08.02.2019 | 
Կրթություն
«ԱՌԱՐԿԱՅԻ ԸՆԿԱԼՄԱՆ ԵՎ ՅՈՒՐԱՑՄԱՆ ՀԱՄԱՐ ՇԱՏ ԿԱՐԵՎՈՐ ԵՆ ՔԻՄԻԱԿԱՆ ՓՈՐՁԱՐԱՐԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԸ». ՔԻՄԻԱՅԻ ՖԱԿՈՒԼՏԵՏԻ ՓՈԽԴԵԿԱՆ ԱՐՄԵՆ ԳԱԼՍՏՅԱՆ
«ԱՌԱՐԿԱՅԻ ԸՆԿԱԼՄԱՆ ԵՎ ՅՈՒՐԱՑՄԱՆ ՀԱՄԱՐ ՇԱՏ ԿԱՐԵՎՈՐ ԵՆ ՔԻՄԻԱԿԱՆ ՓՈՐՁԱՐԱՐԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԸ». ՔԻՄԻԱՅԻ ՖԱԿՈՒԼՏԵՏԻ ՓՈԽԴԵԿԱՆ ԱՐՄԵՆ ԳԱԼՍՏՅԱՆ
Երևանի Գևորգ Էմինի անվան թիվ 182 ավագ դպրոցի աշակերտներն այսօր այցելեցին ԵՊՀ քիմիայի ֆակուլտետ՝ ծանոթանալու ֆակուլտետի կրթական ծրագրերին:

Աշակերտները շրջայց կատարեցին Քիմիայի ֆակուլտետի մի քանի լաբորատորիաներում և ծանոթացան ժամանակակից սարքավորումների աշխատանքին:

 

Քիմիայի ֆակուլտետի դեկանի տեղակալ Արմեն Գալստյանն աշակերտներին համառոտ ներկայացրեց ֆակուլտետի պատմությունը, լայնածավալ գիտակրթական գործունեության հիմնական ուղղությունները, աշխատաշուկայի պահանջները:

 

Նրա խոսքով, «Քիմիա» առարկայի ընկալման և յուրացման համար շատ կարևոր են փորձարարական աշխատանքները. «Դպրոցում աշակերտը պետք է մասնակցի տարբեր քիմիական փորձերին, որպեսզի կարողանա ընկալի առարկայի խորությունը, միայն գրքում գրված տեղեկատվությունը բավարար չէ: Ցավով եմ նշում, որ մեր դպրոցներում չկան համապատասխան նյութական ռեսուրսներ` քիմիական փորձեր իրականացնելու համար»:

Կարևորելով բուհ-դպրոց համագործակցությունը՝ նա նշեց, որ աշակերտները, գալով բուհ, ավելի խորքային տեղեկատվություն են ստանում համալսարանում իրականացվող կրթական ծրագրերի մասին:

 

 

Երևանի Գևորգ Էմինի անվան թիվ 182 ավագ դպրոցի «Քիմիա» առարկայի ուսուցչուհի Արմինե Մարտիրոսյանը նույնպես կարևորեց բուհ-դպրոց համագործակցությունը և ընդգծեց, որ այն մեծ ներդրում ունի աշակերտների մասնագիտական կողմնորոշման հարցում:

«Քանի որ դպրոցում գործող քիմիական լաբորատորիաները սակավաթիվ են, նյութատեխնիկական բազան շատ աղքատիկ է, իսկ սարքավորումները գրեթե չեն գործում գործնական աշխատանքներ իրականացնելու համար, ապա նման համագործակցությունները կարևոր են քիմիական փորձերը դիտարկելու համար»,-հավելեց «Քիմիա» առարկայի ուսուցչուհին:

 

Ա. Մարտիրոսյանի խոսքով, հիմնական դպրոցը բնագիտական առարկաների դասավանդումը ոչ բավարար է իրականացնում, անբարեխիղճ աշխատանքի արդյունքում աշակերտը կորցնում է սերը բնագիտական առարկաների նկատմամբ:

 

Անօրգանական և անալիտիկ քիմիայի ամբիոնի դոցենտ Ռոբերտ Ադամյանը հանդիպման ընթացքում աշակերտներին ցուցադրեց քիմիական դիտարժան փորձեր՝օքսիդիչների, վերականգնիչների հատկությունները, թթվածնի ստացումը, հավաքումը, ինչպես նաև մետաղների և ոչ մետաղների այրումներ թթվածնի միջավայրում:

 

Նշենք, որ աշակերտների հյուրընկալությունները ԵՊՀ շարունակական բնույթ են կրելու, ինչի նպատակն է նպաստել ավարտական դասարանների աշակերտների մասնագիտական կողմնորոշմանը և վերջիններիս ուղղորդել դեպի ԵՊՀ:

 

Նադեժդա Տեր-Աբրահամյան

    

 

 

Այլ նորություններ
 «ՏՎՅԱԼՆԵՐԻ ԳԻՏՈՒԹՅՈՒՆԸ ԲԻԶՆԵՍՈՒՄ» ՄԱԳԻՍՏՐՈՍԱԿԱՆ ԾՐԱԳՐԻ ՈՐՈՇ ՈՒՍԱՆՈՂՆԵՐ ՇԱՐՈՒՆԱԿԵԼՈՒ ԵՆ ՈՒՍՈՒՄԸ ՍԱՆ ԽՈՍԵԻ ՀԱՄԱԼՍԱՐԱՆՈՒՄ
Երևանի և Սան Խոսեի պետական համալսարանների 2019 թվականին ձեռք բերված համագործակցության շնորհիվ ԵՊՀ տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետի «Տվյալների գիտությունը բիզնեսում» մագիստրոսական ծրագրի ընտրական փուլը հաղթահարած 2-4 ուսանող 2020 թ. սեպտեմբերից կշարունակեն ուսումն ԱՄՆ-ի Սան Խոսեի պետական համալսարանի «Data Analytics» (MS) մագիստրոսական ծրագրում։ Համագործակցության, նպատակների ու հետագա գործունեության մասին ysu.am-ը զրուցել է «Տվյալների գիտությունը բիզնեսում» մագիստրոսական ծրագրի ղեկավար Ռուբեն Գևորգյանի և ընտրական փուլ հասած ուսանողներից մի քանիսի հետ։
«ԻՆԴՈՒՍՏՐԻԱՅԻ ՕՐ» ԵՊՀ ՄԱԹԵՄԱՏԻԿԱՅԻ ԵՎ ՄԵԽԱՆԻԿԱՅԻ ՖԱԿՈՒԼՏԵՏՈՒՄ
Երևանի պետական համալսարանի մաթեմատիկայի և մեխանիկայի ֆակուլտետն այսօր կազմակերպել էր «Ինդուստրիայի օր» խորագիրը կրող միջոցառում, որի նպատակն էր բարձր կուրսերի ուսանողներին հնարավորություն տալ ծանոթանալու ՏՏ ոլորտի ընկերությունների ներկայացուցիչների հետ և իրենց մագիստրոսական ծրագրի համար գտնելու համագործակցության ուղիներ։