25.06.2019 | 
Գիտություն
ՀԱՆԴԻՊՈՒՄ-ՔՆՆԱՐԿՈՒՄ ԵՊՀ-ՈՒՄ. ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ «ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ» ՊԱՐԲԵՐԱԿԱՆԻ ՆՈՐ ՀԱՄԱՐԸ
ՀԱՆԴԻՊՈՒՄ-ՔՆՆԱՐԿՈՒՄ ԵՊՀ-ՈՒՄ. ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ «ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ» ՊԱՐԲԵՐԱԿԱՆԻ ՆՈՐ ՀԱՄԱՐԸ
ԵՊՀ Պալեանների անվան դահլիճում այսօր տեղի է ունեցել «Արցախի երիտասարդ գիտնականների և մասնագետների միավորում» (ԱԵԳՄՄ) հասարակական կազմակերպության «Գիտական Արցախ» պարբերականի խմբագրական խորհրդի անդամների ու հոդվածագիրների հետ հանդիպում-քննարկումը:

ԵՊՀ-ի կողմից հիմնադրված «Գիտական Արցախ» պարբերականն ընդգրկված է ՀՀ   ԲՈԿ-ի կողմից սահմանված դոկտորական և թեկնածուական ատենախոսությունների հիմնական արդյունքների և դրույթների հրատարակման համար ընդունելի գիտական պարբերականների ցանկում:

 

Պարբերականի նոր համարում տեղ են գտել ՀՀ-ն, Արցախի Հանրապետությունը, Բելառուսը, Իրանը, Լեհաստանը, Շվեյցարիան և Ռուսաստանը ներկայացնող 50 անվանի և երիտասարդ գիտնականների աշխատանքները՝ հասարակական գիտությունների արդի հիմնախնդիրների վերաբերյալ:

 

 

«Արցախի երիտասարդ գիտնականների և մասնագետների միավորում» (ԱԵԳՄՄ) հասարակական կազմակերպության նախագահ Ավետիք Հարությունյանը փաստեց, որ պարբերականում տեղ գտած 47 աշխատանքներից 45-ը գիտական հոդվածներ են, իսկ  2-ը՝ գրախոսություններ. «Հոդվածագիրներից 8-ը գիտությունների դոկտորներ են, 13-ը՝ թեկնածուներ, 23-ն ասպիրանտներ և հայցորդներ են»:

 

««Գիտական Արցախ» պարբերականը ոչ միայն գիտական նկրտումներ ունի, այլև գիտական դիվանագիտությունը հայկական իրականության մեջ ձևավորելու և զարգացնելու նպատակ»,- ասաց Ավետիք Հարությունյանը:

 

 

Հանդիպում-քննարկմանը ներկա էին պարբերականի խմբագրական խորհրդի անդամներ և հոդվածագիրներ, որոնք հանդես եկան շնորհավորական ուղերձներով և ընդգծեցին գիտական հանդեսի կարևորությունը:

 

Նրանք նաև մասնագիտական խորհուրդներ տվեցին՝ «Գիտական Արցախ» պարբերականն առավել կատարելագործելու և ճանաչելի դարձնելու համար: Մասնավորապես հնչեցին առաջարկություններ հոդվածները ռուսերեն և անգլերեն թարգմանելու, հրատարակման պարբերականությունն ավելի հաճախակի դարձնելու, հոդվածներն ըստ գիտական խորագրերի դասակարգելու վերաբերյալ և այլն, որոնք Ավետիք Հարությունյանն ընդունեց ի գիտություն և ասաց, որ ամեն ինչ կանեն՝ աշխատանքներն առավել արդյունավետ դարձնելու համար:

 

 

Միջոցառմանը ներկա էր նաև Գավառի պետական համալսարանի ռեկտոր Ռուզաննա Հակոբյանը, որը նույնպես շնորհավորեց հեղինակներին և «Գիտական Արցախ»-ին անխախտ պարբերականություն մաղթեց:

 

Հանդիպման ավարտին ներկաները ստացան պարբերականի իրենց օրինակները:

Քնար Միսակյան

Այլ նորություններ
ԼՈՒՅՍ ԵՆ ՏԵՍԵԼ «ԵՊՀ ՈՒԳԸ ԳԻՏԱԿԱՆ ՀՈԴՎԱԾՆԵՐԻ ԺՈՂՈՎԱԾՈՒ» ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ԳԻՏԱԿԱՆ ՊԱՐԲԵՐԱԿԱՆԻ 2019 ԹՎԱԿԱՆԻ ԱՌԱՋԻՆ ՀԱՄԱՐՆԵՐԸ
ԵՊՀ գիտխորհրդի նիստերի դահլիճում այսօր տեղի ունեցավ «ԵՊՀ ՈՒԳԸ գիտական հոդվածների ժողովածու» երիտասարդական գիտական պարբերականի Բնական և ֆիզիկամաթեմատիկական գիտությունների 1.1 (27), Հումանիտար և հասարակական գիտությունների 1.2 (28) համարների շնորհանդեսը:
ՀԱՅ-ԹՈՒՐՔՄԵՆԱԿԱՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՄՐԱՊՆԴՄԱՆ ԳՈՐԾՈՒՄ ՄԱՀԹՈՒՄԿՈՒԼԻ ՖՐԱԳԻԻ ՊՈԵԶԻԱՆ ԲԱՑԱՌԻԿ ԴԵՐ Է ԽԱՂՈՒՄ. ԳԻՏԱԺՈՂՈՎ ԵՊՀ-ՈՒՄ՝ ՆՎԻՐՎԱԾ ԹՈՒՐՔՄԵՆ ՊՈԵՏԻ 295-ԱՄՅԱԿԻՆ
ԵՊՀ գիտական խորհրդի նիստերի դահլիճում այսօր տեղի ունեցավ «Մահթումկուլի Ֆրագին համաշխարհային մշակույթի պատմության մեջ» խորագրով գիտաժողով: