21-ը, որի ավարտին տեղի կունենան աշխատանքների ամփոփումը, ինչպես նաև հավաստագրերի և մրցանակների հանձնումը:

 

 

Այլ նորություններ
ԳԻՏԱԺՈՂՈՎԸ ՆՎԻՐՎԱԾ ԷՐ ՍՈՑԱՇԽԱՏԱՆՔԻ ԳԻՏԱԿԱՆ ԸՆԴՀԱՆՐԱՑՄԱՆ ԽՆԴԻՐՆԵՐԻՆ
Այսօր ԵՊՀ գիտխորհրդի նիստերի դահլիճում տեղի ունեցավ «Սոցիալական աշխատանքի պրակտիկայի գիտական ընդհանրացման արդի հիմնախնդիրները ՀՀ-ում» խորագրով միջազգային գիտաժողովը:
ՄԵԿՆԱՐԿԵՑ ԵՐԿՐՈՐԴ ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ ԳԻՏԱԿԱՆ ՀԱՄԱԺՈՂՈՎԸ
Այսօր Մատենադարանում մեկնարկեց Երկրորդ համահայկական գիտական համաժողովը՝ նվիրված Հայկական առաջին Հանրապետության 100-ամյակին: