17.01.2020 | 
Գիտություն
ԲՈՆՆԻ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ ՊՐՈՖԵՍՈՐ ՍԵԲԱՍՏԻԱՆ ՀԱՅՆԵՆ ԱՐԵՎԵԼԱԳԻՏՈՒԹՅԱՆ ՖԱԿՈՒԼՏԵՏՈՒՄ ՀԱՆԴԵՍ Է ԵԿԵԼ ԴԱՍԱԽՈՍՈՒԹՅԱՄԲ
ԲՈՆՆԻ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ ՊՐՈՖԵՍՈՐ ՍԵԲԱՍՏԻԱՆ ՀԱՅՆԵՆ ԱՐԵՎԵԼԱԳԻՏՈՒԹՅԱՆ ՖԱԿՈՒԼՏԵՏՈՒՄ ՀԱՆԴԵՍ Է ԵԿԵԼ ԴԱՍԱԽՈՍՈՒԹՅԱՄԲ
ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի իրանագիտության ամբիոնում այսօր Բոննի համալսարանի պրոֆեսոր Սեբաստիան Հայնեն հանդես է եկել «Ընդհանուր ակնարկ աֆղաներենով դյուցազներգական գրականության մասին» խորագրով դասախոսությամբ:

Միջոցառմանը ներկա էին պրոֆեսոր Սեբաստիան Հայնեի կինը՝  Կիարա Ռիմինուչի Հայնեն, Իրանագիտության ամբիոնի վարիչ Վարդան Ոսկանյանը, ամբիոնի դասախոսներ, ուսանողներ:

 

Իրանագիտության ամբիոնի վարիչ Վարդան Ոսկանյանի խոսքով, ավանդական դարձած այս և նմանաբնույթ միջոցառումների նպատակը դասախոսներին և ուսանողներին հաղորդակից դարձնելն է արդի իրանագիտության ձեռքբերումներին:

 

«Զանազան պատճառներով մեր դասախոսները և ուսանողները  չեն կարողանում ներկա գտնվել միջազգային հարթակներում տեղի ունեցող գիտաժողովներին, հետևաբար մենք նպատակ ունենք, ըստ էության, եվրոպական իրանագիտությունը բերելու Հայաստան»,- նշեց Վ. Ոսկանյանը:

 

Վերջինս ասաց, որ դասախոսությունը նվիրված է իրանագիտության կարևորագույն ճյուղերից մեկին՝ աֆղանագիտությանը. «Շահնամեները դյուցազներգական ժանրի ստեղծագործություններ են, որոնք տարածված են նաև Աֆղանստանում և վերաբերում են աֆղան ժողովրդի պայքարին, ինչպես նաև պարունակում են ժողովրդական բանահյուսության տարրեր»:

 

Բոննի համալսարանի պրոֆեսոր Սեբաստիան Հայնեն ysu.am-ի հետ զրույցում նշեց, որ դասախոսությունը նվիրված է աֆղաներենով ստեղծված դյուցազներգական և ռազմական գրականությանը, որը կարևոր է իրանագիտական ձեռքբերումների տեսանկյունից, այն կենդանի լեզուներից է, ունի հսկայածավալ գրական ավանդույթ և գրական հուշարձաններ:

 

«Դասախոսությունը նվիրված է աֆղան-իրանական պատերազմներին, որոնց մասնակցում էին նաև հայ և վրացի զինվորականներ»,- ներկայացրեց պրոֆեսորը:

 

Վերջինս նշեց, որ շատ հպարտ է ԵՊՀ-ում գտնվելու և իրանագիտության դպրոցն այսքան բարձր մակարդակի վրա տեսնելու համար. «Հուսով եմ, որ թե՛ ՀՀ, թե՛ ԵՊՀ  ղեկավարությունը հավուր պատշաճի ուշադրություն է դարձնում այս ամբիոնին՝ հաշվի առնելով վերջինիս ծավալած բեղմնավոր գործունեությունը»: 

 

Վ. Ոսկանյանն էլ տեղեկացրեց, որ այս միջոցառումների շրջանակում դասախոսություններով հանդես են գալու միջազգային նշանավոր հարթակներում հայտնի դասախոսներ, որոնք խոսելու են իրանական քիչ ուսումնասիրված լեզուների և բարբառների մասին:

 

«Մեր հիմնական առաքելությունը Հայաստանում իրանագիտական դպրոցը կամրջի որոշակի դերակատարությամբ  ներկայացնելու և այդ դերակատարությունը ստանձնելու քայլերի ամբողջությունն է: Ըստ էության մենք ստեղծում ենք հարթակ նաև իրանցի և եվրոպացի գիտնականների համար՝ միմյանց հետ հաղորդակից լինելու և գիտական ձեռքբերումներին ծանոթանալու իմաստով»,- նշեց ամբիոնի վարիչը:

 


Անգին Խաչատրյան
 
 
Այլ նորություններ
«ԿԱՆԽԱՐԳԵԼԻՉ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԵՎ ԲՆԱՊԱՀՊԱՆԱԿԱՆ ԽՆԴԻՐՆԵՐԻ ԼՈՒԾՄԱՆ ՀԱՄԱՐ ԽՆԱՅԵԼ ՉԻ ԿԱՐԵԼԻ». ԱՐՄԵՆ ԹՌՉՈՒՆՅԱՆ
Ամբողջ աշխարհն այսօր պայքարում է նոր կորոնավիրուսի (COVID19) դեմ՝ իրականացնելով տարաբնույթ միջոցառումներ: Առողջապահության համաշխարհային կազմակերպության կողմից հայտարարված աշխարհավարակի պատճառ դարձած կորոնավիրուսով այսօր աշխարհում վարակված է ավելի քան 1 մլն մարդ: Հայաստանում նոր կորոնավիրուսային հիվանդության հաստատված ավելի քան 730 դեպք է գրանցվել: Երկրում հաստատված է արտակարգ դրություն: Ստեղծված իրավիճակի, իրականացվող միջոցառումների արդյունավետության և սպասվող քայլերի մասին զրուցել ենք ԵՊՀ կենսաքիմիայի, մանրէաբանության և կենսատեխնոլոգիայի ամբիոնի վարիչ, ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ, կենսաբ. գիտ. դոկտոր, պրոֆեսոր Արմեն Թռչունյանի հետ:
ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ ԱՆԱՀԻՏ ՄԱՆԱՍՅԱՆԻ՝ «ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԿԱՅՈՒՆՈՒԹՅՈՒՆԸ՝ ՈՐՊԵՍ ԿԱՅՈՒՆ ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԿԱՐԵՎՈՐԱԳՈՒՅՆ ԳՐԱՎԱԿԱՆ» ՄԵՆԱԳՐՈՒԹՅԱՆ ԱՆԳԼԵՐԵՆ ՏԱՐԲԵՐԱԿԸ
Հրապարակվել է ԵՊՀ սահմանադրական իրավունքի ամբիոնի դոցենտ, իրավ. գիտ. թեկնածու, Արդարադատության ակադեմիայի պրոռեկտոր Անահիտ Մանասյանի՝ «Սահմանադրական կայունությունը՝ որպես կայուն ժողովրդավարության կարևորագույն գրավական» («Constitutional Stability as an Important Prerequisite for Stable Democracy») անգլերեն մենագրությունը: