12.09.2017 | 
Ուսանողական
ԵՐԳԻՉ ՍԵՎԱԿ ԽԱՆԱՂՅԱՆԸ ՀՅՈՒՐԸՆԿԱԼՎԵՐ ԷՐ ԵՊՀ-ՈՒՄ
ԵՐԳԻՉ ՍԵՎԱԿ ԽԱՆԱՂՅԱՆԸ ՀՅՈՒՐԸՆԿԱԼՎԵՐ ԷՐ ԵՊՀ-ՈՒՄ
Այսօր ԵՊՀ ՈՒԽ մշակույթի հանձնաժողովի նախաձեռնությամբ Ե. Չարենցի անվան դահլիճում տեղի ունեցավ հանդիպում-զրույց երգիչ Սևակ Խանաղյանի հետ:

Հարց ու պատասխանի ձևաչափով հանդիպման ընթացքում ուսանողներն իրենց հետաքրքրող հարցերն ուղղեցին արդեն սիրված ու հայտնի երգիչ, ուկրաինական «X ֆակտոր» նախագծի 7-րդ եթերաշրջանի հաղթող Սևակ Խանաղյանին:

 

Խոսելով իր երաժշտական գործունեության մասին՝ երգիչը նշեց, որ երաժշտությամբ և ստեղծագործելով սկսել է զբաղվել դեռ վաղ մանկուց. «Ես ինքս եմ ընտրել իմ ուղին և ապրում եմ երաժշտությամբ դեռ վաղ մանկուց, իսկ իմ առաջին երգը գրել եմ 10-12 տարեկանում: Իմ կյանքում շատ դժվարություններ են եղել, բայց չնայած դրանց՝ ես երբեք չեմ դադարել զբաղվել երաժշտությամբ ու միշտ հավատարիմ եմ իմ ընտրած ուղուն»:

 

Սևակ Խանաղյանը հավելեց, որ գուցե ճանաչման է հասել կարճ ժամանակահատվածում, բայց դրանից առաջ ինքը շուրջ 20 տարի զբաղվել է երաժշտությամբ, ստեղծագործել է, որպեսզի երբ պահը հասունանա, ասելիք ունենա իր լսարանին:

 

 

Ուսանողներից մեկի այն հարցին, թե որքանով է իրեն հայ ու որքանով ռուս համարում, երգիչը պատասխանեց. «Սևակ Տիգրանի Խանաղյանը չի կարող իրեն ռուս համարել: Ես ծնվել ու մեծացել եմ Հայաստանում ու չնայած նրան, որ կյանքիս մեծ մասն անց եմ կացրել ռուսական միջավայրում, չեմ դադարել հայ լինել: Ես ամեն տեղ բարձրաձայնում եմ՝ հպարտ եմ, որ հայ եմ»:

 

Խոսելով անելիքների մասին՝ Սևակը նշեց, որ առաջիկայում ձայնասկավառակ է թողարկելու, ինչպես նաև լինելու է «Հայաստանի ձայնը» նախագծի 4-րդ եթերաշրջանի ժյուրիի անդամ. «Իսկապես շատ հուզիչ է նստել այդ աթոռին որպես մարզիչ, քանի որ ինքս որոշ ժամանակ առաջ կանգնել եմ նման աթոռի դիմաց որպես մասնակից: Հուսով եմ, որ ես ոչ ոքի չեմ նեղացնի և կկարողանամ լսել ու ճիշտ հասկանալ բոլոր նրանց, ովքեր ասելիք կունենան ինձ»:

 

Հանդիպման ընթացքում երգիչն իր արդեն սիրված երգերից մի քանի հատվածներ կատարեց ուսանողների հետ:

                                                                                                                               

  

Այլ նորություններ
«ՖԻԶԻԿՈՍ» ԿԱՏՈՒՆ, ՈՐՆ ԱՊՐՈՒՄ Է ԵՊՀ-ՈՒՄ
Մոլեկուլային ֆիզիկայի ամբիոնի դասախոս, ֆիզմաթ. գիտ. թեկնածու, պրոֆեսոր Վլադիմիր Ֆեոդորի Մորոզովն իր աշխատասենյակում պահում է տասնմեկամյա Մաթիլդա կատվին: Կատվի անունը «Փոքրիկը և Կառլսոնը» մուլտֆիլմից է: Ըստ Մորոզովի՝ Մաթիլդան ֆիզիկայից ավելի շատ գիտելիքներ ունի, քան որոշ ուսանողներ:
ԵՊՀ ԻՐԱՎԱԳԻՏՈՒԹՅԱՆ ՖԱԿՈՒԼՏԵՏԻ ՄԱԳԻՍՏՐԱՏՈՒՐԱՅԻ ՇՐՋԱՆԱՎԱՐՏՆԵՐԻՑ 24-Ը ՍՏԱՑԱՆ ԳԵՐԱԶԱՆՑՈՒԹՅԱՆ ԴԻՊԼՈՄ
Այսօր ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի դատական նիստերի դահլիճում տեղի ունեցավ 2017-2018 ուստարվա մագիստրատուրայի շրջանավարտների դիպլոմների հանձնման հանդիսավոր արարողությունը: Նշենք, որ այս տարի 51 շրջանավարտից 24-ը ստացան գերազանցության դիպլոմ: