«Երիտասարդ համալսարանականների միավորում» հասարակական կազմակերպության նախաձեռնությամբ, ԵՊՀ Պալեանների դահլիճում անցկացվեց «Հայոց ցեղասպանության պատմական դասերը» խորագրով միջբուհական ուսանողական գիտաժողով: Այն հաստատված է նաեւ ՀՀ կառավարության Մեծ եղեռնի 95-ամյա տարելիցին նվիրված միջոցառումների ցանկում:
ԵՊՀ գիտակազմակերպական բաժնի վարիչ Ալիկ Ղարիբյանը, ողջունելով ուսանողների նախաձեռնությունը, ասաց, որ ուրախալի է, երբ տարբեր բուհերի ուսանողներ Մեծ եղեռնի 95-ամյա տարելիցի նախօրեին գիտական աշխատանքներով դատապարտում են Ցեղասպանությունը: Գիտաժողովին մասնակցում էին ԵՊՀ տարբեր ֆակուլտետների եւ Հայկական պետական մանկավարժական համալսարանի ուսանողներ:
Նրանք իրենց զեկույցներում անդրադարձել էին Հայոց ցեղասպանության հետեւանքներին, իրավական կարգավորումներին, միջազգային ճանաչմանը եւ այլ հարցերի: ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի 2-րդ կուրսի ուսանող Տիգրան Նաղդալյանը ներկայացրեց զեկույց` «Հայոց ցեղասպանությանը իրավական կարգավորման ոլորտում» թեմայով: Ապագա իրավաբանն իր զեկույցում անդրադարձել էր Ցեղասպանության ճանաչման պահանջի հետադարձ ուժի խնդրին` զուգահեռներ անցկացնելով Հոլոքոստի հետ:
Հիշատակելով 1948թ.-ին ընդունված «Ցեղասպանության հանցագործությունը կանխարգելու եւ դրա համար պատժի մասին» կոնվենցիայի դրույթները` Տիգրան Նաղդալյանն ասում է, որ միջազգային իրավունքում նախադեպային որոշում կա` ցեղասպանության դատապարտման հետ կապված: «Երիտասարդ համալսարանականների միավորում» հասարակական կազմակերպության նախագահ Գեւորգ Մելքոնյանն էլ նշեց, որ ուսանողներն ընտրել են այնպիսի թեմաներ, որոնք այսօր արդիական են եւ հնարավորություն են տալիս գիտական նոր մոտեցումներ քննարկելու: