Գիտաժողովին բացման խոսքով հանդես եկավ ֆակուլտետի դեկան, բ.գ.դ., պրոֆեսոր Արծրուն Ավագյանը. «Ժողովրդական հեքիաթները մեր շատ ու շատ գրողներին ստեղծագործական նյութ են մատակարարել: Ժողովրդական այդ ստեղծագործությունները հաճախ դարձել են անհատական գրական գլուխգործոցներ: Մտաբերեցի այն միտքը, որ ամեն մարդ այնքան ազնիվ է, որքան հեքիաթ ունի իր մեջ»,- ասաց պրոֆեսորը:
ԵՊՀ ուսումնական գծով պրոռեկտոր Էլինա Ասրիյանը ներկայացրեց «Հեքիաթը՝ որպես անձի առաջնային պատկերացումների ձևավորման աղբյուր» թեմայով զեկույց:
«Ես ուսումնասիրում եմ այս թեման՝ սկսած 2002 թվականից, երբ առաջին անգամ մագիստրոսական թեզս նվիրեցի հեքիաթների և միֆերի վերլուծությանը: Այնուհետև սա վերածվեց թեկնածուական ատենախոսության, որի հիմքն էին հեքիաթը, միֆը, առասպելը: Այսօր ես կներկայացնեմ փոքրիկ հատված իմ բազմաթիվ հետազոտություններից, որոնք վերաբերում են հեքիաթի, էպոսի, առասպելի վերլուծությանը և հետազոտությանը»,- ասաց Է. Ասրիյանը և հույս հայտնեց, որ հեքիաթի ֆենոմենի հետազոտմանն ու քննարկմանը նվիրված գիտաժողովները կունենան պարբերական բնույթ, ավելի կմեծանա մասշտաբը, և հետագայում կիրականացվի միջազգային գիտաժողով:
Գիտաժողովի ընթացքում ներկայացված զեկույցներում հեքիաթը ներկայացվում է գրականագիտության, հոգեբանության, բանագիտության և թարգմանչական խնդիրների քննությամբ, դիտարկվում են այնպիսի խնդիրներ, ինչպիսիք են անձի ձևավորման վրա հեքիաթի ունեցած դերը, ժողովրդական հեքիաթի առասպելական-այլաբանական շերտերը, հեքիաթների գրական մշակումները արևմտահայ գրողների ստեղծագործություններում, հայկական թարգմանական հեքիաթը և Թումանյանի անձնական գրադարանում պահվող թարգմանված հեքիաթների նմուշները, հանրահայտ «Մոխրոտը» հեքիաթի հայկական մշակումները:
Հայ բանասիրության ֆակուլտետի՝ ակադ. Հր․ Թամրազյանի անվան հայ գրականության պատմության ամբիոնի կազմակերպած գիտաժողովին մասնակցում էին ԵՊՀ, ՀՀ ԳԱԱ հնագիտության և ազգագրության ինստիտուտի, Մ. Աբեղյանի անվան գրականության ինստիտուտի, Հովհաննես Թումանյանի թանգարանի ներկայացուցիչներ: