01.10.2019 | 
Քաղաքականություն
ՊԱՐԳԵՎԱՏՐՄԱՆ ԱՐԱՐՈՂՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՔՆՆԱՇՐՋԱՆԻ ԱՄՓՈՓՈՒՄ. ՏԵՂԻ Է ՈՒՆԵՑԵԼ ՌԵԿՏՈՐԱՏԻ ՆԻՍՏ
ՊԱՐԳԵՎԱՏՐՄԱՆ ԱՐԱՐՈՂՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՔՆՆԱՇՐՋԱՆԻ ԱՄՓՈՓՈՒՄ. ՏԵՂԻ Է ՈՒՆԵՑԵԼ ՌԵԿՏՈՐԱՏԻ ՆԻՍՏ
ԵՊՀ գիտխորհրդի նիստերի դահլիճում այսօր տեղի է ունեցել ռեկտորատի նիստ՝ օրակարգային երկու հարցով:

Օրակարգային առաջին հարցի շրջանակում տեղի ունեցավ ԵՊՀ 100-ամյակի կապակցությամբ ոսկե մեդալով պարգևատրված վարչական մասի աշխատակիցների և արծաթե մեդալի արժանացած համալսարանականների պարգևատրման արարողությունը:

 

ԵՊՀ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Գեղամ Գևորգյանն ասաց, որ բոլորն արժանի են պարգևատրման. «Կարևորն այն էր, որ բոլորս տոն ստացանք: Համալսարանում այս օրերին թևածում էր տոնական տրամադրությունը»:

 

Գեղամ Գևորգյանը, բոլոր պարգևատրվողներին հանձնելով մեդալները և շնորհավորելով, ասաց, որ ԵՊՀ 100-ամյակին նվիրված միջոցառումների կազմակերպման գործում անփոխարինելի դերի համար ԵՊՀ մշակույթի կենտրոնի տնօրեն Կարինե Դավթյանն արժանանում է ոչ միայն ոսկե մեդալի, այլև որպես պարգևատրում՝ ստանում է գորգ, որի վրա գրված է «ԵՊՀ 100»:

 

 

«Կրկին շնորհավորում եմ բոլորին: Սա թող լինի արդեն փակված էջ, և այսօրվանից սկսենք մի նոր՝ երկրորդ հարյուրամյակի փուլ՝ նոր նվաճումներով և հաջողություններով»,- ասաց Գեղամ Գևորգյանը:

 

Ռեկտորատի նիստի օրակարգային հաջորդ հարցը վերաբերում էր քննաշրջանի ամփոփմանը: Գեղամ Գևորգյանն ասաց, որ 2018-19 ուստարվա երկրորդ կիսամյակի 2-րդ լուծարքի ամփոփագրի համաձայն՝ բակալավրիատի առկա ուսուցման համակարգի 136 և հեռակա ուսուցման համակարգի 90 ուսանող չի հավաքել անհրաժեշտ կրեդիտները, այսինքն՝ ունի ակադեմիական անբավարար առաջադիմություն:

 

«Մագիստրատուրայի առկա և հեռակա ուսուցման 2018-19 ուստարվա երկրորդ կիսամյակի 2-րդ լուծարքի ամփոփագրի համաձայն էլ՝ 24 մագիստրոս չի հավաքել կրեդիտների պահանջվող չափը: Եվ հետևաբար, առկա ուսուցման համակարգի 14 և հեռակա ուսուցման համակարգի 10 մագիստրոս ևս ունի ակադեմիական անբավարար առաջադիմություն»,- պարզաբանեց Գեղամ Գևորգյանը:

 

Նա ասաց, որ որոշվել է, ըստ կարգի, հեռացնել բոլորին:

 

 

Ռեկտորատի նիստի ընթացքում ԵՊՀ ուսումնական գործընթացի վերահսկման բաժնի վարիչ Արմեն Սարգսյանը հայտնեց, որ սեպտեմբերի 9-ին ԿԳՄՍՆ-ին է ներկայացվել հաջորդ տարվա ընդունելության մասնագիտությունների ցանկը՝ համապատասխան քննություններով:

 

«Գերատեսչական բոլոր մարմիններում անցկացվել է քննարկում: Երեկ երեկոյան էլեկտրոնային փոստով ինձ ուղարկել են որոշակի փոփոխություններով փաստաթուղթ, որոնք բավականին լուրջ հարված են հասցնելու համալսարանին: Հարցը պետք է քննարկել և միասնական լուծում առաջադրել»,- ասաց Արմեն Սարգսյանը:

 

Նրա փոխանցմամբ, օրինակ, Ռուս բանասիրության ֆակուլտետում անցած տարվանից ներդրվել է «Միջմշակութային հաղորդակցություն և թարգմանություն» կրթական ծրագիրը՝ ռուսերեն գրավոր և ռուսերեն բանավոր կամ անգլերեն գրավոր քննություններով և հայոց լեզու՝ դպրոցի գնահատականով. «Նախարարությունից պնդում են, թե եթե կա թարգմանություն հասկացությունը, ապա հայոց լեզվի պարագայում մենք իրավունք չունենք դպրոցի գնահատական ընդունել»:

 

«Բացի դրանից, օրինակ, Մաթեմատիկայի և մեխանիկայի և Ինֆորմատիկայի և կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետներում մենք ընդունելությունը կազմակերպում էինք այսպես. մաթեմատիկայի միասնական քննություն, ֆիզիկա (գրավոր) կամ անգլերեն (գրավոր): Նախարարությունից ասում են, որ պետք է հանել անգլերենը, իսկ այսօր գիտենք, որ դիմորդների մեծ մասը պարապում է մաթեմատիկա և անգլերեն, քանի որ այդ առարկաների իմացության դեպքում բուհերի ընտրության շրջանակը մեծանում է, այդ թվում՝ արտասահմանյան»:

 

Արմեն Սարգսյանի հավաստմամբ, այդ քայլով ԵՊՀ-ն դուրս կմնա մրցակցությունից, իսկ այն պատճառաբանությունը, թե ֆիզիկայի դերը կմեծանա, սխալ է, քանի որ դրա համար պետք է աշխատանք իրականացնել դպրոցներում:

 

Գեղամ Գևորգյանն էլ ասաց, որ բացի այդ խնդրից՝ այսօր դժվար է պատկերացնել մասնագետ, որը չի տիրապետում օտար լեզվի, մասնավորապես՝ անգլերենին:

 

Ներկայացնելով նմանօրինակ խնդիրներ՝ Արմեն Սարգսյանն ասաց, որ ինքն արդեն հայտնել է իր դիրքորոշումը՝ պարզաբանելով, որ փոփոխությունները կվնասեն համալսարանին:

 

Ռեկտորատի նիստի ընթացքում բաձրաձայնված հարցի վերաբերյալ ծավալվեց քննարկում, որի ժամանակ Իրավագիտության ֆակուլտետի դեկան Գագիկ Ղազինյանն առաջարկեց հարցը քննարկել գիտխորհրդում և համալսարանի անունից միասնական դիրքորոշում ներկայացնել:

 

Քնար Միսակյան

Այլ նորություններ
ԵՐԵՎԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ ԿՈՉԸ  ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԳՈՐԾԸՆԿԵՐՆԵՐԻՆ ԼԱՉԻՆԻ ՄԻՋԱՆՑՔԻ ԱՐԳԵԼԱՓԱԿՄԱՆ ՀԵՏԵՎԱՆՔՈՎ ՍՏԵՂԾՎԱԾ ԻՐԱՎԻՃԱԿԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Դեկտեմբերի 12-ի առավոտից Ադրբեջանի մի խումբ քաղաքացիներ, ներկայանալով որպես բնապահպանական ակտիվիստներ, արգելափակել են բնականոն ու անարգել տեղաշարժը Գորիս–Ստեփանակերտ ճանապարհին (Լաչինի միջանցք), որն այսօր Լեռնային Ղարաբաղն արտաքին աշխարհին կապող միակ ճանապարհն է։ Բացի դրանից՝ այս օրերի ընթացքում Ադրբեջանը ձմռան սաստիկ ցրտի պայմաններում արցախցիներին 75 ժամ թողել էր առանց գազի:
ԻՐԱՎԱԳԻՏՈՒԹՅԱՆ ՖԱԿՈՒԼՏԵՏԻ ՈՒԽ-Ն ԿԱԶՄԱԿԵՐՊԵԼ ԷՐ ՊԱՆԵԼԱՅԻՆ ՔՆՆԱՐԿՈՒՄ
Քննարկման հրավիրյալ բանախոսներն էին պ.գ.դ., պրոֆեսոր Ռուբեն Մելքոնյանը, տնտ. գիտ. թեկն., դոցենտ Կառլեն Խաչատրյանը և իրավ. գիտ. թեկն. Լևոն Գևորգյանը: