08.12.2017 | 
Գիտություն
ԳԻՏԱԿԱՆ ՀԱՐԹԱԿ ԵՐԻՏԱՍԱՐԴ ՀԵՏԱԶՈՏՈՂՆԵՐԻ ՀԱՄԱՐ
ԳԻՏԱԿԱՆ ՀԱՐԹԱԿ ԵՐԻՏԱՍԱՐԴ ՀԵՏԱԶՈՏՈՂՆԵՐԻ ՀԱՄԱՐ
Դեկտեմբերի 7-8-ը ԵՊՀ-ում անցկացվեց Իրավագիտության ֆակուլտետի ասպիրանտների և հայցորդների տարեկան գիտական երկօրյա նստաշրջանը:

Երիտասարդ գիտնականներին ողջունեցին և արդյունավետ աշխատանքային օր մաղթեցին ֆակուլտետի պրոֆեսորադասախոսական կազմի ներկայացուցիչները՝ ի դեմս դեկան Գագիկ Ղազինյանի:

 

«Ասպիրանտների և հայցորդների տարեկան գիտական նստաշրջանը երիտասարդ գիտնականներին ատենախոսության նախապաշտպանության փուլում հնարավորություն է տալիս ֆակուլտետի գիտական հանրությանը ներկայացնելու հետազոտական աշխատանքը: Ընթացքում նրանք հղկում են գիտական խոսքը, ձեռք բերում աշխատանքը ճիշտ ներկայացնելու և դասախոսների սուր հարցադրումներին պատասխանելու հմտություններ»,- ասում է Իրավագիտության ֆակուլտետի սահմանադրական իրավունքի ամբիոնի վարիչ Գևորգ Դանիելյանը:

 

Դեկտեմբերի 7-ին իրենց հետազոտական աշխատանքներն ու վերլուծությունները ներկայացրին Պետության և իրավունքի տեսության ու պատմության, Եվրոպական միջազգային իրավունքի, Քաղաքացիական իրավունքի և Քաղաքացիական դատավարության ամբիոնների ասպիրանտներն ու հայցորդները:

 

Պետության և իրավունքի տեսության ու պատմության ամբիոնի ասպիրանտ Հայկ Հարությունյանի զեկուցումը վերաբերում էր ՀՀ սահմանադրական բարեփոխումների լույսի ներքո տեղի ունեցած պետական կառավարման ձևի էվոլյուցիային:

 

Բանախոսը հանգամանալից ուսումնասիրել էր սահմանադրական դաշտում կատարված բոլոր փոփոխություններն ու դրա ազդեցությունը պետության կառավարման ձևի վրա, ինչն էլ վերջինիս թույլ տվեց հեշտությամբ պատասխանել դասախոսների կողմից հնչեցված մի շարք հարցերի: 

 

Եվրոպական միջազգային իրավունքի ասպիրանտ Նազելի Թովմասյանն էլ ներկայացրեց «Ներդրումների հասկացությունը միջազգային իրավունքում» թեմայով զեկուցում, որտեղ անդրադարձ կար միջազգային իրավական դաշտում ներդրումների հասկացության և դրանց պաշտպանության սկզբունքներին, ինչպես նաև զուգահեռներ էր անցկացված մարդու իրավունքների ոլորտի հետ:

 

Դեկտեմբերի 8-ին էլ զեկուցումներով հանդես եկան Սահմանադրական իրավունքի, Քրեական իրավունքի, Քրեական դատավարության և կրիմինալիստիկայի ամբիոնների հայցորդներն ու ասպիրանտները, ինչպես նաև Արցախի պետական համալսարանի (ԱրՊՀ) պատմության և իրավագիտության ֆակուլտետի իրավունքի ամբիոնի երկու երիտասարդ հետազոտող:

 

 

 

«Այս տարի ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի և Արցախի պետական համալսարանի միջև կնքվել է համագործակցության հուշագիր, որը նպատակ ունի նպաստել ԱրՊՀ-ում իրավաբանական կրթության կատարելագործմանը: Ուստի ողջունելի է, որ այսօր մեր երիտասարդ գիտնականների հետ իրենց հետազոտությունները կներկայացնեն նաև արցախցի հայցորդները և ասպիրանտները: Սա վկայում է, որ հուշագիրը գործում է: Վստահաբար կարող եմ նշել, որ համագործակցությունը շարունակական և արդյունավետ կլինի»,- նշեց Գագիկ Ղազինյանը և հավելեց, որ համագործակցության շրջանակում ԱրՊՀ իրավունքի ամբիոնի մի շարք դասախոսներ կմասնակցեն նաև դեկտեմբերի 12-ին կայանալիք ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի պրոֆեսորադասախոսական կազմի տարեկան գիտաժողովին:

Այլ նորություններ
ՉԻՆԱՍՏԱՆԸ 2020 ԹՎԱԿԱՆԻՆ ՈՒՂԵԾԻՐ Է ՈՒՂԱՐԿԵԼՈՒ «ԱՐՀԵՍԱՏԱԿԱՆ ԼՈՒՍԻՆ»
Չինաստանի Չենդու քաղաքի հետազոտական ինստիտուտի մասնագետները մշակել են լուսավորության համար նախատեսված արբանյակ՝ «արհեստական լուսին»:
ԳԻՏԱԺՈՂՈՎ՝ ՆՎԻՐՎԱԾ «ԲԱԶՄԱՎԷՊ» ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՆԴԵՍԻ 175-ԱՄՅԱԿԻՆ
Այս տարի լրանում է «Բազմավէպ» հայագիտական հանդեսի 175-ամյակը։ Այս առիթով ՀՀ սփյուռքի նախարարությունը, ՀՀ գիտությունների ազգային ակադեմիան և Մխիթարյան միաբանությունը 2018 թ.-ի հոկտեմբերի 19-ին Երևանում կազմակերպել են գիտաժողով: