19.05.2017 | 
Կրթություն
ՀՈԳԵԲԱՆԱԿԱՆ ՎԵՐՆԻՍԱԺ. ԾԱՆՈԹԱՆՈՒՄ ՈՒ ԾԱՆՈԹԱՑՆՈՒՄ ԵՆ ՀՈԳԵԲԱՆՆԵՐԸ
ՀՈԳԵԲԱՆԱԿԱՆ ՎԵՐՆԻՍԱԺ. ԾԱՆՈԹԱՆՈՒՄ ՈՒ ԾԱՆՈԹԱՑՆՈՒՄ ԵՆ ՀՈԳԵԲԱՆՆԵՐԸ
Արդեն 7-րդ անգամ ԵՊՀ-ում անցկացվեց հոգեբանական վերնիսաժ, որի առանձնահատկությունն այս տարի այն էր, որ մասնակցում էին նաև գործատուները:

Տարիներ առաջ, երբ ԵՊՀ փիլիսոփայության և հոգեբանության ֆակուլտետի ընդհանուր հոգեբանության ամբիոնը նախաձեռնեց հոգեբանական վերնիսաժը, այն ներֆակուլտետային բնույթ էր կրում: Ժամանակի հետ դարձավ համահամալսարանական, իսկ այս տարի այն ավելի ընդլայնել է իր շրջանակները. 21 տարբեր կազմակերպություններ ներկայացնում էին իրենց, իրենց գործունեությունն ու ծառայությունները:

 

«Ուրախությամբ պետք է նշեմ, որ մասնակիցների մեծ մասը գործատուներն են: Դրանք այն կազմակերպություններն են, որոնք առաջարկում են հոգեբանական ծառայություններ կամ ունեն հոգեբանների համար նախատեսված հաստիքներ: Դրանց կեսից ավելիում աշխատում են մեր շրջանավարտները: Առանձին տաղավարներով ներկայացված են նաև մեր ֆակուլտետի երեք ամբիոնները, որպեսզի մեր կրթական ծրագրերի մասին իրազեկումը բարձրացնենք»,- ասում է Ընդհանուր հոգեբանության ամբիոնի վարիչ Հրանտ Ավանեսյանը:

 

 

Պարոն Ավանեսյանի խոսքով՝ սա նաև շատ լավ հնարավորություն է ուսանողների համար տեսնելու, թե ակադեմիական կրթություն ստանալուց հետո իրենց ինչպիսի աշխատաշուկա է սպասում. «Շատ խոշոր գիտաժողովներում այս բանավեճը բացվում է. որ ակադեմիական կրթությունը չի բավարարում շուկայի պահանջները: Այս վերնիսաժը նաև յուրօրինակ երկխոսություն է»:

 

Հոգեբանական վերնիսաժի այս տարվա նորություններից մեկն էլ սպա հոգեբանների մասնակցությունն էր: Ներկա էին հոգեբաններ, ովքեր ծառայություն են անցնում տարբեր զորամասերում ու ԶՈՒ ստորաբաժանումներում:

 

«Զինված ուժերում հոգեբանների ինստիտուտը օր օրի կայանում է: Զինվորական կոլեկտիվներում համալրված են սպա հոգեբանի հաստիքները, սակայն դրանք ավելացնելու կարիք դեռ կա: Երբ այդ ինստիտուտը նոր էր ներդրվում զինված ուժերում, վերաբերմունքը միանշանակ չէր: Իրենք հոգեբաններն էլ պետք է իրենց տեղը «նվաճեին» այդ միջավայրում: Իսկ այսօր ունենք սպա հոգեբաններ, որոնց մատնանշում են որպես շատ լավ օրինակ: Այսօր արդեն նրանց նկատմամբ վստահությունը մեծ է, հրամանատարները որոշումներ կայացնելիս անպայման հաշվի են առնում նաև նրանց կարծիքները»,- ասում է ՊՆ զորքերի հոգեբանական ապահովման բաժանմունքի պետ Սամվել Բարոյանը:  

 

 

Ինչպես և նախորդ տարիներին, այս տարի ևս վերնիսաժի շրջանակներում անցկացվեց վարպետության դաս, որը վարում էր ֆակուլտետի դոցենտ Լաուրա Պետրոսյանը: Կազմակերպիչների հավաստմամբ՝ վարպետության դասերի համար ընտրվում են այնպիսի թեմաներ, որոնք ենթադրում են հենց տեղում գործնական հմտությունների ձեռքբերում, ոչ թե պարզապես տեսական գիտելիքների փոխանցում: 

Այլ նորություններ
ՔԻԼԻԱՆ ՎԱՎՈՒ. «ԵՐԲԵՄՆ ՄԵԶ ՀԵՆՑ ՄԻ ՔԱՅԼ Է ՊԵՏՔ ՍԹՐԵՍՆԵՐԻՑ ԽՈՒՍԱՓԵԼՈՒ ՀԱՄԱՐ»
Այսօր ԵՊՀ-ում տեղի ունեցավ հանդիպում Ամստերդամի VU համալսարանի դոկտոր, միջազգային HR մասնագետ Քիլիան Վավուի հետ:
ՆՈՐ ԳԻՏԵԼԻՔՆԵՐ ԵՎ ՆՈՐ ՓՈՐՁ ՀԱՋՈՂՎԱԾ ՍՏԱՐՏԱՓ ԹԻՄ ՈՒՆԵՆԱԼՈՒ ՀԱՄԱՐ
Այսօր ԵՊՀ Պալեանների անվան դահլիճում մեկնարկեց «Հաջողված ստարտափ թիմեր. ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ» խորագրով եռօրյա սեմինար-դասընթացը: