28.11.2006 | 
Հասարակություն
ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՄՐՑՈՒՅԹՆ ԱՆՑԿԱՑՎՈՒՄ Է ԵՊՀ-ՈՒՄ
ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՄՐՑՈՒՅԹՆ ԱՆՑԿԱՑՎՈՒՄ Է ԵՊՀ-ՈՒՄ
Երեւանի պետական համալսարանի 4 թիմ մասնակցում է ծրագրավորող ուսանողների միջազգային մրցույթին:

Ամերիկյան ACM կազմակերպությունն անցկացնում է ծրագրավորման համաշխարհային առաջնություն` «Բուհական թիմային ծրագրավորման մրցույթ» անվամբ: Քանի որ մրցույթին մասնակցում են բազմաթիվ թիմեր ողջ աշխարհից, մրցույթը փուլային բնույթ է ստացել: Նոյեմբերի 4-ին եւ 5-ին անցկացվել է քառորդ եզրափակիչ փուլը, որին մասնակցել են հայաստանյան մի շարք բուհերի ուսանողական թիմեր: Հաղթող 9 թիմերը (4-ը` ԵՊՀ-ից, 3-ը` Ռուս-հայկական (սլավոնական) համալսարանից եւ 2-ը` ՀՊՃՀ-ից), նոյեմբերի 28-ից 29-ը կմասնակցեն մրցույթի հյուսիսարեւելյան եվրոպական ռեգիոնալ փուլին: Քանի որ վերջինիս կազմում 11 երկիր կա, մրցույթի կազմակերպիչները նույն օրը չորս տարբեր քաղաքներում` Երեւանում (Անդրկովկասյան թիմերի համար), Տաշքենդում, Բարնաուլում, Սանկտ-Պետերբուրգում, զուգահեռ կանցկացնեն նույն մրցույթը:

Անդրկովկասյան տարածաշրջանային մրցույթի կազմում այս տարի Հայաստանի եւ Վրաստանի թիմերն են: Վրաստանից 9 լավագույն խմբեր արդեն ժամանել են Երեւան` մասնակցելու մրցույթին: Նրանք մոտ 300 այլ ուսանողական խմբերի հետ կպայքարեն եզրափակչի 11 տեղերի համար: ACM ICPC մրցույթի անդրկովկասյան գոտու համակարգող Արմեն Անդրեասյանը տեղեկացրեց, որ մրցույթը տեւելու է 5 ժամ: «Մասնակիցները փորձելու են ամենակարճ ժամանակահատվածում ճիշտ լուծել ալգորիթմական բարդության հնարավորինս շատ խնդիրներ: Կտրվի 10-12 առաջադրանք»,- ասաց պարոն Անդրեասյանը:

Մրցույթի ընթացքին հետեւելու համար Հայաստան է ժամանել հատուկ մասնագետ` Մոսկվայի պետական համալսարանի ասպիրանտ Սերգեյ Չերնիշովը: Վերջինս իր հետ բերել է հատուկ ստուգող համակարգ, որ տեղադրվել է մրցույթի դահլիճում: Այդ համակարգը պիտի կիրառվի մրցույթն անցկացնելու համար, եւ դրա միջոցով բոլոր 4 քաղաքների մրցույթի արդյունքները կհամադրվեն: 4 քաղաքներից հաղթող ճանաչված 11 թիմերը կմասնակցեն բուհական թիմային ծրագրավորման մրցույթի եզրափակիչ փուլին, որն այս տարի կանցկացվի Տոկիոյում:

ACM ICPC մրցույթի անդրկովկասյան գոտու համակարգող Արմեն Անդրեասյանը նաեւ ասաց, որ մեր տարածաշրջանից որեւէ թիմ դեռ չի անցել եզրափակիչ, բայց անցյալ տարի Թբիլիսիի թիմը գրեթե հատում էր այդ սահմանը: «Հուսանք` այս տարի մեր տարածաշրջանից եզրափակչում մասնակից կունենանք»,- ամփոփեց պարոն Անդրեասյանը:

Մոսկվայի պետական համալսարանի ասպիրանտ Սերգեյ Չերնիշովն արձանագրեց, որ տարեցտարի մեր տարածաշրջանի մասնակիցների թիվը ոչ միայն ավելանում է, այլեւ դրան զուգահեռ բարձրանում է նրանց աշխատանքի որակը: «Այսօր նրանք իրապես լուրջ մրցակիցներ են մյուս երեք քաղաքների մասնակիցների համար»:

Հանդիպման ավարտին Սերգեյ Չերնիշովը դիպլոմներ հանձնեց Երեւանի պետական եւ Թբիլիսիի պետական համալսարաններին` մրցույթին աջակցելու համար:

Այլ նորություններ
«ԲՆԱՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ 1000 ՄՂՈՆ ՃԱՆԱՊԱՐՀ ՈՒՆԵՆՔ ԱՆՑՆԵԼՈՒ, ԵՎ ԱՌԱՋԻՆ ՔԱՅԼԵՐՆ ԱՐԴԵՆ ԱՐՎԱԾ ԵՆ». ՀՀ ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐ ՌՈՄԱՆՈՍ ՊԵՏՐՈՍՅԱՆ
ՀՀ շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանն այսօր հանդիպել է ԵՊՀ աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետի պրոֆեսորադասախոսական կազմի ու ուսանողության ներկայացուցիչների հետ: Նախարարի հետ հարազատ ֆակուլտետ էին այցելել Անտառային կոմիտեի նախագահի առաջին տեղակալ, կոմիտեի նախագահի պարտականությունները կատարող Արթուր Պետրոսյանն ու «Հիդրոօթերևութաբանության մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրենի ժ.պ. Լևոն Ազիզյանը:
ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅՈՒՆՆ ԱՅՍՈՒՀԵՏ ԱՎԵԼԻ ՀԱՃԵԼԻ ԵՎ ԲԱՐԵԿԵՑԻԿ ՊԱՅՄԱՆՆԵՐՈՒՄ. ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԿԼԻՆԻԿԱՆ ԽՈՐՀՐԴԱՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՎԵՐԱՆՈՐՈԳՎԱԾ ԵՎ ԿԱՀԱՎՈՐՎԱԾ ՆՈՐ ՍԵՆՅԱԿ ՈՒՆԻ
ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետում այսօր տեղի է ունեցել Իրավաբանական կլինիկայի վերանորոգված և կահավորված նոր սենյակի բացման հանդիսավոր արարողությունը: