26.09.2019 | 
Հասարակություն
ՀՐԱՊԱՐԱԿՎԵԼ Է ԱԿԱԴԵՄԻԱԿԱՆ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ՀՌՉԱԿԱԳԻՐԸ
ՀՐԱՊԱՐԱԿՎԵԼ Է ԱԿԱԴԵՄԻԱԿԱՆ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ՀՌՉԱԿԱԳԻՐԸ
Այսօր տեղի ունեցած ԵՊՀ գիտխորհրդի հանդիսավոր նիստի ժամանակ հրապարակվել է ակադեմիական ազատության հռչակագիրը, որն այն հիմնարար սկզբունքների և արժեքների արտացոլումն է, որոնց վրա խարսխված է համալսարանների գործունեությունը:

Ակադեմիական ազատության հռչակագիրը համամարդկային արժեքների և ազգային ինքնության պահպանման գործում կարևորում է ակադեմիական հանրության դերն ու նշանակությունը: Հասարակական կյանքի արդի փոխակերպումների համատեքստում համալսարանների գործունեությունը պարբերաբար առնչվում է արտաքին և ներքին այնպիսի մարտահրավերների, որոնց դիմագրավելու համար համալսարանը պետք է ունենա ակադեմիական ազատությունների վրա հիմնված իրական ինստիտուցիոնալ անկախություն:

                      

ԱԿԱԴԵՄԻԱԿԱՆԱԶԱՏՈՒԹՅԱՆՀՌՉԱԿԱԳԻՐ

 

Երևանի պետական համալսարանը, արտահայտելով համալսարանական ողջ հանրության միասնական կամքը, ելնելով «Համալսարանների մեծ հռչակագրի» դրույթներից, հիմք ընդունելով պետությունից բուհերի անկախ լինելու վերաբերյալ ՄԱԿ-ի «Մարդու իրավունքների ոլորտում կրթության և վերապատրաստման» հռչակագրի պահանջը, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության Սահմանադրության և «Բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության մասին» օրենքի համապատասխան դրույթները՝

 

ՀՌՉԱԿՈՒՄ Է

 

  1. Բուհերի ինստիտուցիոնալ ինքնավարությունն իրենց ստանձնած կրթական, հետազոտական և սոցիալ-մշակութային առաքելության իրականացման, ինչպես նաև ակադեմիական ազատության ապահովման անհրաժեշտ գրավականն է։

  2. Բուհերի ինստիտուցիոնալ ինքնավարությունը խարսխված է արդյունավետ մասնակցային կառավարման և ակադեմիական ազատությունների ապահովման վրա։

  3. Բուհերի ինստիտուցիոնալ ինքնավարությունը լիարժեք է ակադեմիական ազատության անհրաժեշտ բոլոր նախադրյալների ապահովման դեպքում։

  4. Ակադեմիական ազատությունը մրցունակ բուհի, նորարարական ծրագրերի և նախաձեռնությունների մշակման ու ներդրման, գիտակրթական գործընթացի արդյունավետության բարձրացման և ապաքաղաքականացման կարևոր գործոններից մեկն է։

  5. Ակադեմիական հանրության յուրաքանչյուր անդամի գործունեության հիմքում պետք է ընկած լինի ակադեմիական ազատությունը, ինչը ենթադրում է՝
  • բուհը երաշխավորում է կրթական և հետազոտական գործընթացի անկախությունն ակադեմիական ազատություններին հակասող արտաքին և ներքին գործոնների ազդեցությունից,

  • ակադեմիական հանրության յուրաքանչյուր անդամ ազատ է իր հետազոտություններում և դրանց արդյունքների հրապարակման գործում, ինչը, սակայն, չի բացառում համապատասխան այլ պարտականությունների պատշաճ կատարումը,

  • դասախոսները և ուսանողները լսարանում ազատ են իրենց մասնագիտական քննարկումներում,

  • ակադեմիական հանրության յուրաքանչյուր անդամ հանրային կարևորության հարցերի շուրջ ազատ արտահայտվելու իրավունք ունի, ինչը միևնույն ժամանակ ենթադրում է նաև պատասխանատվություն,

  • ակադեմիական ազատության միակ սահմանափակումն անհատական և հանրային պատասխանատվությունն ու հանձնառությունն է հաստատության, հասարակության և պետության նկատմամբ։
Այլ նորություններ
ԵՊՀ-Ն ԸՆԴԼԱՅՆՈՒՄ Է ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՈՒՂԻՆԵՐԸ. ՀԱՄԱԼՍԱՐԱՆԸ ՀՅՈՒՐԸՆԿԱԼԵԼ Է ՎԻԵՏՆԱՄԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԻՆ
ԵՊՀ միջազգային համագործակցության և հասարակայնության հետ կապերի գծով պրոռեկտոր Արթուր Իսրայելյանն այսօր հյուրընկալել է Հայ-վիետնամական բարեկամության ասոցիացիայի պատվիրակությանը:
ԵՊՀ ԱՐՀԵՍՏԱԿՑԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆԸ ՇԱՐՈՒՆԱԿԵԼՈՒ Է ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐԸ
ԵՊՀ արհեստակցական կազմակերպությունն այսօրվանից վերսկսել է սոցիալական ծրագրերի իրականացումը: