Հոկտեմբերի 16-ին Երեւանի պետական համալսարանում մեկնարկեց «Լեզուն եւ գրականությունը գիտական իմացության ժամանակակից հարացույցում» խորագրով երկրորդ միջազգային գիտաժողովը: Նախաձեռնողներն ու կազմակերպիչներն են Անգլերենի ուսումնասիրության հայկական ասոցիացիան (ԱՈՒՀԱ), ՀՀ կրթության եւ գիտության նախարարությունը եւ Երեւանի պետական համալսարանի ռոմանագերմանական բանասիրության ֆակուլտետը:
«Այս տարի զգալիորեն ընդլայնվել է գիտական հարցադրումների շրջանակը` լեզվի քերականական յուրահատկություններից մինչեւ գրականագիտական եւ գեղագիտական խնդիրներ, տիպաբանական ուսումնասիրություններից մինչեւ ճանաչողության եւ մտածողության հարցեր, օտար լեզվի դասավանդման մեթոդների եւ թարգմանական դժվարություններից մինչեւ միջլեզվական ու միջսուբյեկտային հաղորդակցում եւ այլն: Կարծում եմ` նմանատիպ ընդգրկումը լայն հնարավորություն է ստեղծում միջգիտակարգային ոլորտը եւս ներառելու, ինչը հույժ կարեւոր է գիտական առաջընթացի տեսանկյունից»,- ասաց ԱՈՒՀԱ նախագահ Սեդա Գասպարյանը:
Քառօրյա գիտաժողովի 125 մասնակիցներից 22-ը Լեհաստանից, Ֆրանսիայից, Մեծ Բրիտանիայից, Մակեդոնիայից, Ռուսաստանից, Իսպանիայից եւ ԱՄՆ-ից են:
«Մեր երկիրն այսօր օտար լեզվի եւ գրականության տարածման, դրա ինտենսիվ ուսուցման կարիք ունի: Ինչպես գիտության այլ ճյուղեր, այս մեկը եւս ուսումնասիրության մոտիվացիա պիտի ունենա: Անցյալում լայն տարածում ունեցող շատ լեզուներ այսօր պարզապես չեն հետազոտվում մեզանում. ժամանակակից երիտասարդությունը դրանք խորությամբ իմանալու ձգտում չունի»,- նշեց ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնանը:
Նա հավելեց, որ սա չի վերաբերում անգլերենի ուսումնասիրությանը, քանի որ այս լեզվի գործածության ոլորտներն արդեն հստակեցվել են: «Ժամանակն է, որ ոչ միայն անգլերենի մասնագետներն իրենց փորձը կիսեն գործընկերների հետ, այլեւ մյուս լեզուների գիտակները: Լեզուն երիտասարդ մասնագետների համար ոչ միայն միջմշակութային հաղորդակցման հնարավորություն է, այլեւ անհրաժեշտ պայման` իրենց մասնագիտական աճի համար»,- ասաց ռեկտորը:
Ռոմանագերմանական բանասիրության ֆակուլտետի մագիստրատուրայի ուսանողուհի Նելլի Ղազարյանին շատ հետաքրքրում է այս գիտաժողովը: «Հյուրերը խելացի ու բանիմաց մասնագետներ են, մեր լավագույն դասախոսները եւս մասնակցելու են: Իսկ նրանց զեկույցները չլսելը ոչ պրոֆեսիոնալ մոտեցման դրսեւորում է»,- ասաց Նելլին: Նա վստահ է, որ ներկայացվող զեկույցները կօգնեն ուսանողներին գիտական աշխատանքները շարադրելիս:

Երևանի պետական համալսարանի Պալեանների անվան դահլիճում այսօր տեղի է ունեցել «Գիտական Արցախ» պարբերականի 2020 թ. 4-րդ (ընդհանուր առմամբ 7-րդ) համարի քննարկումը խմբագրական խորհրդի անդամների և հոդվածագիրների հետ։
Երևանի պետական համալսարանի ֆիզիկայի ֆակուլտետում այսօր տեղի է ունեցել ռուս մեծ գիտնական Իգոր Կուրչատովի կիսանդրու հանձնման հանդիսավոր արարողությունը, այնուհետ ցուցադրվել է նրա մասին պատմող հոլովակ ու միջուկային արդյունաբերության զարգացման մասին դասախոսություն ֆակուլտետի ուսանողների համար։