25.10.2011 | 
Մշակույթ
ԵՎՐՈՊԱԿԱՆ ԳՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՏԵՂԱՓՈԽՎԵԼ ԷՐ ԵՊՀ
ԵՎՐՈՊԱԿԱՆ ԳՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՏԵՂԱՓՈԽՎԵԼ ԷՐ ԵՊՀ
Մայր բուհը նույնպես իր հարկի տակ հյուրընկալեց եվրոպական երկրներից ժամանած գրողներին:

ՀՀ մշակույթի նախարարության նախաձեռնած «Գրական տապան. տասը տարի անց» ծրագրի շրջանակներում եվրոպական մի շարք երկրներից Հայաստան են ժամանել 15 գրողներ: Ծրագիրը մեկնարկել է հոկտեմբերի 19-ին եւ տեւելու է մինչեւ հոկտեմբերի 28-ը: Նախագծի շրջանակներում նրանց հնարավորություն է տրվել տեսնելու Հայաստանը, ճանաչելու հայ մարդուն, նրա ավանդույթներն ու մշակույթը: Քննարկվել են նաեւ ժամանակակից գրականության ու մշակույթի խնդիրները: Իսկ այսօր հերթը ԵՊՀ-ինն էր:

 

Ուսանողների եւ դասախոսների հետ հանդիպման էին եկել Պետեր Սաուտերը (Էստոնիա), Կլաուդիո Պոցցանին (Իտալիա), Սվանտե Լիխտենշտեյնը (Գերմանիա), Ֆիլիպ Զանդայկը (Ֆրանսիա), Սերժ վան Դայնհովենը (Հոլանդիա) եւ Սերժ Վենտուրինին (Ֆրանսիա): Հյուրերին նախ ընդունեց ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը: Նրանք մտքեր փոխանակեցին ժամանակակից գրականության վերաբերյալ, ներկայացրին նաեւ մեր երկրից ստացած իրենց տպավորությունները, իսկ պարոն Սիմոնյանը պատմեց համալսարանի մասին, ինչից հետո գրողները տեղափոխվեցին ԵՊՀ գիտխորհրդի նիստերի դահլիճ, որտեղ նրանց սպասում էին ուսանողները: Ֆրանսիացի բանաստեղծ Սերժ Վենտուրինին Հայաստան է այցելել դեռեւս 1987-90-ական թվականներին, տեսել է Սպիտակի երկրաշարժը, Արցախյան ազատամարտը եւ այլն:

 

Սակայն նա Հայաստանի հետ կապված է նաեւ մեկ այլ թելով. նրա կինը` թարգմանչուհի Էլիզաբեթ Մուրադյանը, հայ է: Սերժ Վենտուրինին ֆրանսերեն է թարգմանել Եղիշե Չարենցի եւ Սայաթ-Նովայի ստեղծագործությունները եւ խոստովանում է, որ իր ստեղծագործություններում նրանց ազդեցությունը շատ զգալի է: «Թերեւս ֆրանսիացի բանաստեղծներից ամենահայը ես եմ: Իմ թարգմանիչն ասում է, որ ես հայ եմ` ֆրանսիական ծագումով: Իմ պատմությունը Հայաստանի հետ, ինչպես հասկացաք, իմ սիրո պատմությունն է. սեր կնոջ, ժողովրդի, հողի հանդեպ»,- ասում է պարոն Վենտուրինին:

 

Կազմակերպիչները նաեւ նշում են, որ գրականությանն ու գրքին նվիրված այս նախագիծը լավ առիթ է եվրոպացի գրողներին ներկայացնելու 2012 թվականին մեզ սպասվող գրական իրադարձությունները՝ հայ գրատպության 500-ամյակը եւ ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից Երեւանը գրքի համաշխարհային մայրաքաղաք հռչակումը: Ծրագրի ավարտից հետո նաեւ գիրք կտպագրվի, որտեղ կզետեղվեն Հայաստան ժամանած հեղինակների թարգմանությունները եւ մեր երկրից ստացած տպավորությունների հիման վրա գրված ստեղծագործությունները:

Այլ նորություններ
«ՖՐԱՆՍԻԱԿԱՆ ՊՈԵԶԻԱ» ԳՐՔԻ ՇՆՈՐՀԱՆԴԵՍ  ԵՎ ԳԻՆԵՁՈՆԻ ԱՐԱՐՈՂՈՒԹՅՈՒՆ ԵՊՀ ՄՇԱԿՈՒՅԹԻ ԿԵՆՏՐՈՆՈՒՄ
ԵՊՀ մշակույթի կենտրոնում Ֆրանկոֆոնիայի օրերի շրջանակում այսօր տեղի է ունեցել ԵՊՀ ԵԼՀ ֆակուլտետի արտասահմանյան գրականության ամբիոնի վարիչ, դոցենտ Անուշ Սեդրակյանի «Ֆրանսիական պոեզիա» գրքի շնորհանդեսը և գինեձոնի արարողությունը:
«ԱՐԻ՛ ՄՐՑԵՆՔ». ՊԱՐԻ ՄՐՑՈՒՅԹԻ ԱՌԱՋՆՈՒԹՅՈՒՆ ԵՊՀ-ՈՒՄ
«Արի՛ մրցենք» առաջնության շրջանակում ԵՊՀ ՈՒԽ մշակույթի հանձնաժողովն այսօր կազմակերպել էր պարի միջֆակուլտետային մրցույթ։