23.10.2019 | 
Գիտություն
ԲԵՐԳԵՆԻ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ ԵՎ ԵՊՀ ԱՅՑԵԼՈՒ ՊՐՈՖԵՍՈՐ ՆԻԼՍ-ԿՈՐԵ ԲԻՐԿԵԼԱՆԴԸ ԴԱՍԱԽՈՍՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՇԱՐՔ Է ՆԵՐԿԱՅԱՑՆՈՒՄ ԿԵՆՍԱԲԱՆ ՄԱԳԻՍՏՐՈՍՆԵՐԻ ՀԱՄԱՐ
ԲԵՐԳԵՆԻ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ ԵՎ ԵՊՀ ԱՅՑԵԼՈՒ ՊՐՈՖԵՍՈՐ ՆԻԼՍ-ԿՈՐԵ ԲԻՐԿԵԼԱՆԴԸ ԴԱՍԱԽՈՍՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՇԱՐՔ Է ՆԵՐԿԱՅԱՑՆՈՒՄ ԿԵՆՍԱԲԱՆ ՄԱԳԻՍՏՐՈՍՆԵՐԻ ՀԱՄԱՐ
Հերթական անգամ ԵՊՀ է այցելել Բերգենի համալսարանի և ԵՊՀ այցելու պրոֆեսոր ու ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության գիտության կոմիտեի կողմից հաստատված «18T-1F261» ծածկագրով «Արքեաների կենսաբազմազանությունը և էկոլոգիական գործառույթը Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի երկրաջերմային աղբյուրներում» թեմայի խորհրդատու Նիլս-Կորե Բիրկելանդը:

ԵՊՀ կենսաբանության ֆակուլտետի կենսաքիմիայի, մանրէաբանության և կենսատեխնոլոգիայի ամբիոնի և Բերգենի համալսարանի երկարամյա համագործակցության շրջանակում այսօր կենսաբան մագիստրոսները հնարավորություն ունեցան ունկնդրելու մանրէաբանության արդի հիմնախնդիրների վերաբերյալ պրոֆեսոր Նիլս-Կորե Բիրկելանդի դասախոսությունները:

 

ԵՊՀ այցելու պրոֆեսորը մասնագիտական թեմաներով դասախոսություններ է կարդալու երկու օր շարունակ: Այսօրվա դասախոսությունները նվիրված էին կյանքի ոչ նպաստավոր պայմաններում մեթանը յուրացնող մանրէների՝ մեթանատրոֆների կենսաբազմազանությանը և էկոլոգիական գործառույթին: Հաջորդ հանդիպման ժամանակ նա կխոսի անթթվածին պայմաններում մանրէների կենսաբազմազանության, տարրերի կենսերկրաքիմիական շրջապտույտում դրանց դերի մասին:

 

Ընտրված թեմաներն արդիական են: Բազմաթիվ մանրէաբանների ուշադրությունը սևեռված է ներկայումս ծայրահեղասեր (էքստրեմոֆիլ) մանրէների վրա, որոնք ունակ են գոյատևելու տարբեր գործոնների՝ ջերմաստիճանի, աղի, միջավայրերի թթվայնության, ճնշման ծայրահեղ դրսևորումներով բնորոշվող պայմաններում: Դրանք արտադրում են տարբեր գործոնների նկատմամբ կայուն ֆերմենտներ և այլ կենսամոլեկուլներ, որոնք իրենց մենահատուկ հատկությունների շնորհիվ լայն կիրառություն են գտնում առաջատար կենսատեխնոլոգիաներում:

 

 

 

Այս մանրէների հետազոտումը թույլ է տալիս պարզելու մեթանատրոֆայի նշանակությունը ջերմոցային գազերի մթնոլորտ արտանետման և Երկիր մոլորակի ջերմային կարգավորման մեջ դրանց դերի մասին: Ավելին՝ այդ մանրէների վերաբերյալ պատկերացումները հնարավորություն են ընձեռում վերանայելու կյանքի հնարավոր սահմանները:

 

Բերգենի համալսարանի, մասնավորապես Նիլս-Կորե Բիրկելանդի հետ համագործակցությունը բավականին ակտիվ է և արդյունավետ:

 

Ներկայումս ԵՊՀ կենսաքիմիայի, մանրէաբանության և կենսատեխնոլոգիայի ամբիոնը Բերգենի համալսարանի հետ համատեղ հաջողությամբ իրականացնում է «Մետաքսի ուղին գիտության մեջ» խորհրդանշական անվանումը կրող երկու դրամաշնորհային ծրագիր, որտեղ ընդգրկված են նաև Չինաստանը, Վրաստանը, Ուզբեկստանը, Տաջիկստանը, Ղրղզստանը և Ղազախստանը: Այդ դրամաշնորհում ԵՊՀ-ն առանցքային դերակատարում ունի՝ յուրօրինակ գիտական կամուրջ դառնալով եվրոպական և ասիական համալսարանների միջև: 

 

 

Հավելենք նաև, որ գիտական միջոցառումներից զատ՝ պրոֆ. Ն. Բիրկելանդն ակտիվ հասարակական գործունեությամբ է զբաղվում: Իսկ երեկ նա սեփական նախաձեռնությամբ և իր իսկ միջոցներով Ծիծեռնակաբերդում՝ Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիրի ծառերի պուրակում, Հայոց եղեռնի զոհերի հիշատակին դեռևս 2011 թվականին Նորվեգիայի արտաքին գործերի նախարարի կողմից տնկված, բայց դժբախտաբար չորացած ծառի փոխարեն տնկել է նոր եղևնի:

 

 

Լինելով Ֆ. Նանսենի անվան ոսկե մեդալակիր՝ նա անխախտ է պահում հայ-նորվեգական բազմամյա բարեկամությունը:

 

Պատրաստեց Հասմիկ Ասլանյանը

Այլ նորություններ
«ՑԱՎՈՔ, ԱՅԺՄ ՀԱՄԱԼՍԱՐԱՆՆԵՐԸ ԵՎՍ ՇԱՐԺՎՈՒՄ ԵՆ ԴՊՐՈՑԻ ՕՐԻՆԱԿՈՎ, ԱՅՍԻՆՔՆ` ՄԵՆՔ ՄԱՐԴՈՒՆ ՍՈՎՈՐԵՑՆՈՒՄ ԵՆՔ ՈՉ ԹԵ ՄՏԱԾԵԼ, ԱՅԼ ԳՈՐԾԻՔ ԿԻՐԱՌԵԼ, ԲԱՅՑ ԳՈՐԾԻՔ ՍՏԵՂԾԵԼ ՉԵՆՔ ՍՈՎՈՐԵՑՆՈՒՄ». ԴԱՎԻԹ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ
ԵՊՀ փիլիսոփայության և հոգեբանության ֆակուլտետի ընդհանուր հոգեբանության ամբիոնի դոցենտ Դավիթ Հայրապետյանի հետ խոսել ենք ստեղծարարության (կրետիվության) զարգացման մեթոդների, հիմնախնդիրների և դպրոցի անհրաժեշտության մասին:
ԲՈՆՆԻ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ ՊՐՈՖԵՍՈՐ ՍԵԲԱՍՏԻԱՆ ՀԱՅՆԵՆ ԱՐԵՎԵԼԱԳԻՏՈՒԹՅԱՆ ՖԱԿՈՒԼՏԵՏՈՒՄ ՀԱՆԴԵՍ Է ԵԿԵԼ ԴԱՍԱԽՈՍՈՒԹՅԱՄԲ
ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի իրանագիտության ամբիոնում այսօր Բոննի համալսարանի պրոֆեսոր Սեբաստիան Հայնեն հանդես է եկել «Ընդհանուր ակնարկ աֆղաներենով դյուցազներգական գրականության մասին» խորագրով դասախոսությամբ: