16.08.2018 | 
Կրթություն
5 ՄԱԳԻՍՏՐՈՍԱԿԱՆ ԾՐԱԳԻՐ, ՈՐ ԽՈՐՀՈՒՐԴ Է ՏԱԼԻՍ ՌՈՒԲԵՆ ՄԵԼՔՈՆՅԱՆԸ
5 ՄԱԳԻՍՏՐՈՍԱԿԱՆ ԾՐԱԳԻՐ, ՈՐ ԽՈՐՀՈՒՐԴ Է ՏԱԼԻՍ ՌՈՒԲԵՆ ՄԵԼՔՈՆՅԱՆԸ
«Ընտրություն կատարելիս պետք է առաջնորդվել պետական շահով և աշխատաշուկայի տված հնարավորություններով»:

«Կիրառական արաբագիտություն», «Թյուրքական պատմաբանասիրություն», «Իրանական պատմաբանասիրություն»

«Առաջին մագիստրոսական ծրագիրը, որը խորհուրդ կտամ, կարող է թվալ ոչ օբյեկտիվ, քանի որ պայմանավորված է իմ մասնագիտությամբ: Ակտուալությամբ առաջինն արևելագիտությունն եմ համարում: Արևելագիտության ֆակուլտետի մագիստրոսական 3 ծրագրերը հնարավորություն են տալիս դառնալու յուրահատուկ մասնագետ: Կարելի է ունենալ բակալավրի աստիճան այլ մասնագիտությամբ, ասենք՝ լրագրություն, և մագիստրոսական կրթությունը շարունակել արևելագիտական ուղղվածություն ունեցող ծրագրերով՝ դառնալով Արևելքը ճանաչող լրագրող, ով կարող է հանդես գալ յուրահատուկ հոդվածներով և վերլուծություններով»:

«Համաշխարհային քաղաքականություն»

«Ինձ հետաքրքիր է համաշխարհային քաղաքականությունը, քանի որ այն իր մեջ ներառում է կարևոր ու անգամ պարտադիր տարրեր, որոնք պետք է իմանա ցանկացած անձ: Համաշխարհային քաղաքականության մեջ դարերի ընթացքում ձևավորվել են այնպիսի դրույթներ, որոնցով պայմանավորում են նաև աշխարհի քաղաքական, տնտեսական և մշակութային զարգացումները: Հայաստանի՝ որպես կայացող և զարգացող երկրի համար կարևոր է համաշխարհային քաղաքականության ուսումնասիրությունը»:

«Սոցիալական անվտանգություն և միգրացիոն քաղաքականություն»

«Աշխարհն այսօր բախվել է միգրացիոն տարաբնույթ երևույթների հետ, քանի որ մարդիկ, տեղաշարժվելով Արևելքից դեպի Եվրոպա, Կովկասից՝ ԱՄՆ ու Ռուսաստան, բազմաթիվ խնդիրներ են ունենում: Այս համատեքստում սոցիալական անվտանգությունն ունի մեծ կարևորություն, և միգրացիոն քաղաքականության ուսումնասիրությունը Հայաստանի համար շատ արդիական է: Աշխարհի լավագույն համալսարաններում միգրացիան ուսումնասիրող մասնագիտությունները մեծ հեղինակություն են ձեռք բերում»:

«Թարգմանչական գործ»

«Շատ կարևոր է թարգմանչական հմտությունների, տեսությունների լավ տիրապետումը, ինչը թույլ է տալիս մասնագիտանալ քաղաքական, տեխնիկական, սինխրոն թարգմանություններով: Մասնագիտության բերումով շփվում եմ այս մասնագետների հետ և կարծում եմ, որ հմուտ թարգմանիչն աշխատաշուկայում պահանջված մասնագետ է»:

«Կայուն զբոսաշրջություն»

«Հայաստանը զբոսաշրջության տեսանկյունից շատ հետաքրքիր, բայց դեռևս չբացահայտված երկիր է: Մենք ունենք մշակութային կոթողներ, բնական հարստություններ, բնության դրսևորումներ, որոնք հետաքրքրում են զբոսաշրջիկներին: «Կայուն զբոսաշրջություն» մագիստրոսական ծրագիրը, որը խարսխված է պատմական հիմնավոր գիտելիքների և հայրենասիրական ընկալումների վրա, պետական կարևորություն ունի, քանի որ զբոսաշրջությունը Հայաստանի զարգացման ուղղություններից մեկն է»:


Մարի Ռաֆյան

Այլ նորություններ
ԵՊՀ ՌՈՒՍԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԸ ՈՂՋՈՒՆՈՒՄ Է ԱՌԱՋԻՆԿՈՒՐՍԵՑԻՆԵՐԻՆ
Այսօր ԵՊՀ ռուսական կենտրոնը նախաձեռնել էր ամենամյա հանդիպում Ռուս բանասիրության ֆակուլտետի առաջին կուրսի ուսանողների հետ:
ԵՊՀ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՄԱՍՆԱԿՑԵԼ Է ՏԱՇՔԵՆԴԻ ՀԱՄԱԼՍԱՐԱՆՈՒՄ ԿԱԶՄԱԿԵՐՊՎԱԾ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԴՊՐՈՑԻ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻՆ
ԵՊՀ կենսաբանության ֆակուլտետի կենսաքիմիայի, մանրէաբանության և կենսատեխնոլոգիայի ամբիոնի մագիստրատուրայի ուսանողների և դասախոսների մի խումբ մասնակցել է Տաշքենդի համալսարանում կազմակերպված «Էքստրեմոֆիլներ՝ կենսաբանությունից մինչև կենսատեխնոլոգիա» խորագիրը կրող միջազգային ամառային դպրոցի աշխատանքներն: