21.05.2019 | 
Կրթություն
ՀԱՎԱՍՏԱԳՐԵՐ՝ ԵՊՀ «R ԾՐԱԳՐԱՅԻՆ ՓԱԹԵԹ ՍԿՍՆԱԿՆԵՐ» ԴԱՍԸՆԹԱՑԻ ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԻՆ
ՀԱՎԱՍՏԱԳՐԵՐ՝ ԵՊՀ «R ԾՐԱԳՐԱՅԻՆ ՓԱԹԵԹ ՍԿՍՆԱԿՆԵՐ» ԴԱՍԸՆԹԱՑԻ ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԻՆ
ԵՊՀ տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետի սահմանադրական տնտեսագիտության գիտավերլուծական կենտրոնի կողմից «R ծրագրային փաթեթ սկսնակների համար» դասընթացի ավարտին այսօր տեղի ունեցավ հավաստագրերի հանձնման արարողությունը։

Ֆակուլտետի սահմանադրական տնտեսագիտության գիտավերլուծական կենտրոնը «Data Science for Business» մագիստրոսական ծրագրի շրջանակում կազմակերպել է «R ծրագրային փաթեթ սկսնակների համար» կարճաժամկետ դասընթաց, որը վարել է Տնտեսագիտության մեջ մաթեմատիկական մոդելավորման ամբիոնի պրոֆեսոր Ռուբեն Գևորգյանը։

Դասընթացի նպատակն էր կարճ ժամանակահատվածում սովորեցնել R ծրագրի հիմունքները՝ առանց խորը, մասնագիտական մաթեմատիկական գիտելիքների։

Դասընթացը համակարգողների խոսքով, ունկնդիրներն իրենց ստացած գիտելիքները հետագայում կարող են օգտագործել ինքնուսուցման կամ հետագա դասընթացների միջոցով գիտելիքներն ավելի խորացնելու և կատարելագործելու համար։ Նրանք նաև նշեցին, որ այս դասընթացին կարող են մասնակցել ցանկացած ոլորտում ժամանակակից վերլուծական մեթոդներ և ծրագրեր օգտագործել ցանկացողները։



Հավաստագրերի հանձնման արարողությանը ողջույնի խոսքով ելույթ ունեցավ Տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետի դեկան Հայկ Սարգսյանը։ Նա ասաց, որ սա առաջին ձեռնարկն է լրացուցիչ կրթական ծառայություններ մատուցելու ոլորտում։

«Ես վստահ եմ, որ այս ծրագիրը մեծ հաջողություններ է գրանցելու, ինչի վառ ապացույցը հենց դուք եք՝ դասընթացի առաջին մասնակիցները»,- նշեց Հ․ Սարգսյանը,- «այս կարճաժամկետ դասընթացն անցնողները հնարավորություն ունեն ձեռք բերելու շատ արդիական ու պահանջված հմտություններ»։



Ծրագրի ղեկավար, Տնտեսագիտության մեջ մաթեմատիկական մոդելավորման ամբիոնի պրոֆեսոր Ռուբեն Գևորգյանն ասաց, որ թեև նման նախաձեռնություն առաջին անգամ է լինում, սակայն այն շարունակական բնույթ է կրելու։ Նա դեկանի հետ մեկտեղ շնորհավորեց մասնակիցներին և հանձնեց նրանց հավաստագրերը։



«Data Science for Business» մագիստրոսական ծրագրի շրջանակում իրականացվող «R ծրագրային փաթեթ սկսնակների համար» կարճաժամկետ դասընթացի մասնակիցները նշեցին, որ այն իրենց շատ օգտակար և պահանջարկ ունեցող գիտելիքներ տվեց, որոնք կօգնեն հետագայում։

«Data Science for Business» մագիստրոսական ծրագրի, ինչպես նաև դրա շրջանակում իրականացվող դասընթացների մասին մանրամասն տեղեկություններ կարող եք ստանալ ծրագրի ֆեյսբուքյան էջից։

 

Մարինա Առաքելյան

Այլ նորություններ
«ՀԻՆ ԱՐԵՎԵԼՔԻՑ ՀՈՒՆԱՍՏԱՆ». ԴԱՍԱԽՈՍՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՇԱՐՔ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ՖԱԿՈՒԼՏԵՏՈՒՄ
ԵՊՀ պատմության ֆակուլտետում այսօր մեկնարկել է «Հին Արևելքից Հունաստան (աստվածներ, հերոսներ, մարդիկ)» խորագրով դասախոսությունների շարքը:
ՊԱՏՄԱԲԱՆԻ ՕՐՎԱՆ ՆՎԻՐՎԱԾ ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ԳԻՏԱԺՈՂՈՎ ԵՊՀ-ՈՒՄ
ԵՊՀ պատմության, աստվածաբանության, արևելագիտության ֆակուլտետների ուսանողական գիտական ընկերությունների համատեղ նախաձեռնությամբ այսօր տեղի է ունեցել պատմաբանի օրվան նվիրված երիտասարդական հանրապետական գիտաժողովի բացման արարողությունը։