18.10.2007 | 
Գիտություն
ԸՆԴԴԵՄ ՋՐԱՅԻՆ ԱՂԵՏՆԵՐԻ
ԸՆԴԴԵՄ ՋՐԱՅԻՆ ԱՂԵՏՆԵՐԻ
Այսօր «Հրազդան» հյուրանոցում մեկնարկեց միջազգային գիտական սեմինարը:

Աշխարհի 23 երկրների ավելի քան 60 գիտնականների մասնակցությամբ «Բնական աղետները եւ ջրի անվտանգությունը. ռիսկի գնահատումը, արագ արձագանքումը եւ շրջակա միջավայրի կառավարումը» թեմայով գիտաժողովը կազմակերպել են Երեւանի պետական համալսարանը, Միջազգային աշխարհագրական միության ջրաբանական հանձնաժողովը, «Ջրային, կլիմայական եւ ռեկրեացիոն ռեսուրսների միջազգային գիտահետազոտական կենտրոն» ՀԿ-ն` ՆԱՏՕ-ի անմիջական նախաձեռնությամբ եւ աջակցությամբ:

«Խնդիրն իրոք հրատապ է, բավական է հիշել ամռանը աշխարհի մի շարք երկրներում տեղի ունեցած ջրհեղեղները: Այստեղ հավաքված գիտնականների նպատակն է, իրենց պետությունների փորձն օգտագործելով, համատեղ քննարկել եւ առաջարկել նման խնդիրների լուծման կոնկրետ եղանակներ»,- ասաց գիտաժողովի համանախագահ Ուելսի համալսարանի պրոֆեսոր, Միջազգային աշխարհագրական միության ջրաբանական հանձնաժողովի նախագահ Էնթոնի Ջոնսը:

Միջազգային սեմինարը ունի գիտական, քաղաքական եւ տնտեսական կարեւոր նշանակություն ինչպես Հայաստանի, այնպես էլ տարածաշրջանի երկրների համար: Այն նպատակ ունի տվյալ բնագավառի աշխարհահռչակ հայտնի գիտնականների եւ նման փորձ ունեցող երկրների ջրային աղետների կառավարման համակարգի ներկայացուցիչների համատեղ ջանքերով Հայաստանի եւ հարակից տարածաշրջանների համար մշակել մեթոդներ, որոնք կնպաստեն ջրային աղետների կանխատեսմանը, ջրի անվտանգությանը, ռիսկի գնահատմանը, արագ արձագանքմանը եւ շրջակա միջավայրի կառավարմանը

Գիտաժողովի համանախագահ, ԵՊՀ դոցենտ, «Ջրային, կլիմայական եւ ռեկրեացիոն ռեսուրսների միջազգային գիտահետազոտական կենտրոն» ՀԿ-ի նախագահ, Միջազգային աշխարհագրական միության ջրաբանական հանձնաժողովի գործադիր կոմիտեի անդամ Թրահել Վարդանյանը նշեց, որ առաջարկված առավել արդյունավետ մեթոդները կտեղայնացվեն, ինչը թույլ կտա եթե ոչ վերացնել, ապա զգալի նվազեցնել ջրային աղետների թիվն ու դրանց բացասական հետեւանքները տարածաշրջանում:

«Համոզված ենք, որ արդյունքն զգալի կլինի, քանի որ այստեղ հավաքվել են բնագավառի լավագույն գիտնականները »,- ասաց Թրահել Վարդանյանը:

Միջազգային գիտաժողովը կշարունակվի մինչեւ հոկտեմբերի 22-ը: Սեմինարի ընթացքում մասնակիցները նաեւ կայցելեն Հայաստանի սելավաբեր եւ սողանքային շրջաններ եւ անձամբ կծանոթանան տեղանքին:

Այլ նորություններ
5 ՈՍԿԵ ԵՎ 2 ԱՐԾԱԹԵ ՄԵԴԱԼ՝ IMC ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՈՒՍԱՆՈՂԱԿԱՆ ՄԱԹԵՄԱՏԻԿԱԿԱՆ ԱՌՑԱՆՑ ՕԼԻՄՊԻԱԴԱՅԻՑ
Հուլիսի 27-ին ավարտվեց 27-րդ IMC միջազգային ուսանողական մաթեմատիկական օլիմպիադան, որին մասնակցող ԵՊՀ ուսանողները նվաճել են 5 ոսկե և 2 արծաթե մեդալ:
ԵՊՀ ԴՈՑԵՆՏ ՀԱԿՈԲ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՀՈԴՎԱԾԸ «ՆՅՈՒԹԵՐ ՀԻՆ ԵՎ ՄԻՋՆԱԴԱՐՅԱՆ ՄԵՐՁՍԵՎԾՈՎՅԱՆ ՀՆԱԳԻՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ԳԻՏԱԿԱՆ ՀԱՆԴԵՍՈՒՄ
Երևանի պետական համալսարանի համաշխարհային պատմության ամբիոնի դոցենտ, պ.գ.դ. Հակոբ Հարությունյանն իր հերթական հոդվածն է հրատարակել «Նյութեր հին և միջնադարյան մերձսևծովյան հնագիտության և պատմության վերաբերյալ» հայտնի գիտական հանդեսի հերթական համարում: