05.10.2017 | 
Քաղաքականություն
ՄԵԿՆԱՐԿԵԼ ԵՆ ԵՊՀ ԴԱՍԱԽՈՍՆԵՐԻ ՄԱՐԶԱՅԻՆ ԱՅՑԵԼՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
ՄԵԿՆԱՐԿԵԼ ԵՆ ԵՊՀ ԴԱՍԱԽՈՍՆԵՐԻ ՄԱՐԶԱՅԻՆ ԱՅՑԵԼՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
Հոկտեմբերի 4-ին Մայր բուհի պրոֆեսորադասախոսական կազմի ներկայացուցիչներն այցելել են Գեղարքունիքի մարզի Վարդենիկի կրթահամալիր:

«Համալսարանական օր» խորագիրը կրող այցը կազմակերպվել էր ԵՊՀ մինչհամալսարանական կրթության վարչության կողմից և նպատակ ուներ նպաստել ավարտական դասարանների աշակերտների մասնագիտական կողմնորոշմանը, իրազեկության մակարդակը բարձրացնելուն և դեպի ԵՊՀ ուղղորդելուն:

 

Վարդենիկի կրթահամալիր էին այցելել Ֆիզիկիայի ֆակուլտետի օպտիկայի ամբիոնի ասիստենտ Տիգրան Դադալյանը, Հայ բանասիրության ֆակուլտետի հայոց լեզվի ամբիոնի դոցենտ Աշոտ Տեր-Մինասյանը, Աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետի ռեգիոնալ երկրաբանության, պետրոլոգիայի և օգտակար հանածոների ամբիոնի դոցենտ Սամվել Առաքելյանը, Մաթեմատիկայի և մեխանիկայի ֆակուլտետի դասախոս Արաքսյա Մարգարյանը,  Տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետի կառավարման և գործարարության ամբիոնի ասիստենտ Աննա Մկրտչյանը:

 

Այցի շրջանակում ԵՊՀ դասախոսները ոչ միայն դասախոսություն են կարդացել, այլև զրուցել են ուսուցիչների հետ, օգնել մեթոդական և այլ հարցերով, ինչպես նաև պատրաստակամություն հայտնել հետագա համագործակցության համար:

 

Մեզ հետ զրույցում Տիգրան Դադալյանը փաստեց, որ այցն իսկապես արդյունավետ էր. «Ապագա ուսանողներին պատմեցի լույսի հատկությունների մասին: Փորձերի ցուցադրություն էլ անցկացրինք, որին աշակերտները մեծ հետաքրքրությամբ հետևեցին: Նպատակս էր աշակերտներին բացատրել լույսի հետ կապված այն ամենը, ինչին նրանք գրեթե ամեն օր առնչվում են, բայց տեսականորեն չգիտեն»: 

 

Աննա Մկրտչյանն էլ ապագա ուսանողների համար դասախոսություն է կարդացել մարքեթինգի և մենեջմենթի վերաբերյալ:

 

«Միմյանց կապելով երկու առարկաները՝ ներառել եմ նաև մոտիվացիայի, կորպորատիվ կուլտուրայի, լիդերության և անձնակազմի կառավարման հարցերը և այլն: Դասախոսության ընթացքում խոսել ենք նաև որոշ կազմակերպությունների մասին,- մեզ հետ զրույցում նշեց ԵՊՀ ասիստենտը և հավելեց, որ իր տպավորությունները սպասվածից ավելին են,- տնտեսագիտական հոսքում աշակերտները բավականին հետաքրքրված էին, կարծում եմ՝ այսպիսի այցեր պետք է ավելի հաճախ կազմակերպվեն»:

Այլ նորություններ
ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆ ՔԱՆԱԿԻ ԿՐԵԴԻՏՆԵՐ ՉՀԱՎԱՔԱԾ ԵՎ ՈՒՍՄԱՆ ՎԱՐՁԵՐԸ ՉՎՃԱՐԱԾ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԸ ԿՀԵՌԱՑՎԵՆ. ԵՊՀ ՌԵԿՏՈՐԱՏԻ ՆԻՍՏՈՒՄ ԱՄՓՈՓՎԵՑ ՔՆՆԱՇՐՋԱՆԸ
Այսօր ԵՊՀ գիտխորհրդի նիստերի դահլիճում տեղի ունեցավ ռեկտորատի հերթական նիստը, որի ընթացքում ամփոփվեց 2017-2018 ուստարվա երկրորդ կիսամյակի քննաշրջանը:
4 ԴԵԿԱՆՆԵՐԻ ՈՒ 31 ԱՄԲԻՈՆԻ ՎԱՐԻՉՆԵՐԻ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՍՏԱՏՈՒՄ, ՆՈՐ ՊՐՈՖԵՍՈՐՆԵՐ, ԴՈՑԵՆՏՆԵՐ. ԹԵԺ ՔՆՆԱՐԿՈՒՄ՝ ԵՊՀ ԳԻՏԽՈՐՀՐԴՈՒՄ
Այսօր ԵՊՀ գիտխորհրդի նիստերի դահլիճում տեղի ունեցավ գիտխորհրդի հերթական նիստը, որի օրակարգում ընդգրկված էին ութ օրակարգային և մի քանի ընթացիկ հարցեր: