«Ծիրանի» հասարակական կազմակերպության նախաձեռնությամբ ԵՊՀ արեւելագիտության ֆակուլտետում ցուցադրվեց «Գրաբար- լեզու նախնեաց» ֆիլմը: Ֆիլմի ռեժիսոր և հեղինակ Նարեկ Աշուղաթոյանի խոսքերով` այն նպատակ ունի երիտասարդության շրջանում կրկին արթնացնելու գրաբարի հանդեպ սերը եւ ցույց տալու, որ գրաբարը հիմքն է ինչպես արդի հայերենի, այնպես էլ մեր` հայերիս ողջ լեզվամտածողության: 18 րոպե տեւողությամբ ֆիլմի ընթացքում հնչում են շարականներ, ներկայացվում են հատվածներ սուրբ պատարագից, իսկ լեզվաբաններն ու հոգեւորականները, իրար լրացնելով, ներկայացնում են գրաբարի կարեւորությունը:
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբան Տ. Գարեգին աբեղա Համբարձումյանը ֆիլմում ասում է, որ հաճախ կարծիքներ են հնչում, թե պետք է եկեղեցիներում ծեսի լեզուն գրաբարից փոխել աշխարհաբարի, ինչի հետ համամիտ չլինելով` հայր սուրբը նշում է. «Պետք չէ մոռանալ ազգային գանձերը, այլ պետք է սիրել ու սովորել մեր լեզվի գանձը` գրաբարը»: Այս կապակցությամբ «Ծիրանի» հասարակական կազմակերպությունը, ֆիլմի միջոցով գրաբարի վերաբերյալ քարոզչություն իրականացնելուց բացի, նաեւ երկու տարի անընդմեջ երիտասարդների համար անվճար գրաբարի դասեր է կազմակերպում: «Ծիրանի»-ի նախագահ Նարեկ Աշուղաթոյանը կարծում է, որ հայ երիտասարդները հետաքրքրված են գրաբար լեզվով:
Մինչ օրս դասընթացի շրջանակում արդեն 200 երիտասարդներ տիրապետում են ոսկեղենիկ գրաբարին: Արեւելագիտության ֆակուլտետի ուսանող Վարուժան Գեղամյանն էլ ասաց, որ ուսումնական պլանով պարտադիր դասավանդվող «Գրաբար» առարկան ավելի լավ պատկերացնելու համար մեծ ցանկություն առաջացավ նաեւ ֆիլմ դիտել գրաբարի մասին: Ֆիլմը դիտելուց հետո ուսանողները քննարկում ծավալեցին գրաբարի վերաբերյալ: