09.02.2018 | 
Կրթություն
ԱՆՆԱԽԱԴԵՊ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻ ԵՎ ԱՍՊԻՐԱՆՏՆԵՐԻ ՀԱՄԱՐ
ԱՆՆԱԽԱԴԵՊ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻ ԵՎ ԱՍՊԻՐԱՆՏՆԵՐԻ ՀԱՄԱՐ
Այսօր ԵՊՀ գիտխորհրդի նիստերի դահլիճում ԵՊՀ ասպիրանտներին, ուսանողներին և պրոֆեսորադասախոսական կազմին ներկայացվեց «FAST» հիմնադրամի՝ 2018-2019 ուստարվա համար նախատեսված կրթաթոշակային ծրագիրը:

Տեղեկատվական բնույթ ունեցող հանդիպումը կազմակերպվել էր ԵՊՀ ձեռներեցության զարգացման կենտրոնի,  ՈՒԳԸ-ի և Հայաստանի գիտության և տեխնոլոգիաների հիմնադրամի (FAST) համատեղ նախաձեռնությամբ:

 

Հանդիպման սկզբում ԵՊՀ ուսանողների, շրջանավարտների և հասարակայնության հետ կապերի գծով պրոռեկտոր Ռուբեն Մարկոսյանը ներկաներին տեղեկացրեց, որ վերջերս հիմնադրված «FAST» հիմնադրամի նպատակն է աջակցել ասպիրանտներին և նրանց համար ստեղծել լրացուցիչ հնարավորություններ, իսկ կրթաթոշակային ծրագիրը, որը կներկայացվի այսօր, իսկապես աննախադեպ է:

 

Այնուհետև «FAST» հիմնադրամի աշխատակից, հաղորդակցման և սոցիալական մեդիայի մասնագետ Արմինե Պետրոսյանը ներկայացրեց  հիմնադրամի գործունեությունը, դրա նպատակները, սկզբունքները, խոսեց իրականացվող աշխատանքների և հիմնադրամի գործընկերների մասին:

 

Հայաստանի գիտության և տեխնոլոգիաների հիմնադրամի փոխնախագահ Ստեփան Մարգարյանն էլ ներկայացրեց կրթաթոշակային ծրագրի մանրամասները: Նա նշեց, որ ծրագրի նպատակն է աջակցել ազգությամբ հայ կամ ՀՀ քաղաքացի  հանդիսացող տաղանդավոր այն ասպիրանտներին և ուսանողներին, ովքեր  ցանկություն ունեն Հայաստանի առաջատար բուհերում բնական գիտությունների, տեղեկատվական տեխնոլոգիաների, ճարտարագիտության և մաթեմատիկայի (STEM) բնագավառներում իրականացնելու գիտությունների թեկնածուի աստիճանի ձեռքբերմանն ուղղված հետազոտություններ:

 

 

«Կրթաթոշակը եզակի հնարավորություն է, որը ֆինանսական և ինստիտուցիոնալ աջակցություն է ցուցաբերում: 2018-2019 ուստարվա համար մենք ունենք 40 կրթաթոշակ. 5 ամբողջական կրթաթոշակ՝ յուրաքանչյուրը տարեկան 7.000 ԱՄՆ դոլարի չափով, 25 մասնակի կրթաթոշակ՝ յուրաքանչյուրը տարեկան 3.500 ԱՄՆ դոլար և 10 ամբողջական կրթաթոշակ իգական սեռի ներկայացուցիչների համար՝ յուրաքանչյուրը տարեկան 7.000 ԱՄՆ դոլար»,- ասաց Ստեփան Մարգարյանը:

 

Խոսելով պայմանների մասին՝ հիմնադրամի փոխնախագահը նշեց, որ դիմողը պետք է լինի ՀՀ քաղաքացի կամ ազգությամբ հայ, լինի ասպիրանտուրայի կամ մագիստրատուրայի վերջին կուրսի ուսանող, լինի ոչ ավելի, քան 35 տարեկան և ունենա մագիստրոսի աստիճան՝ 3.7 ՄՈԳ-ով. «Դիմելուց պետք է ներկայացնել փաստաթղթերի փաթեթ, որի մեջ ներառված կլինի հետազոտական ծրագրի նախագիծը (առնվազն երկու գրավոր նմուշ), դիմումին ուղեկցող նամակ, ինքնակենսագրություն, օտար լեզվի թեստի գնահատական («TOEFL»-ի դեպքում՝ առնվազն 79 միավոր), դիպլոմների պատճեններ և երկու երաշխավորագիր-նամակ: Ընդ որում՝ այս բոլոր փաստաթղթերը պետք է ներկայացնել անգլերենով»:

 

Ստեփան Մարգարյանը փաստեց, որ փաստաթղթերը ներկայացնելուց հետո սկսվելու է ընտրության փուլը.  «Սկզբնական շրջանում ներկայացվում են պահանջվող բոլոր փաստաթղթերը, այնուհետև հիմնադրամի աշխատակիցները նախնական ուսումնասիրություն են իրականացնում, որից հետո ընտրված փաստաթղթերն ուղարկվում են մասնագիտական հանձնաժողովին, որն էլ իր հերթին կուսումնասիրի և ընտրված մասնակիցներին կհրավիրի հարցազրույցի: Հարցազրույցից կարճ ժամանակ հետո կտրվի պատասխան»:

 

Հիմնադրամի փոխնախագահը տեղեկացրեց նաև, որ ընտրված մասնակիցները հիմնադրամի հետ կստորագրեն պայմանագիր և կունենան մի շարք պարտավորություններ. «Մասնավորապես ասպիրանտները տարեկան երկու անգամ պետք է ներկայացնեն ակադեմիական առաջադիմության հաշվետվություն, պետք է մասնակցեն գիտական սեմինարների, գիտաժողովների, կլոր սեղան-քննարկումների, պահանջված դեպքում էլ հանդես գան որպես «FAST»-ի դեսպան, այսինքն՝ որոշակի միջոցառումների շրջանակում ներկայացնեն հիմնադրամը և կրթաթոշակային ծրագիրը»:

 

Նշենք, որ հանդիպման ընթացքում հիմնադրամի ներկայացուցիչները պատասխանեցին նաև ներկաների հարցերին:

Տեղեկացնենք նաև, որ հիմնադրամի կրթաթոշակային ծրագրին առավել մանրամասն ծանոթանալու և դիմելու համար կարող եք այցելել հիմնադրամի պաշտոնական կայք կամ անցնել հետևյալ հղումով:

Այլ նորություններ
«ԱՍՏՂԱԳԻՏՈՒԹՅԱՆ ԿԱՊՆ ԱՅԼ ԳԻՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԵՏ». ՊԱՐԶԱԲԱՆՈՒՄ Է ԲՅՈՒՐԱԿԱՆԻ ԱՍՏՂԱԴԻՏԱՐԱՆԻ ՏՆՕՐԵՆ ԱՐԵԳ ՄԻՔԱՅԵԼՅԱՆԸ
ԵՊՀ քիմիայի ֆակուլտետի ՈՒԳԸ-ն Ֆարմացիայի ինստիտուտի ՈՒԳԸ-ի հետ համատեղ կազմակերպել էր պլենար դասախոսություն, որը վարում էր ՀՀ ԳԱԱ Վ. Համբարձումյանի անվան Բյուրականի աստղադիտարանի տնօրեն Արեգ Միքայելյանը:
ԵՐԿՈՒ ՆՈՐ ԴԱՍԱԳԻՐՔ. ԵՊՀ-ՈՒՄ ՌՈՒՍԵՐԵՆԻ ԴԱՍԱՎԱՆԴՈՒՄՆ ԱՎԵԼԻ ԱՐԴՅՈՒՆԱՎԵՏ Է ԴԱՐՁԵԼ
ԵՊՀ ռուս բանասիրության ֆակուլտետը երկու դասագիրք է հրատարակել։