13.12.2021 | 
Հասարակություն
ԱՎԱԳ ԴԱՍԱՐԱՆՆԵՐՈՒՄ ՍՈՎՈՐՈՂ ԱՇԱԿԵՐՏՆԵՐԻ ԱՅՑԵԼՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՊՀ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ ԵՆ
ԱՎԱԳ ԴԱՍԱՐԱՆՆԵՐՈՒՄ ՍՈՎՈՐՈՂ ԱՇԱԿԵՐՏՆԵՐԻ ԱՅՑԵԼՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՊՀ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ ԵՆ
Երևանի թիվ 105, Խ. Դաշտենցի անվան թիվ 114 և Ս. Խանզադյանի անվան թիվ 184 ավագ դպրոցների աշակերտներն այսօր այցելել են Հայ բանասիրության ֆակուլտետ:

ԵՊՀ մինչհամալսարանական կրթության վարչության նախաձեռնությամբ այսօր նրանց համար դասախոսություն կարդաց Հայ բանասիրության ֆակուլտետի հայ գրականության ամբիոնի դոցենտ, բ.գ.թ. Ռուբիկ Էլոյանը:

 

 

«Անկախ ձեր մասնագիտական կողմնորոշումից՝ ազգային մշակույթի իմացությունը պարտադիր է յուրաքանչյուրի համար: Ցանկացած զարգացած մարդ պետք է իմանա իր երկրի մշակույթը, ժողովրդի պատմությունը, ինչն էլ իր արտացոլումն է գտնում գրականության մեջ: Մեր նյութական աշխարհում անչափ կարևոր է հոգևոր սնունդը, որը մարդուն ավելի լիարժեք է դարձնում»,- ողջույնի խոսքում նշեց գրականագետը:

 

Նրա դասախոսության առանցքը Մուրացանի գործերն էին ու Րաֆֆին՝ իր ծրագրային, քաղաքական և պատմական վեպերով. «Այսօրվա հանդիպման թեմաները բավականին բարդ են ու ծավալուն, սակայն, այնուամենայնիվ, դրանք միշտ արդիական են»:

 

 

ԵՊՀ դոցենտը զուգահեռներ անցկացրեց Մուրացանի և այլ անվանի գրողների ստեղծագործությունների միջև, ապա խոսեց Րաֆֆու վեպերում տեղ գտած ազգային-ազատագրական պայքարի գաղափարախոսության և այն դրդապատճառների մասին, որոնք գրողին ստիպել են անդրադառնալ պատմական թեմաներին՝ արձագանքելով ժամանակի քաղաքական իրողություններին:

 

«Մեր՝ ԵՊՀ այցելության նպատակն է աշակերտներին հնարավորություն տալ առավել համապարփակ տեղեկություններ ստանալու դպրոցում ուսումնասիրվող թեմաների շուրջ: Այս տարի նրանք անցնելու են Մուրացան և Րաֆֆի, ուստի դասախոսությունը շատ օգտակար կլինի: Շնորհակալ ենք, որ մեզ այսպիսի հնարավորություն է ընձեռվել»,- նշեց թիվ 184 ավագ դպրոցի հայոց լեզվի և գրականության ուսուցչուհի Մելինե Տիգրանյանը՝ հավելելով, որ դպրոցականները մեծ ոգևորությամբ են այցելում Մայր բուհ:

 

 

Վերոնշյալ դպրոցի աշակերտուհի Էլեն Խաչատրյանն էլ ընդգծեց, որ նմանաբնույթ միջոցառումները շատ կարևոր են իրենց համար. «Ավագ դպրոցում աշակերտը դեռ հաստատ չգիտի, թե ինչ ուղղությամբ է ուզում շարունակել կրթությունը: Իսկ այսպիսի դասախոսությունները մասնագիտական կողմնորոշման լավ հնարավորություններ են»:  

 

 

Այլ նորություններ
ԵՊՀ-ՈՒՄ ՄԵԿՆԱՐԿԵՑ «ԿԻՐԱՌԱԿԱՆ ՔԻՄԻԱ. ԷՔՍՊՈ 2022»-Ը
Քիմիկի միջազգային օրվան ընդառաջ կազմակերպված էքսպոյի շրջանակում Մայր բուհի բակում էին ՀՀ շուրջ 35 արտադրող ընկերության ներկայացուցիչ և ավելի քան 2500 դպրոցական:
ԳԻՏԱՃԱՆԱՉՈՂԱԿԱՆ ԱՅՑ՝ ՆՎԻՐՎԱԾ ՍԼԱՎՈՆԱԿԱՆ ԳՐԻ ԵՎ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՕՐՎԱՆ
ԵՊՀ ռուս բանասիրության ֆակուլտետի դասախոսներն ու ուսանողներն այցելեցին Լոռու մարզի Ֆիոլետովո գյուղ՝ ծանոթանալու Հայաստանում մոլոկան համայնքի ներկայացուցիչների կյանքին ու մշակույթին, ինչպես նաև տեղում ուսումնասիրելու նրանց բարբառի արդի լեզվավիճակը։