31.01.2020 | 
Քաղաքականություն
ՀԱՅՏՆԻ Է ԵՊՀ ՌԵԿՏՈՐԻ ԹԱՓՈՒՐ ՊԱՇՏՈՆԻ ՄՐՑՈՒՅԹԻ ԱՆՑԿԱՑՄԱՆ ՕՐԸ. ՏԵՂԻ Է ՈՒՆԵՑԵԼ ՀՈԳԱԲԱՐՁՈՒՆԵՐԻ ԽՈՐՀՐԴԻ ՆԻՍՏԸ
ՀԱՅՏՆԻ Է ԵՊՀ ՌԵԿՏՈՐԻ ԹԱՓՈՒՐ ՊԱՇՏՈՆԻ ՄՐՑՈՒՅԹԻ ԱՆՑԿԱՑՄԱՆ ՕՐԸ. ՏԵՂԻ Է ՈՒՆԵՑԵԼ ՀՈԳԱԲԱՐՁՈՒՆԵՐԻ ԽՈՐՀՐԴԻ ՆԻՍՏԸ
Օրակարգային 6 հարցով այսօր տեղի է ունեցել ՀԽ նիստը, որի ընթացքում հաստատվել են ԵՊՀ ռեկտորի, ինչպես նաև Իջևանի մասնաճյուղի տնօրենի թափուր պաշտոնների մրցույթների անցկացման օրերը:

Նիստի սկզբում Հոգաբարձուների խորհրդի նախագահ Գևորգ Մուրադյանն առաջարկեց օրակարգում ներառել Իջևանի մասնաճյուղի  կանոնադրության մեջ փոփոխություններ կատարելու հարցը՝ պատճառաբանելով, որ ՊՈԱԿ-ից հիմնադրամ անցնելիս կանոնադրությունը և կանոնակարգը չեն համաձայնեցվել: Առաջարկն ընդունվեց ՀԽ անդամների կողմից, որից հետո հաստատվեց նիստի օրակարգը:

 

Առաջին հարցի՝ «Երևանի պետական համալսարան» հիմնադրամի ռեկտորի ընտրության կանոնակարգի հաստատմանն անցնելով՝ Գևորգ Մուրադյանը հիշեցրեց, որ դեռևս նախորդ նիստին ձևավորվել էր հանձնախումբ, որն ուսումնասիրել է կանոնակարգը և ներկայացրել եզրակացություն: Բացի դրանից՝ ՀԽ նախագահի փոխանցմամբ, հարցը քննարկվել է նաև իրավաբանների հետ:

 

Նրա տեղեկացմամբ, կանոնակարգում կան դրույթներ, որոնք փոփոխելու առաջարկություններ են ներկայացվել, սակայն դրանք հաստատված են կանոնադրությամբ, որն ավելի բարձր իրավաբանական ուժ ունի և հաստատվում է  կառավարության կողմից. «Ըստ այդմ՝ բովանդակային մեծ փոփոխություններ չեն արվել»:

 

Ներկայացնելով առաջարկվող փոփոխությունները՝ Գևորգ Մուրադյանն ասաց, որ կանոնակարգի 2.2 կետում հանվել են թերթերի անունները՝ փոխարենը նշելով, որ առնվազն հինգ լրատվամիջոցներով պետք է հրապարակվի հայտարարությունը: Նա փաստեց, որ պահպանվել է 40 օր առաջ հրապարակելու դրույթը, բայց այն տրամաբանությամբ, որ դա նվազագույն ժամկետն է:

 

 

«Ավելացվել է այն կետը, որ Հայաստանում գործող գիտակրթական հիմնարկների մեծամասնությանն ուղարկվելու է հայտարարությունը: Հանվել է աշխատանքային գրքույկից քաղվածքի ներկայացումը, ինքնակենսագրության մեջ ավելացվել է ռեզյումեն: Հանվել է նաև վերջին աշխատանքային վայրից բնութագրի ներկայացման պահանջը, ինչն առնվազն պատշաճ չէ»,- ասաց Գևորգ Մուրադյանը:

 

Առաջարկվում է նաև փոփոխել կանոնակարգի 2.5 կետը, որի համաձայն՝ ԵՊՀ ռեկտորի թափուր պաշտոնի բաց մրցույթին մասնակցելու համար փաստաթղթերի հանձնումը պետք է ավարտվի մրցույթի անցկացումից ոչ թե 10, այլ 15 օր առաջ: Բացի դրանից՝ առաջարկվում է հանել 3.2 կետով սահմանվող այն դրույթը, թե ԵՊՀ ռեկտոր կարող է առաջադրվել առնվազն 3 տարվա ղեկավար աշխատանքային փորձ ունեցող մարդը, քանի որ կանոնադրության մեջ նման պահանջ չկա: ՀԽ անդամներին ներկայացված առաջարկվող բոլոր փոփոխությունները հաստատվեցին խորհրդի կողմից:

 

 

Անդրադառնալով օրակարգային հաջորդ հարցին՝ Գևորգ Մուրադյանն առաջարկեց ԵՊՀ ռեկտորի թափուր պաշտոնի մրցույթի անցկացման օր հաստատել մարտի 27-ը, որպեսզի նախքան հայտարարություն հրապարակելը լուծվեն տեխնիկական բոլոր հարցերը:

 

ԵՊՀ պետության և իրավունքի տեսության ու պատմության ամբիոնի վարիչ Արթուր Վաղարշյանն առաջարկեց մեկ շաբաթ շուտ անցկացնել մրցույթը՝ հիմնավորելով, որ ապրիլի 1-ին կառավարության որոշմամբ ավարտվում են ՀԽ-ի լիազորությունները, իսկ մարտի 27-ին անցկացնելու դեպքում հնարավոր է, որ թեկնածուները շատ լինեն, և գործընթացը երկարի: ՀԽ-ի անդամները որոշեցին մրցույթն անցկացնել մարտի 23-ին:

 

Օրակարգային հաջորդ հարցը վերաբերում էր Իջևանի մասնաճյուղի  կանոնադրության մեջ փոփոխություններ կատարելուն: Գևորգ Մուրադյանն ասաց, որ առաջարկվում է կանոնադրության 30-րդ կետում ավելացնել 3 տարվա ղեկավարման փորձ ունենալու պահանջը, ինչը քննարկման ժամանակ որոշվեց չընդունել:

 

Ըստ այդմ՝ օրակարգային հաջորդ հարցի շրջանակում որոշվեց «Երևանի պետական համալսարան» հիմնադրամի Իջևանի մասնաճյուղի տնօրենի ընտրության կանոնակարգը համապատասխանեցնել կանոնադրությանը:

 

Նիստի ընթացքում քննարկվեց Իջևանի մասնաճյուղի տնօրենի թափուր պաշտոնի մրցույթի անցկացման օրը. որոշվեց այն անցկացնել մարտի 16-ին:

 

Անցնելով օրակարգային վերջին հարցին՝ Գևորգ Մուրադյանն անդրադարձավ 2019 թ. աուդիտի պայմանների հաստատմանը և նշեց, որ տեխնիկական վրիպակ կա, որը պետք է հանել: Հոգաբարձուների խորհուրդը հաստատեց փոփոխության առաջարկությունը և քննարկեց առաջիկայում աուդիտի արդյունավետ անցկացման կազմակերպումը:

 

Քնար Միսակյան

 


Այլ նորություններ
ԵՐԵՎԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ ԿՈՉԸ  ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԳՈՐԾԸՆԿԵՐՆԵՐԻՆ ԼԱՉԻՆԻ ՄԻՋԱՆՑՔԻ ԱՐԳԵԼԱՓԱԿՄԱՆ ՀԵՏԵՎԱՆՔՈՎ ՍՏԵՂԾՎԱԾ ԻՐԱՎԻՃԱԿԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Դեկտեմբերի 12-ի առավոտից Ադրբեջանի մի խումբ քաղաքացիներ, ներկայանալով որպես բնապահպանական ակտիվիստներ, արգելափակել են բնականոն ու անարգել տեղաշարժը Գորիս–Ստեփանակերտ ճանապարհին (Լաչինի միջանցք), որն այսօր Լեռնային Ղարաբաղն արտաքին աշխարհին կապող միակ ճանապարհն է։ Բացի դրանից՝ այս օրերի ընթացքում Ադրբեջանը ձմռան սաստիկ ցրտի պայմաններում արցախցիներին 75 ժամ թողել էր առանց գազի:
ԻՐԱՎԱԳԻՏՈՒԹՅԱՆ ՖԱԿՈՒԼՏԵՏԻ ՈՒԽ-Ն ԿԱԶՄԱԿԵՐՊԵԼ ԷՐ ՊԱՆԵԼԱՅԻՆ ՔՆՆԱՐԿՈՒՄ
Քննարկման հրավիրյալ բանախոսներն էին պ.գ.դ., պրոֆեսոր Ռուբեն Մելքոնյանը, տնտ. գիտ. թեկն., դոցենտ Կառլեն Խաչատրյանը և իրավ. գիտ. թեկն. Լևոն Գևորգյանը: