29.05.2019 | 
Ուսանողական
ԵՊՀ ՈՒԳԸ-Ն ԱՄՓՈՓԵՑ ԱՆՑՆՈՂ ԿԻՍԱՄՅԱԿԸ. ՏԵՂԻ Է ՈՒՆԵՑԵԼ ԸՆԴԼԱՅՆՎԱԾ ՆԻՍՏԸ
ԵՊՀ ՈՒԳԸ-Ն ԱՄՓՈՓԵՑ ԱՆՑՆՈՂ ԿԻՍԱՄՅԱԿԸ. ՏԵՂԻ Է ՈՒՆԵՑԵԼ ԸՆԴԼԱՅՆՎԱԾ ՆԻՍՏԸ
ԵՊՀ գիտխորհրդի նիստերի դահլիճում այսօր տեղի ունեցավ ԵՊՀ ՈՒԳԸ 2018-19 ուստարվա երկրորդ կիսամյակի ընդլայնված նիստը:

Նիստի սկզբում ԵՊՀ ՈՒԳԸ նախագահ Վանատուր Շերենցը, ողջունելով բոլորին, փաստեց, որ չնայած այն հանգամանքին, որ այս կիսամյակի ընթացքում ուսումնառությունն արտերկրում շարունակելու պատճառով չի կարողացել մասնակցել ՈՒԳԸ-ի գործունեության համակարգման և կոորդինացման աշխատանքներին, այնուամենայնիվ թե՛ ֆակուլտետային ստորաբաժանումները, թե՛ կառույցի կենտրոնական մարմինն արդյունավետ աշխատանքներ են իրականացրել:

 

Վանատուր Շերենցը խոսեց կիսամյակի ընթացքում ՈԻԳԸ-ի ձեռքբերումների և թերացումների մասին, ներկայացրեց տեղի ունեցած կադրային փոփոխությունները և հույս հայտնեց, որ առաջիկայում ևս ուսանողական կառույցը պատասխանատվությամբ կիրականացնի իր աշխատանքները:

 

Արդեն ձևավորված ավանդույթի համաձայն՝ ՈՒԳԸ կիսամյակային ամփոփիչ նիստի շրջանակում տեղի է ունենում հանդիպում-դասախոսություն, որն այս անգամ վարեց Էթիկայի դպրոցի տնօրեն Գևորգ Մկրտչյանը՝ ներկայացնելով «Հաղորդակցման էթիկա և հաջողության բանաձև» խորագրով տեղեկատվական նյութը:

 

 

Գևորգ Մկրտչյանն ՈՒԳԸ-ականների հետ խոսեց էթիկայի, էթիկետի և հաղորդակցության մասին: Նրա հավաստմամբ, էթիկան գիտություն է բարոյականության մասին. «Կարելի է ասել, որ էթիկան անձի բարոյական վարքի չափորոշիչ համակարգն է: Էթիկետը սահմանված որոշակի նորմերի համակարգ է, որը կանոնակարգում է մարդկային հարաբերությունների վարքային դրսևորումները»:

 

Խոսելով հաղորդակցության մասին՝ նա ասաց, որ դա լինում է խոսքային և ոչ խոսքային. «Խոսքայինն իր հերթին լինում է բանավոր, ներքին և գրավոր, իսկ ոչ խոսքայինը՝ հարալեզվական և մարմնական»: Գևորգ Մկրտչյանն անդրադարձավ դրանց ենթատեսակներին, խոսեց հաջողակ հաղորդակցման հմտությունների և տարածված սխալների մասին:

 

 

Այնուհետև ԵՊՀ ՈՒԳԸ փոխնախագահ Անի Հակոբյանը ներկայացրեց ՈՒԳԸ-ի կիսամյակային գործունեությունը՝ փաստելով, որ այդ ընթացքում կազմակերպվել է 184 միջոցառում: Անի Հակոբյանը ներկայացրեց նաև ֆակուլտետային ՈՒԳԸ-ների՝ կիսամյակի ընթացքում ստացած և կորցրած միավորների վիճակագրական աղյուսակը, համաձայն որի՝ գերազանց գնահատականի են արժանացել Փիլիսոփայության և հոգեբանության,Պատմության, Իրավագիտության և Ռադիոֆիզիկայի ֆակուլտետների  ՈՒԳԸ-ները, իսկ գերազանց վերապահմամբ գնահատականի՝ Եվրոպական լեզուների և հաղորդակցության, Հայ բանասիրության, Աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետների  և Իջևանի մասնաճյուղի ՈՒԳԸ-ները:

 

 

Նիստի ավարտին տեղի ունեցավ պարգևատրման արարողությունը, որի ընթացքում հավաստագրեր և խրախուսական մրցանակներ ստացան գերազանց և վերապահմամբ գերազանց գնահատականի արժանացած ֆակուլտետային ՈՒԳԸ նախագահները, կիսամյակի ընթացքում մեծ ակտիվություն ցուցաբերած քարտուղարները և անդամները:

 

Քնար Միսակյան

Այլ նորություններ
ԺՈՒՌՆԱԼԻՍՏԻԿԱՅԻ ՖԱԿՈՒԼՏԵՏԸ ՀԱՆԴԻՍԱՎՈՐ ԴԻՄԱՎՈՐԵՑ ԱՌԱՋԻՆԿՈՒՐՍԵՑԻՆԵՐԻՆ
ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետում այսօր տեղի է ունեցել առաջինկուրսեցիների դիմավորման արարողությունը, որին ներկա էին ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետի դեկան Նաղաշ Մարտիրոսյանը, Հումանիտար և հասարակագիտական մասնագիտությունների գծով պրոռեկտոր Էլինա Ասրիյանը, ֆակուլտետի դասախոսներ և ուսանողներ:
ԵՊՀ-ՈՒՄ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ Է «ԱՌԱՋԻՆԿՈՒՐՍԵՑԻՆԵՐԻ ԻՐԱԶԵԿՈՒՄ» ԾՐԱԳԻՐԸ
ԵՊՀ ուսանողական խորհուրդն օգոստոսի 29-31-ն իրականացնում է «Առաջինկուրսեցիների իրազեկում» ծրագիրը, որն անցկացվում է երկրորդ տարին: