11.09.2017 | 
Կրթություն
ԿՐԹԱԹՈՇԱԿՆԵՐԻ ԲԱԶՄԱԶԱՆՈՒԹՅՈՒՆ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻ ՀԱՄԱՐ
ԿՐԹԱԹՈՇԱԿՆԵՐԻ ԲԱԶՄԱԶԱՆՈՒԹՅՈՒՆ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻ ՀԱՄԱՐ
Սեպտեմբերի 8-ին ԵՊՀ ՈՒԳԸ-ի նախաձեռնությամբ Պալեանների անվան դահլիճում անցկացվեց «Արտերկրում անվճար սովորելու 10 ամբողջական կրթաթոշակներ» խորագրով սեմինարը:

Սեմինարի ընթացքում Վիշեգրադյան կրթաթոշակ, «Լույս» հիմնադրամ, Չիվնինգ կրթաթոշակ, «Էրասմուս Մունդուս», «Ֆուլբրայթ», «LazioDisu», Իտալիայի Կառավարության կրթաթոշակային ծրագիր, Կենտրոնական եվրոպական համալսարան (CEU), Եվրոպական քոլեջ (College of Europe) և DAAD կազմակերպությունների կողմից ներկայացվեցին արտասահմանյան կրթական հաստատություններում ուսումը շարունակելու հնարավորությունները:

 

ՈՒԳԸ նախագահ Մհեր Հակոբյանը, խոսելով միջոցառման մասին, նշեց, որ իրենք վաղուց էին մտածել ուսանողների համար կազմակերպել լայնամասշտաբ տեղեկատվական միջոցառում, որը նրանց կօգնի ոչ միայն տեղեկանալ, այլև փնտրել ու գտնել եվրոպական երկրներում ամբողջական կրթաթոշակներ ստանալու կարգը, միջոցառման կազմակերպմանն էլ մեծապես աջակցել է նախկին ՈՒԳԸ անդամ Էդիտա Եղիազարյանը, ով մի քանի տարի առաջ ստացել է Վիշեգրադյան կրթաթոշակ և ուսումը շարունակել Հունգարիայում:

 

Ինչ վերաբերում է ուսանողների հետաքրքրվածությանը, ՈՒԳԸ նախագահը տեղեկացրեց, որ միջոցառմանը մասնակցելու շուրջ 200-250 գրանցման հայտ է ներկայացվել, ինչն իսկապես ուրախալի է, քանի որ ուսանողների մեծ մասը դիմում է մագիստրատուրայում կրթությունը շարունակելու, մի փոքր հատվածն էլ՝ ասպիրանտուրայում սովորելու համար:

 

Կրթաթոշակների մասին տեղեկությունները ներկայացնում էին տվյալ կազմակերպությունների հայաստանյան ներկայացուցիչները կամ տվյալ կրթաթոշակը նախկինում ստացած անձինք:

 

Էդիտա Եղիազարյանը նախ ներկայացրեց նմանաբնույթ միջոցառում նախաձեռնելու նպատակը. «Տարիներ առաջ ես նույնպես անընդհատ մասնակցում էի տարբեր միջոցառումների և ծրագրերի, որպեսզի կրթաթոշակ և արտերկրում կրթություն ստանալու հնարավորություն ունենամ: Եվ այդ ժամանակ էլ հասկացա, թե ուսանողի համար ինչքան կարևոր ու արժեքավոր է ցանկացած ինֆորմացիա, ուստի կրթաթոշակ ստանալուց հետո որոշեցի սոցիալական բնույթ ունեցող նմանօրինակ միջոցառում կազմակերպել»:

 

Բանախոսը մանրամասն ներկայացրեց կրթաթոշակ ձեռք բերելու համար անհրաժեշտ քայլերի հերթականությունը, նշեց ժամանակահատվածները, պահանջվող փաստաթղթերը. «Եթե ցանկանում եք կրթաթոշակ ստանալ, նախևառաջ պետք է փնտրեք կրթաթոշակ և համալսարան արտերկրում, հանձնեք անգլերենի իմացության թեստ (TOEFL, GRE/GMAT), դիմեք համալսարան, ներկայացնեք կրթաթոշակի դիմում, ապա ստանաք վիզա և մեկնեք արտերկիր»:

 

Նա մանրակրկիտ ներկայացրեց նաև, թե ինչ գործողություններ պետք է անի ուսանողն արդեն արտերկիր մեկնելուց հետո, ապա խոսեց կրթաթոշակի առավելությունների և թերությունների մասին:

 

Միջոցառման արդյունավետության մասին խոսելիս Մհեր Հակոբյանը շեշտեց, որ այն առավելագույն և մանրակրկիտ տեղեկություններ տրամադրեց ներկաներին. «Հուսով եմ ու վստահ, որ ներկաների մի մասը հենց այս միջոցառման միջոցով և շնորհիվ կտեղեկանա ու կոնկրետ քայլերի կդիմի՝ եվրոպական բուհերում սովորելու համար»:

 

Այլ նորություններ
ԵՊՀ ՈՒՍԱՆՈՂՆԵՐՆ ԱՅՑԵԼԵՑԻՆ ՀՀ ԱԺ
Այսօր ԵՊՀ տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետի կառավարման և գործարարության ամբիոնի նախաձեռնությամբ մագիստրանտներն այցելեցին ՀՀ Ազգային ժողով:
ԱՄԵՆԱԲԱՐՁՐ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐ ԳՐԱՆՑԱԾ ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԸ ՍՏԱՑԱՆ ԻՐԵՆՑ ՊԱՐԳԵՎՆԵՐԸ
Այսօր ԵՊՀ գիտխորհրդի նիստերի դահլիճում ամփոփվեց «Հաղորդակցությունից համագործակցություն» խորագրով եռօրյա սեմինար-դասընթացը: