13.01.2022 | 
Հասարակություն
ԵՊՀ-ՈՒՄ ՈԻՍՈՒՄՆԱՍԻՐՎԵԼՈՒ ԵՆ ԲՈՒՀ-ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՆՈՐ ՈՒՂԻՆԵՐԸ
ԵՊՀ-ՈՒՄ ՈԻՍՈՒՄՆԱՍԻՐՎԵԼՈՒ ԵՆ ԲՈՒՀ-ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՆՈՐ ՈՒՂԻՆԵՐԸ
ԵՊՀ տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետի կառավարման և գործարարության ամբիոնի վարիչ, դոցենտ Կառլեն Խաչատրյանի «Բուհ-կազմակերպություն համագործակցության զարգացման խնդիրները և լուծման ուղիները ՀՀ-ում» գիտական թեման ֆինանսավորման է երաշխավորվել ՀՀ ԿԳՄՍ նախարարության գիտության կոմիտեի կողմից:

Բուհ-կազմակերպություն կապի ամրապնդումն աշխարհի բազմաթիվ երկրների կրթական քաղաքականության առանցքում է։ Հատկապես զարգացող երկրներում այս հարցն առավել սուր է արտահայտված, քանի որ տնտեսական առաջընթացն առանց մարդկային կապիտալի զարգացման անհնար է իրականացնել։ Այս իմաստով, մրցունակ կրթության ապահովումը կարող է լինել աշխատուժի որակավորման, հետևաբար նաև արտադրողականության աճի գրավականը, ինչն էլ ուղղակիորեն կհանգեցնի տնտեսության զարգացմանը։

 

«Հայաստանի Հանրապետությունում մշտապես խոսվել է կրթության և աշխատաշուկայի կապի ապահովման կարևորության մասին։ Կառավարություններն իրենց ծրագրերում հատուկ անդրադարձ են կատարել այս խնդրին և դրան հասնելու որոշակի առաջնահերթություններ սահմանել։ Այդուհանդերձ ակներև է, որ ունենք լրջագույն խնդիր. մասնագիտական կրթություն ապահովող հաստատությունների ու տնտեսվարող սուբյեկտների միջև արդյունավետ համագործակցությունը մեր երկրում բացակայում է»,- ասում է Կ. Խաչատրյանը և հավելում, որ հաշվի առնելով այն հանգամանքը, որ ՀՀ-ում բուհերի և գործատուների միջև ձևավորված ավանդույթ, մշակույթ չկան, ինչպես նաև դեռևս նախանշված չեն այն մեխանիզմներն ու կառուցակարգերը, որով պետք է այդ համագործակցությունն իրականացվի, սույն թեմայի ուսումնասիրությունն արդիական է և բխում է կրթության ոլորտում ՀՀ կառավարության սահմանած գերակայություններից։

 

Հետազոտության նպատակն է բացահայտել բուհ-կազմակերպություն կապի ամրապնդման առկա ներուժն ու առաջարկներ մշակել դրա իրագործման ուղղությամբ։ 

 

ԵՊՀ դոցենտն ընդգծում է, որ մասնագետների պահանջարկի ձևավորմանն ուղղված տնտեսական քաղաքականությունը ներառում է խնդրի բավարար լուծման այնպիսի մեթոդների ու գործիքակազմի կիրառում, որի արդյունքում կբարձրանա տնտեսության մրցունակությունը. «Մրցունակության բարձրացման առանցքային հիմնախնդիրներից մեկը մասնագիտական կրթության այնպիսի համակարգի գործադրումն է, որն ուղղված կլինի բուհերի, աշխատանքի շուկայի, ճյուղային, օրենսդրական, զբաղվածության մասնագիտական ոլորտների կառուցվածքային բարեփոխումներին։ Տնտեսական զարգացման միջազգային փորձը վկայում է՝ որքան հավասարակշռված են տնտեսության, զբաղվածության և աշխատաշուկայի կառուցվածքները, այնքան հավասարակշռված և կայուն է տնտեսությունը, բարձր են աշխատանքի արտադրողականությունը և մարդկային կապիտալի օգտագործման արդյունավետությունը»:

 

Խնդրի լուծման թիրախն աշխատաշուկայի իրավիճակային վերլուծություններն են, մասնագետների պատրաստման որակական չափանիշների վերանայումը և գործատուների ներկայացրած պահանջները հաշվի առնելը: Ըստ այդմ՝ տնտեսության բարեփոխումները և կառուցվածքային տեղաշարժերը համակարգելու նկատառումներով անհրաժեշտ է համագործակցության ձևաչափ սահմանել կրթական ծառայություններ մատուցող կազմակերպությունների, գործատուների և աշխատանքի շուկան կարգավորող կառուցակարգերի միջև: Որոշ մասնագիտությունների գծով աշխատանքի առաջարկի և պահանջարկի միջև անհամապատասխանությունը մեղմացնելու ճանապարհին առաջնահերթ լուծում պահանջող խնդիր է դառնում մասնագիտական կրթությանը ներկայացվող պահանջների սահմանումը:

 

«Աշխարհի բազմաթիվ պետություններ, դիտարկելով բուհ-կազմակերպություն համագործակցության ընձեռած արդի հնարավորությունները, որպես վերոնշյալ խնդիրների լուծման ուղի ձեռնարկում են ռազմավարական, գործառութային ու ինստիտուցիոնալ միջոցառումներ՝ մշակելու և զարգացնելու բուհ-կազմակերպություն համագործակցության համակարգային մոդելը»,- փաստում է Կ. Խաչատրյանը և առանձնացնում ԵՄ փորձի առանձնահատկությունները, որտեղ բուհ-կազմակերպություն համագործակցությունը զարգանում է 2 ուղղությամբ՝ պետական/մասնավոր կազմակերպությունների հետ ֆորմալ/ոչ ֆորմալ համաձայնությունների շնորհիվ կադրային շարժունություն և ուսանողների/շրջանավարտների բիզնես գաղափարների կամ ակադեմիական արդյունքների առևտրայնացման համար անհրաժեշտ իրավական ու գործիքային մեխանիզմների ներդրում (տեխնոլոգիական պարկեր, բիզնես ինկուբատորներ, ակադեմիական բիզնեսներ):

 

ԵԱՏՄ տարածաշրջանում բուհ-կազմակերպություն համագործակցությունը մեծապես ուղղված է ուսանողական զբաղվածության մեխանիզմի կիրառմանը, մինչդեռ ակադեմիական արդյունքի առևտրայնացում ենթադրող կառուցակարգերը նվազ կիրառելի են, կամ դրանց կիրառման համար ինստիտուցիոնալ հիմքեր դեռևս չկան:

 

«Հայաստանի Հանրապետությունը չի կարող անմասն մնալ վերոնշյալ գործընթացներից, և ՀՀ կառավարության կողմից ներկայացված ծրագրերի կենսագործման անհրաժեշտ պայմաններից մեկը տնտեսական բարեփոխումների բնութագրիչների առկայությունն է, որոնց պարագայում հնարավոր կլինի առարկայնորեն ամրագրել կրթահամակարգի տարբեր մակարդակներում, այդ թվում՝ բիզնեսի հետ համագործակցության ձևաչափում   մասնագետների պատրաստման հարցերը: Ուստի բարձրագույն կրթության որակի ապահովման ժամանակակից  քննարկումների շրջանակում արդիական և հրամայական է  բուհ-կազմակերպություն արդյունավետ համագործակցության մոդելի մշակման և գործարկման հարցը՝ նպատակ ունենալով զարգացնելու ուսանողների/շրջանավարտների կարիերայի առաջընթացի աջակցության բուհական ծառայությունները և պետական/մասնավոր գործատու կազմակերպությունների շրջանում խթանելու ակտիվ մասնակցությունը փորձագիտական, տեխնիկական և ֆինանսական աջակցության ուղղություններով»,- մանրամասնում է տնտեսագետը:

 

Այսպիսով, ըստ Կ. Խաչատրյանի, մասնագետ կադրերի պատրաստման երաշխիքները կառուցվածքային քաղաքականության մշակման գործընթացի տարրերն են իրենց ներհատուկ տնտեսաիրավական կարգավորումներով, որոնց վերաբերյալ առկա է գիտագործնական լուծումների պահանջը. «Հաշվի առնելով գիտագործնական լուծումների պահանջը՝ պետք է շեշտել, որ սույն թեմայի գիտական հետազոտման առումով դեռևս չկան կատարված ամբողջական մշակումներ և վերլուծություններ, իսկ գործնական տեսանկյունից նախատեսվող ռազմավարական ծրագիր-փաթեթի մշակումը և ստացված արդյունքների պիլոտային կիրարկումն ու օրենսդրական փոփոխությունները ոլորտի բարելավման կամ առկա ընթացակարգերի վերափոխման նոր գործնական ուղենիշ են դառնալու»:

 

Վարդուհի Զաքարյան

 

 


 

Այլ նորություններ
ԵՊՀ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆՆ ԱՅՑԵԼԵՑ ԱՄԷ ԴԵՍՊԱՆՈՒԹՅՈՒՆ
ԵՊՀ զարգացման ու նորարությունների գծով պրոռեկտոր Միքայել Հովհաննիսյանը, արաբագիտության ամբիոնի վարիչ Հայկ Քոչարյանը, նույն ամբիոնի դասախոս Վահե Հակոբյանը պատվիրակվել էին Երևանում ԱՄԷ դեսպանություն` իրենց ցավակցությունը հայտնելու լուսահոգի շեյխ Խալիֆա իբն Զայեդ ալ-Նահյանի մահվան կապակցությամբ։
ԵՊՀ-ՈՒՄ ՆՇՎԵՑ ԲՈՒՀԻ ՀԻՄՆԱԴՐՄԱՆ 103-ԱՄՅԱԿԸ
Այսօր ԵՊՀ գիտական խորհրդի նիստերի դահլիճում տեղի ունեցավ միջոցառում՝ նվիրված Մայր բուհի հիմնադրման 103-ամյակին: Տոնի առթիվ դրամական պարգևներով և պատվոգրերով պարգևատրվեցին համալսարանի վարչական աշխատակիցներ, դասախոսներ, ուսանողներ, ինչպես նաև «ԵՊՀ օլիմպիադա-2022»-ի առաջին կարգի մրցանակակիրները: