06.04.2007 | 
Հասարակություն
ՍՈՒՐԲ ԶԱՏԿԻ ՆԱԽՕՐԵԻՆ
ՍՈՒՐԲ ԶԱՏԿԻ ՆԱԽՕՐԵԻՆ
Ապրիլի 6-ին` Սուրբ Զատկի նախօրեին, ԵՊՀ ուսանողների հյուրը Ղեւոնդ քահանա Մայիլյանն էր:

Հանդիպման ընթացքում քահանան ուսանողներին ներկայացրեց Սուրբ Հարության` Զատկական տոնի խորհուրդը:

«Զատկի տոնին նախորդող շաբաթը` Ավագ շաբաթը, նման է արարչագործության շաբաթվան, բայց եթե աշխարհի ստեղծման շաբաթը նյութական արժեքների արարման ժամանակաշրջան էր, ապա Ավագ շաբաթվա օրերը կոչված են ստեղծելու հոգեւորը: Այդ օրերին մարդ նորովի պիտի վերստեղծվի»,- ուսանողներին բացատրեց Ղեւոնդ քահանա Մայիլյանը:

Ամեն տարի ապրիլի յոթին Հայ Առաքելական եկեղեցին նշում է Ս. Մարիամ Աստվածածնի Ավետման տոնը: Քահանա Մայիլյանը ուսանողներին ներկայացրեց նաեւ այս տոնի պատմությունն ու խորհուրդը:

Հանդիպման կազմակերպիչը ԵՊՀ ուսանողական խորհրդի հոգեւոր մշակույթի զարգացման ժամանակավոր հանձնաժողովն էր:

Վերջում քահանան պատասխանեց ուսանողների հարցերին: Շուրջ մեկ ժամ ձգվող հարց ու պատասխանի ընթացքում ուսանողները հյուրին ուղղեցին ամենատարբեր հարցեր, որոնցից եւ ոչ մեկը չէր վերաբերում օրվա թեմային:

«Նման իրավիճակ էր նաեւ Ղեւոնդ քահանա Մայիլյանի հետ նախորդ հանդիպման ժամանակ: Կարծում եմ այս ամենը խոսում է այն մասին, որ ուսանողները հոգեւորականի հետ շփման պակաս ունեն»,- ասաց ԵՊՀ ՈւԽ հոգեւոր մշակույթի զարգացման ժամանակավոր հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Պողոսյանը:

Վլադիմիրը տեղեկացրեց, որ շուտով ԵՊՀ ուսանողները հնարավորություն կունենան հանդիպել Հայաստանի բուհերի հոգեւոր հովվի` Վարազդատ սարկավագի հետ:

Այլ նորություններ
ԻՆՉՊԵՍ ՊԱՇՏՊԱՆԵԼ ԴԱՍԵՐԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅՈՒՆԸ «ZOOM» ԾՐԱԳՐԻՑ ՕԳՏՎԵԼԻՍ. ՊԱՐԶԱԲԱՆՈՒՄ Է ՍԱՄՎԵԼ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆԸ
Տեղեկատվական անվտանգության փորձագետ, ԵՊՀ դասախոս Սամվել Մարտիրոսյանը հրապարակել է տեսանյութ, որտեղ մանրամասնորեն ներկայացրել է, թե ինչպես պետք է պաշտպանել «Zoom»-ով իրականացվող դասերը ներխուժումներից: