25.04.2014 | 
Ուսանողական, Քաղաքականություն
ԹԵ ՈՎՔԵՐ ԿԱՐՈՂ ԵՆ ԴԱՌՆԱԼ ՆԱԽԱԳԱՀԻ ՄՐՑԱՆԱԿԻ ՄՐՑԱՆԱԿԱԿԻՐՆԵՐ
ԹԵ ՈՎՔԵՐ ԿԱՐՈՂ ԵՆ ԴԱՌՆԱԼ ՆԱԽԱԳԱՀԻ ՄՐՑԱՆԱԿԻ ՄՐՑԱՆԱԿԱԿԻՐՆԵՐ
Մեկնարկում է ՏՏ ոլորտում ՀՀ նախագահի ամենամյա կրթական մրցանակի հայտերի ընդունումը:

Այսօր ԵՊՀ-ում մրցանակաբաշխության հանձնաժողովի անդամները հանդիպեցին այն ուսանողների ու աշակերտների հետ, ովքեր կարող են դառնալ այդ մրցանակի հավակնորդներ:

 

Նրանք ներկայացնում էին մրցանակաբաշխությանը մասնակցող կրթական հաստատությունները՝ Երևանի պետական համալսարան, Երևանի պետական ճարտարագիտական համալսարան (ԵՊՃՀ), Հայաստանի ամերիկյան համալսարան, Հայ-ռուսական (Սլավոնական) համալսարան, Եվրոպական տարածաշրջանային ակադեմիա, Ա. Շահինյանի անվան ֆիզիկամաթեմատիկական դպրոց, ՀՊՃՀ-ի Երևանի ավագ դպրոց, «Քվանտ» վարժարան, Երևանի «Անանիա Շիրակացի» ճեմարան, Գյումրու «Ֆոտոն» վարժարան, Վանաձորի «Էվրիկա» վարժարան, «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր և «Այբ» ավագ դպրոց:

 

Արդեն 10 տարի անցկացվող մրցանակաբաշխության նպատակն է տեղեկատվական տեխնոլոգիաների բնագավառում լավագույններին հայտնաբերելն ու խրախուսելը՝ ոլորտի զարգացման նպատակով: Մրցանակակիր կարող են դառնալ այն անձինք, ովքեր ունեն բարձր առաջադիմություն, ակտիվորեն մասնակցում են բնական գիտությունների և ՏՏ ոլորտի օլիմպիադաների, գիտական աշխատանքների հեղինակ են, ունեն բազմակողմանի գիտելիքներ և այլ տաղանդներ, ինչպես նաև ներգրավված են համայնքային ծրագրերում:

 

«Կարող ենք արձանագրել, որ արդյունքներն ավելի քան դրական են եղել, մինչ այժմ ունեցել ենք 300-ից ավելի հաղթողներ: Մենք անընդհատ հետևում ենք մեր մրցանակակիրներին, և հպարտությամբ ասում եմ, որ նրանցից շատերը ապագայում կհամալրեն մեր երկրի ինչպես տնտեսական, այնպես էլ քաղաքական էլիտայի շարքերը»,- կարծում է «Սինոփսիս Արմենիա» ընկերության նախագահ Հովիկ Մուսայելյանը:

 

Այս տարի մրցանակներ են հանձնվելու 7 անվանակարգերում՝ գլխավոր մրցանակ, «Լավագույն ասպիրանտ», «Լավագույն մագիստրանտ», «Լավագույն բակալավր», «Լավագույն սփյուռքահայ ուսանող», «Լավագույն ուսանողուհի», «Լավագույն աշակերտ»: Մրցույթն անցկացվում է երկու փուլով. 1-ին փուլում՝ մայիսի 3-25-ը, տվյալ հաստատությունում ընդունվում են հայտերը, իսկ 2-րդ փուլում հանձնաժողովն անցկացնում է հարցազրույց ընտրված մասնակիցների հետ, որի արդյունքում ընտրվում են հաղթողները:

 

Մրցանակները կհանձնվեն հոկտեմբեր ամսին ՀՀ նախագահի նստավայրում: Հաղթողները կստանան դրամական պարգև` մինչև 1.200 ԱՄՆ դոլարին համարժեք դրամի չափով:

 

«Անցած տարիներին կատարվել է աշխատանք, որը նպաստել է հանրապետությունում ոլորտի զարգացմանը ոչ միայն կադրերի, այլև տեխնոլոգիական առումով: Նախորդ տարիներին մեծագույն բավականություն ենք ստացել այս մրցույթի մասնակիցներից: Մեզ ոգևորում են մեր ուսանողների հաջողությունները: Կարծում եմ՝ մրցանակաբաշխությունը վաղուց հասել է իր նպատակին»,- նշեց ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը, ով ևս մրցանակաբաշխության հանձնաժողովի անդամ է: 

Այլ նորություններ
ՈՒՍԱՆՈՂՆԵՐՆ ԻՐԵՆՑ ՈՒԺԵՐՆ ԵՆ ՉԱՓՈՒՄ ԲԱՆԱՎԵՃԻ ԱԿՈՒՄԲԱՅԻՆ ԱՌԱՋՆՈՒԹՅՈՒՆՈՒՄ. ԸՆԹԱՆՈՒՄ Է ԱՇՆԱՆԱՅԻՆ ՄՐՑԱՓՈՒԼԸ
ԵՊՀ ՈՒԽ բանավեճի ակումբը կազմակերպել է բանավեճի ակումբային առաջնություն, որի 1/8-րդ եզրափակչի շրջանակում այսօր մրցել են երկու թիմ՝ իրենց կողմ և դեմ դիրքորոշումները հայտնելով «Հայերը չպետք է անցկացնեն իրենց հանգիստը Թուրքիայում» թեմայի վերաբերյալ:
«ԻՐԱՎԱԿԱՆ ԻՐԱԶԵԿՈՒՄ ՄԱՐԶԵՐՈՒՄ». ԻՐԱՎԱԳԻՏՈՒԹՅԱՆ ՖԱԿՈՒԼՏԵՏԻ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԸ ՄԱՐԶԵՐՈՒՄ ՍՈՎՈՐՈՂ ԱՇԱԿԵՐՏՆԵՐԻՆ ԾԱՆՈԹԱՑՆՈՒՄ ԵՆ ԻՐԵՆՑ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻՆ
«Իրավական իրազեկում մարզերում» ծրագրի ընթացքում Իրավագիտության ֆակուլտետի ուսանողները հանդիպում են մարզերում սովորող աշակերտներին, նրանց ներկայացնում իրավական տարբեր թեմաներ՝ այդկերպ հաղորդակից դարձնելով իրավական մշակույթին ու բարձրացնելով իրավագիտակցության մակարդակը: