20.12.2017 | 
Գիտություն
ԱՄՓՈՓՎԵՑԻՆ ԳԻՏԱԿԱՆ ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ
ԱՄՓՈՓՎԵՑԻՆ ԳԻՏԱԿԱՆ ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ
Այսօր ԵՊՀ կենսաբանության ֆակուլտետում հյուրընկալած արտասահմանյան հյուրերը և գործուղումից վերադարձած ԵՊՀ ուսանողները ներկայացրին իրենց գիտական հետազոտությունների արդյունքները:

Հետազոտություններն իրականացվել են Կենսաքիմիայի, մանրէաբանության և կենսատեխնոլոգիայի ամբիոնին տրամադրված դրամաշնորհի շրջանակում: Մեզ հետ զրույցում ամբիոնի դոցենտ Հովիկ Փանոսյանը փաստեց, որ դրամաշնորհը տրամադրել է Նորվեգիայի արտաքին գործերի նախարարությունը. «Այն իր մեջ ներառում է ինչպես եվրոպական, այնպես էլ կովկասյան, միջինասիական ու ասիական մի շարք երկրներ: Դրամաշնորհային ծրագրում ընդգրկված են նաև արտաքին գործընկերներ, որոնք ներկայացնում են ԱՄՆ-ն»:

 

Հովիկ Փանոսյանը ասաց նաև, որ դրամաշնորհը ԵՊՀ-ում գործում է արդեն մեկ տարի. «Սա միտված է մասնակից երկրների միջև գիտահեն և կրթական ցանց ստեղծելուն: Նորվեգական կողմի ղեկավարը պրոֆեսոր է, ով բազմիցս եղել է մեր համալսարանում և դասախոսություններ կարդացել: Ոչ եվրոպական կողմի համակարգողն էլ ես եմ»:

 

«Ցանցի կարևորությունը Հայաստանի, մասնավորապես ԵՊՀ-ի համար այն է, որ այստեղ մենք դառնում ենք ոչ միայն գիտություն սպառող կամ գիտություն ներմուծող երկիր, այլև փորձում ենք դառնալ գիտություն արտահանող երկիր: Եվրոպական առաջադեմ միտքը մենք յուրացնում ենք, հետո փորձում ենք հասնել այդ մակարդակին ու փոխանցել այն երկրներին, որոնք դրա կարիքն ունեն: Այս ցանցում ԵՊՀ-ն կենտրոնական դեր է ստանձնել Եվրոպայից Չինաստան և հակառակ ուղղությամբ գիտական նոր արդյունքները փոխանցելիս»,- պարզաբանեց դոցենտը:

 

Դրամաշնորհը մագիստրոսներին և ասպիրանտներին փորձի փոխանակում իրականացնելու հնարավորություն է տալիս: ԵՊՀ-ն այս ծրագրի շրջանակում այսօր հյուրընկալել էր Տաջիկստանի ազգային համալսարանի բիոտեխնոլոգիայի կենտրոնի տնօրեն Խուրշեդա Բոբոջանովային և կենտրոնի երկու ասպիրանտներին, իսկ ԵՊՀ ասպիրանտներ Անի Սաղաթելյանը, Պարգև Հովհաննիսյանը և մագիստրոս Անի Ազարյանն արդեն վերադարձել են Նորվեգիայի Բերգենի համալսարանից, որտեղ երեք ամիսների ընթացքում իրականացրել են գիտական հետազոտություններ:

 

 

Միջոցառման ընթացքում և՛ արտասահմանյան հյուրերը, և՛ ԵՊՀ ուսանողները ներկայացրին իրենց գիտական աշխատանքների արդյունքները:

 

Տաջիկստանի ազգային համալսարանի բիոտեխնոլոգիայի կենտրոնի տնօրեն Խուրշեդա Բոբոջանովան փաստեց, որ ծրագիրը մեծապես խթանում է իրենց համալսարանի երիտասարդ կադրերի տեսական և գործնական գիտելիքների զարգացումը. «Ես շատ ուրախ եմ այս համագործակցության համար: Այն բավականին արդյունավետ է: Մենք այստեղ շատ բան հասցրինք սովորել, հատկապես գործնական աշխատանքներ իրականացնելիս: Ճիշտ է, մեզ մոտ դեռ համապատասխան տեխնիկա չկա, բայց հուսով եմ, որ առաջիկայում այդ բացն էլ կլրացնենք»:

 

Հովիկ Փանոսյանն էլ հավելեց, որ այս ծրագրի շրջանակում կկազմակերպվեն նաև այլ միջոցառումներ, որոնք նույնպես կնպաստեն փորձի փոխանակմանը և արդյունավետության բարձրացմանը:

Այլ նորություններ
«ԴԱՎԻԹ ԱՆԱՆՈՒՆԻ ՄԵՋ ԳԻՏՆԱԿԱՆԸ ՄԻՇՏ ՄՆՈՒՄ ԷՐ ԱՌԱՋԻՆ ՏԵՂՈՒՄ». ՀՈՎԻԿ ԳՐԻԳՈՐՅԱՆ
Պատմական գիտությունների թեկնածու, ԵՊՀ դոցենտ Հովիկ Գրիգորյանի ներկայացրած «Դավիթ Անանունի կյանքը և պատմագիտական ժառանգությունը» գիտական թեման արժանացել է ՀՀ ԿԳՆ գիտության կոմիտեի պայմանագրային (թեմատիկ) ֆինանսավորման:
«ԳՐԱԲԱՐՅԱՆ ԴԱՐՁՎԱԾՔՆԵՐԸ ՊԵՏՔ Է ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՎԵՆ ԼԵԶՎԱԲԱՆՈՒԹՅԱՆ ԱՐԴԻ ՄՈՏԵՑՈՒՄՆԵՐԻՆ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆ». ԱՆՆԱ ԱԲԱՋՅԱՆ
Բանասիրական գիտությունների պրոֆեսոր,ԵՊՀ հայ բանասիրության ֆակուլտետի հայոց լեզվի պատմության ամբիոնի վարիչ Աննա Աբաջյանի «Գրաբարյան դարձվածքների ձևաիմաստային և կառուցվածքային քննություն. դրանց դրսևորումները արդի արևելահայերենում» գիտական թեման արժանացել է ՀՀ ԿԳՆ գիտության կոմիտեի պայմանագրային (թեմատիկ) ֆինանսավորման: