27.12.2018 | 
Ուսանողական
ԵՊՀ-Ն ՏԱՐԻՆ ԱՄՓՈՓԵՑ ՆԱԵՎ ՍՊՈՐՏԱՅԻՆ ՀԱՂԹԱՆԱԿՆԵՐՈՎ
ԵՊՀ-Ն ՏԱՐԻՆ ԱՄՓՈՓԵՑ ՆԱԵՎ ՍՊՈՐՏԱՅԻՆ ՀԱՂԹԱՆԱԿՆԵՐՈՎ
ՀՀ ԿԳՆ ու ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության կողմից իրականացվող մարզական խաղերում ԵՊՀ-ն գրանցեց մի շարք հաջողություններ:

Նոյեմբերը հաղթանակների ամիս դարձավ Ֆիզիկական դաստիարակության և սպորտի ամբիոնի համար. տարբեր սպորտաձևերում ԵՊՀ ուսանողները գրանցեցին մի շարք հաղթանակներ և դարձան գավաթակիրներ:

 

ysu.am-ն անդրադարձավ ուժային եռամարտի, բասկետբոլի և վոլեյբոլի մարզաձևերում ԵՊՀ ուսանողների գրանցած հաղթանակներին, թիմային համախմբվածությանն ու հետագա ծրագրերին: 

 

Վոլեյբոլի մրցումները մեկնարկել էին նոյեմբերի 26-ից:

 

Մինչև առաջնությունը թիմը լրջագույնս պատրաստվել և պարբերաբար մարզվել է:

 

ԵՊՀ վոլեյբոլի թիմի մարզիչ Երվանդ Զաքարյանը տեղեկացրեց, որ մարզումներն անցկացվել են շաբաթական երեք անգամ:

 «Մեր հաղթանակի գրավականը յուրաքանչյուր մարզիկի նվիրումն ու քրտնաջան աշխատանքն է»,- ընդգծեց մարզիչը:

 

Առաջնորդվելով «Մասնակցությունը դեռ հաղթանակ չէ» նշանաբանով՝ թիմը մարզական խաղերում  աչքի է ընկել բարձր ցուցանիշներով: «Մեզ համար ամենացածր հորիզոնականը երրորդն է եղել»,- նկատեց մարզիչը:

 

Տղաները պատմեցին, որ այս հաղթանակը նվիրել են մարզիչի ծննդյան տարեդարձին. «Շնորհավորանքների ու բարեմաղթանքների շարքում մերն առանձնահատուկ էր»,- նշեց Սանասար Գրիգորյանը:

 

Վերջինս ԵՊՀ պատմության ֆակուլտետի նախկին ուսանող է, բայց ուսումն ավարտելուց  հետո  շարունակել է մնալ  թիմում և պայքարել նույն գաղափարի համար: 

 

Թիմի ավագը ԵՊՀ ֆարմացիայի ինստիտուտի ուսանող Արտյոմ Համբարձումյանն է, որն արդեն 10 տարի է, ինչ զբաղվում է սպորտով:

 

Ծանոթանալով տարբեր սպորտաձևերին՝ Արտյոմը, ի վերջո, ընտրել է վոլեյբոլը. «Վոլեյբոլն ինձ հոգեհարազատ է, ես ինձ այլ սպորտաձևում չեմ պատկերացնում»:

 

Տղաներն առանձնահատուկ անդրադարձան նաև թիմի «ողնաշարին»՝ ԻԿՄ ֆակուլտետի երրորդ կուրսի ուսանող Ռոման Թադևոսյանին, որը խաղի բոլոր փոխանցումների հեղինակն է:

 

Ռոմանը չժխտեց  վերոնշյալ դիտարկումն ու վստահեցրեց. «Ամեն ինչ անելու եմ, որ պատվով դուրս գամ»:

 

Թիմի գլխավոր ռմբարկուն Յուրի Գրիգորյանն է: Նա  ԻԿՄ ֆակուլտետի չորրորդ կուրսի ուսանող է և երկար ժամանակ է արդեն, ինչ ԵՊՀ թիմի կազմում է:

 

Յուրիի խոսքով, թիմն առանձնանում է ոչ միայն պայքարող ոգով, այլև ընկերական ամուր կապով:

 

«Վստահ կարող եմ ասել, որ կարճ ժամանակահատվածում մնայուն ընկերներ ենք ձեռք բերել»,- հավելեց  Ռադիոֆիզիկայի ֆակուլտետի ուսանող Ավետիք Այվազյանը:

 

Ավետիք Այվազյանն ու Տարոն Հակոբյանը վերջերս են վերադարձել բանակից: Նրանց խոսքով, թիմին ընտելանալն ու նրա անբաժան մասը դառնալը դյուրին են եղել:

 

Իսկ թիմի մյուս անդամ Արմեն Եսայանի բնորոշմամբ, յուրաքանչյուր նոր և կարևոր բան սովորում է հենց  այս թիմից: 

 

Կարևորելով յուրաքանչյուրի դերն ու նշանակությունը, փաստելով թիմի աշխատասիրությունն ու պատրաստակամությունը, ընդգծելով համախմբվածությունն ու ամուր կամքը՝ թիմը միաձայն վստահեցրեց, որ շարունակելու է նույն ոգով ու «Մեկը բոլորի, բոլորը՝ մեկի համար» կարգախոսով:


 

Թիմի անդամները հույս հայտնեցին՝ հաղթանակները կօգնեն, և մինչբուհական առաջնությունից զատ՝ իրենք ակտիվորեն կմասնակցեն միջազգային ամենատարբեր մրցույթների:

 

Բասկետբոլի հաղթանակները ևս պայմանավորված էին թիմային պատրաստակամությամբ և անկոտրում ոգով:

 

Թիմի մարզիչ Վլադիմիր Զաքոյանը փաստեց, որ ամեն տարի թիմը մարզվում և պատրաստվում է պատշաճ կերպով:




Թիմի անդամներից Արման Դանիելյանը բասկետբոլով սկսել է զբաղվել դպրոցական տարիներից. «Ֆիզիկական դաստիարակության ժամերին բասկետբոլի խաղերում պարտվում էի, ինչն էլ ստիպեց կոփել կամքս, գնալ պարապմունքների և զբաղվել այս մարզաձևով»:

 

Արմանը սովորում է Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտում, միաժամանակ ԵՊՀ աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետի երրորդ կուրսի ուսանող է:

 

Իհարկե, ինչպես բասկետբոլի, վոլեյբոլի, այնպես էլ ուժային եռամարտի սպորտաձևում կարևոր է մարզչի ունեցած ներդրումը:

Սպորտի վարպետ, ԵՊՀ ֆիզդաստիարակության ամբիոնի դոցենտ Աշոտ Սարգսյանը համախմբում է թիմը, վստահություն ներշնչում ու օգնում, որ պայքարեն մինչև վերջ:

 

Մարզիչը նշեց, որ մարզաձևում ներառված են Սոցիոլոգիայի, Կենսաբանության, Պատմության, Ռոմանագերմանական բանասիրության ֆակուլտետների ուսանողները. «Սպորտաձևն ինքնին վստահություն է, կամք, այն կոփում է մարմինն ու հոգին, օգնում դիմակայել թվացյալ դժվարություններին»: 

 

Թիմի կազմում են 4 աղջիկ և 8 տղա:

 

 67 և 48 կգ քաշային կարգերում ներկայացած համալսարանական երկու աղջիկները՝ Լիդա Ազաբյանը և Վարդանուշ Ավագյանը, ուժային եռամարտով զբաղվել են ընդամենը երկու ամիս: Ըստ մարզչի՝ եթե տղաների գրանցած արդյունքները կարելի էր կանխորոշել, ապա աղջիկները գերազանցեցին բոլոր սպասելիքները:


 

Լիդա Ազաբյանը կարևորեց մարզչի դերն իրենց գրանցած հաղթանակներում. «Ամեն անգամ, երբ հոգնում եմ, ընկճվում, պարոն Սարգսյանը գոտեպնդում է ինձ»:

 

Մարզչի նվիրական աշխատանքի մասին խոսեց նաև Պատմության ֆակուլտետի չորրորդ կուրսի ուսանող Մանվել Ազիզյանը. «Այս մարզաձևով զբաղվել եմ մարզչիս՝ Աշոտ Սարգսյանի խորհրդով»:

 

Մանվելը վստահեցրեց, որ հաղթանակները շարունակական են լինելու:

ԱՆԳԻՆ խԱՉԱՏՐՅԱՆ

Այլ նորություններ
«ԵՊՀ-Ն ՍՈՎՈՐԵՑՐԵԼ Է ՏԱՐԲԵՐ ՈԼՈՐՏՆԵՐԻ ՄԱՍԻՆ ԽՈՍԵԼ ԳԻՏՈՒԹՅԱՆ ԼԵԶՎՈՎ». ԳԱՅԱՆԵ ԼԱԼԱՅԱՆ
ԵՊՀ փիլիսոփայության և հոգեբանության ֆակուլտետի ուսանող Գայանե Լալայանը «Լավագույն ուսանող» հանրապետական մրցույթի հումանիտար գիտությունների ոլորտում մագիստրոսի կրթական ծրագրով հաղթողներից է: Գայանեի հետ զրույցի առանցքում ուսանողական տարիներից գիտական գործունեություն ծավալելու և վերապատրաստման միջազգային դասընթացների մասնակցելու կարևորությունն է:
«ԱՇԽԱՏԱՍԻՐՈՒԹՅՈՒՆՆ ՈՒ ՆՊԱՏԱԿԱՍԼԱՑՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՂԹԱՆԱԿՆԵՐԻ ԳՐԱՎԱԿԱՆՆ ԵՆ». ՆԱՐԵ ՇԱԼՈՒՆՑ
ԵՊՀ եվրոպական լեզուների և հաղորդակցության ֆակուլտետի ուսանող Նարե Շալունցը «Լավագույն ուսանող» հանրապետական մրցույթի հումանիտար ոլորտում մագիստրոսի կրթական ծրագրով երկրորդ տեղի մրցանակակիր է: Նարեի հետ զրուցել ենք ֆակուլտետի ընձեռած հնարավորությունների, ուսանողական տարիներից գիտական գործունեություն ծավալելու կարևորության և այլ թեմաների շուրջ: