27.09.2017 | 
Հասարակություն
ՈՒՍԱՆՈՂՆԵՐԸ ԾԱՆՈԹԱՑԱՆ «ՀԱՄԱՏԵՂ» ԾՐԱԳՐԻՆ
ՈՒՍԱՆՈՂՆԵՐԸ ԾԱՆՈԹԱՑԱՆ «ՀԱՄԱՏԵՂ» ԾՐԱԳՐԻՆ
Սեպտեմբերի 26-ին ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետում տեղի ունեցավ «ՀՀ տեղական ինքնակառավարման ոլորտի բարեփոխումներ» թեմայով քննարկում:

«Հետազոտական ռեսուրսների կովկասյան կենտրոն (ՀՌԿԿ)-Հայաստան» հիմնադրամի և Համայնքների ֆինանսիստների միավորման կողմից կազմակերպված քննարկմանը մասնակցում էին տեղական ինքնակառավարման հարցերով հետաքրքրվող ուսանողները, դասախոսները և հետաքրքրված այլ անձինք: Ներկայացվեց «ՀաՄաՏեղ» ծրագիրը, որի նպատակն է բարձրացնել հանրային ներգրավվածությունը ապակենտրոնացման և տեղական ինքնակառավարման բարեփոխումների գործընթացում:

 

«Տեղական ինքնակառավարման և հանրային կառավարման ոլորտում փոփոխությունները հաճախակի են: Մարդիկ պետք է տեղյակ լինեն, թե ինչ փոփոխություններ են իրականացվում այս համակարգում: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ «Հանրային կապեր» բաժնի ուսանողներին համեմատաբար ավելի շատ են հետաքրքրում այսպիսի թեմաները, կազմակերպեցինք այս հանդիպում-քննարկումը»,- նշեց Համայնքների ֆինանսիստների միավորման (ՀՖՄ) փոխնախագահ Աբրահամ Արտաշեսյանը:

 

Բանախոսի հավաստմամբ՝ ուսանողները պետք է գիտակցեն, որ տեղական ինքնակառավարման ոլորտն ունի նրբություններ. համապատասխան գիտելիքներ ունենալու դեպքում միայն նրանք շատ ավելի ճիշտ կարող են օգտագործել իրենց գիտելիքները, ներկայացնել խնդիրը և գտնել այնպիսի լուծումներ, որոնք կբավարարեն թե՛ տեղական իշխանություններին և թե՛ բնակչությանը:

 

Քննարկման ընթացքում ներկայացվեց նաև ՀՖՄ ավագ փորձագետ Վահրամ Շահբազյանի խմբագրությամբ հրատարակված «Տեղական ինքնակառավարումը Հայաստանում» գիրքը, որում ամփոփված է Հայաստանի տեղական ինքնակառավարման վիճակի մշտադիտարկման՝ 2016 թվականի զեկույցը:

 

Մինչ այսօր հրատարակվել են 8 գրքեր, որոնցում տեղ են գտել տարիների ընթացքում գրանցված փոփոխությունների մասին հաշվետվությունները, փորձագետների դիտարկումները և այլն: Առանձին ձեռնարկով այս տարի լույս է տեսել նաև ՀՀ տեղական ինքնակառավարման «Տարեկան ինդեքս 2015 և 2017»-ը, որում ներկայացված են թվային վերլուծություններ՝ նպատակ ունենալով համեմատել և վերլուծել ՏԻ համակարգում այդ տարիներին կատարված փոփոխությունները և դրանց տրված գնահատականները:

 

Այլ նորություններ
ԴԱՍԱԴՈՒԼ ԵՊՀ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՖԱԿՈՒԼՏԵՏՈՒՄ
ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետի տարբեր կուրսերի ուսանողներ այսօր համալսարանի կենտրոնական մասնաշենքի նախասրահում դասադուլ էին կազմակերպել՝ hաջակցություն Միջազգային հարաբերությունների ֆակուլտետի դեկանի տեղակալ, քաղաքական գիտությունների թեկնածու, դոցենտ Էդգար Քալանթարյանի, որը վերջերս աշխատանքից ազատման դիմում էր ներկայացրել:
ԵՊՀ ԹԻՄԸ ԿՐԿԻՆ ԱՌԱՋԻՆՆ Է ՄԻՋԲՈՒՀԱԿԱՆ ՊԱՅՔԱՐՈՒՄ.  ՏԵՂԻ Է ՈՒՆԵՑԵԼ ԱՄԵՆԱՄՅԱ ԱՐԲԻՏՐԱԺ ԴԱՏԱԽԱՂ-ՄՐՑՈՒՅԹԸ
Մարտի 23-24-ը Հայաստանի ամերիկյան համալսարանում Եվրոպայի խորհրդի և «ԷյԴիԱր փարթներս» ընկերության կողմից կազմակերպված արբիտրաժ դատախաղ-մրցույթին մասնակցել են համալսարանական երկու թիմեր, որոնցից մեկը զբաղեցրել է առաջին հորիզոնականը: