Երևանի ու հարակից մարզերի ավագ և միջնակարգ դպրոցների պատմաիրավական հոսքի ավարտական դասարանների աշակերտների համար կազմակերպված բաց դռների օրը իրականացվում էր ԵՊՀ մինչհամալսարանական կրթության վարչության կողմից:
Միջոցառման նպատակն էր օգնել ապագա ուսանողներին մասնագիտական կողմնորոշման և բուհի ընտրության հարցում:
Աշակերտներին դիմավորեցին ԵՊՀ պատմության ֆակուլտետի դեկան Էդիկ Մինասյանը և Սփյուռքագիտության ամբիոնի վարիչ Արման Եղիազարյանը: Վերջիններս հյուրերին ներկայացրին ֆակուլտետի պատմությունը, կառուցվածքը, ներկայիս գործունեությունը և պատասխանեցին նրանց հարցերին:
Մեզ հետ զրույցում «Քվանտ» վարժարանի աշակերտուհի Թամարա Հովհաննիսյանն ասաց, որ արդեն հաստատապես ընտրել է ապագա մասնագիտությունը. «Ուզում եմ իրավագիտության ոլորտում մեծ հաջողությունների հասնել և համոզված եմ, որ հենց Մայր բուհի կրթությունն ինձ կօգնի հասնել նպատակներիս: Միշտ էլ ցանկացել եմ ընդունվել ԵՊՀ, սպասելիքներս այնքա՜ն շատ են»:
Հանդիպումից հետո ավագ դպրոցների աշակերտները եղան նաև Հայագիտական հետազոտությունների ինստիտուտի հնագիտական հետազոտությունների լաբորատորիայում: Պատմության ֆակուլտետի դասախոս Միքայել Մալխասյանը նրանց ծանոթացրեց լաբորատորիայում կազմակերպվող գործնական աշխատանքներին: