31.10.2018 | 
Գիտություն
ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅԱՆ ՆՊԱՏԱԿՆ Է ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐԵԼ ՀԱԿԱԲԻՈՏԻԿՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԿԱՅՈՒՆՈՒԹՅԱՆ ՁԵՎԱՎՈՐՄԱՆ ՄԵԽԱՆԻԶՄՆԵՐԸ
ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅԱՆ ՆՊԱՏԱԿՆ Է ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐԵԼ ՀԱԿԱԲԻՈՏԻԿՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԿԱՅՈՒՆՈՒԹՅԱՆ ՁԵՎԱՎՈՐՄԱՆ ՄԵԽԱՆԻԶՄՆԵՐԸ
ԵՊՀ ֆարմացիայի ինստիտուտի ֆարմտեխնոլոգիայի և ֆարմացիայի էկոնոմիկայի ու կառավարման ամբիոնի վարիչ Անահիտ Հովհաննիսյանի գլխավորած խմբի «Հակաբիոտիկների նկատմամբ կայուն «Pseudomonas» ցեղին պատկանող շտամների պլազմիդների գենետիկական հետազոտությունը» թեման ՀՀ ԿԳՆ գիտության կոմիտեի կողմից երաշխավորվել է ֆինանսավորման:

Գիտական թեման ուսումնասիրելու համար Անահիտ Հովհաննիսյանի գլխավորությամբ աշխատելու է հինգ հոգանոց խումբը, որի կազմում ընդգրկված են ԵՊՀ պրոֆեսորադասախոսական կազմի ներկայացուցիչներ և «Հայկենսատեխնոլոգիա» գիտաարտադրական կենտրոնում աշխատող մասնագետներ:

 

Մեզ հետ զրույցում Անահիտ Հովհաննիսյանն ասաց, որ թեման արդիական է, քանի որ հակաբիոտիկների նկատմամբ կայուն մանրէների առաջացումը և տարածումն արտաքին միջավայրում ժամանակակից մարտահրավերներից մեկն է. «Դրանց առաջացման հիմնական պատճառներն են հակաբիոտիկների լայն և սովորաբար անկառավարելի օգտագործումը և կայունություն ապահովող գեների հորիզոնական տեղափոխումը շտամից շտամ, որը տեղի է ունենում ինչպես մեկ տեսակի սահարաններում, այնպես էլ տարբեր տեսակների մեջ»:

 

ԵՊՀ ֆարմտեխնոլոգիայի և ֆարմացիայի էկոնոմիկայի ու կառավարման ամբիոնի վարիչը փաստեց, որ հակաբիոտիկների նկատմամբ կայունություն ապահովող  գեները (ՀԿԳ) կարող են տեղափոխվել պլազմիդների միջոցով. «Բազմաթիվ տվյալներ վկայում են, որ մարդու հաստ աղիքի մանրէները կրում են ձեռք բերված ՀԿԳ-ներ, որոնցից շատերը գտնվում են պլազմիդների կազմում: Այդ կազմի մեջ մտնող ՀԿԳ-ների ի հայտ գալը բնական արտաքին միջավայրում կարող է առողջության համար վնասակար լինել»:

 

Անահիտ Հովհաննիսյանի խոսքով՝ խումբը բացահայտելու է «Pseudomonas» ցեղին պատկանող շտամներում այն պլազմիդները, որոնք կրում են կայունության գեները: Հետազոտությունների համար նախատեսվում է օգտագործել տարբեր խմբի հակաբիոտիկներ, որի արդյունքում ակնկալվում է ստանալ «Pseudomonas» ցեղին պատկանող շտամների պլազմիդների ՀԿԳ-ների նկարագիրը և բաշխումը՝ ըստ տեսակների: Հատկապես ուշադրության է դարձվելու մի քանի գեն կրող պլազմիդներին:

 

«Կարևոր է հասկանալ, թե որ մեխանիզմն է ապահովում պլազմիդների կայունությունն արտաքին միջավայրում ընտրության ճնշման բացակայության պայմաններում: Ակնհայտ է՝ եթե հակաբիոտիկների կոնցենտրացիան միջավայրում բարձր է, ապա դա բավական կլինի ՀԿԳ կրող պլազմիդների ընտրության համար: Սակայն բնական հողային և ջրային էկոհամակարգերի մեծամասնության համար դա քիչ հավանական է»,- պարզաբանեց հետազոտական խմբի ղեկավարը:

 

Նրա հավաստմամբ, հետազոտությունն իրականացվելու է երկու փուլով: Առաջին փուլում նախատեսվում է հակաբիոտիկների նկատմամբ կայուն «Pseudomonas» ցեղի շտամերի պլազմիդային կազմի ուսումնասիրում, իսկ երկրորդ փուլում՝ ՀԿԳ-ի բացահայտում «Pseudomonas» ցեղի ներկայացուցիչների շտամերում պոլիմերազային շղթայական ռեակցիայի միջոցով:

 

Անահիտ Հովհաննիսյանն ասաց, որ ստացված արդյունքները հրապարակվելու են գիտաժողովներում և տպագրվելու են հոդվածի տեսքով:

 

Քնար Միսակյան

Այլ նորություններ
ԵՊՀ ՌԵԿՏՈՐ ՀՈՎՀԱՆՆԵՍ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁԸ
Շնորհավորում եմ բոլորիս պատմական այս կարևորագույն օրվա կապակցությամբ, իսկ երիտասարդներին և ուսանողներին մաղթում եմ ստեղծագործ ու արդյունավետ գործունեություն։
«ԻՆՉ ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ ԷԼ ԸՆՏՐԵԻ, ԻՆՁ ՀԱՄԱՐ ԿԱՐԵՎՈՐՆ ԱՅՆ ԷՐ, ՈՐ ՁԵՌՔ ԲԵՐԱԾ ԳԻՏԵԼԻՔՆԵՐՍ ԾԱՌԱՅԵԻՆ ՀԱՅՐԵՆԻՔԻՍ ԲԱՐԵԿԵՑՈՒԹՅԱՆԸ». ԵՊՀ ՈՒՍԱՆՈՂ ՄԻՀՐԱՆ ՍԻՍԱԿՅԱՆ
ԵՊՀ տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետի 3-րդ կուրսի ուսանող Միհրան Սիսակյանը բակալավրի կրթական ծրագրով «Լավագույն ուսանող» հանրապետական մրցույթում հասարակագիտության ոլորտի 1-ին տեղի մրցանակակիր է: Միհրանի հետ զրուցել ենք մասնագիտության ընտրության, մրցույթին մասնակցության, գիտական գործունեության, ապագա ծրագրերի ու երազանքների մասին: