12.09.2022 | 
Կրթություն, Գիտություն
ԵՊՀ-Ն ՄԱՍՆԱԿՑԵԼ Է «ՍԹԱՐՄՈՒՍ» ՓԱՌԱՏՈՆԻ ՇՐՋԱՆԱԿՈՒՄ ԿԱԶՄԱԿԵՐՊՎԱԾ «ԳԻՏՈՒԹՅԱՆ ՃԱՄԲԱՐ» ԾՐԱԳՐԻՆ
ԵՊՀ-Ն ՄԱՍՆԱԿՑԵԼ Է «ՍԹԱՐՄՈՒՍ» ՓԱՌԱՏՈՆԻ ՇՐՋԱՆԱԿՈՒՄ ԿԱԶՄԱԿԵՐՊՎԱԾ «ԳԻՏՈՒԹՅԱՆ ՃԱՄԲԱՐ» ԾՐԱԳՐԻՆ
ԵՊՀ ֆիզիկայի և կենսաբանության ֆակուլտետները «Գիտության ճամբարում» ներկայացել են թեմատիկ տաղավարներով:

Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի հարակից տարածքը սեպտեմբերի 8-11-ը վերածվել էր գիտության ու տեխնոլոգիաների մասշտաբային կենտրոնի, որտեղ ներկայացվում էին գիտության նորագույն նվաճումներն ու ձեռքբերումները։

 

 

ԵՊՀ կենսաբանության ֆակուլտետի կենդանաբանության ամբիոնը «Գիտության ճամբարում» ներկայացրել է Հայաստանում տարածված և Կարմիր գրքում գրանցված ժայռային մողեսներ, փափկամարմիններ, սարդեր, թիթեռներ և այլ կենդանատեսակներ:

 

 

Կենսաբանության ֆակուլտետի ավագ լաբորանտ, կ.գ.թ. Ռուզաննա Պետրոսյանը, մեզ հետ զրույցում անդրադառնալով մողեսների վերոնշյալ տեսակների ցուցադրման կարևորությանը, ասել է. «ԵՊՀ-ում իրականացնում ենք բնապահպանական բազմաթիվ միջոցառումներ, այդ թվում՝ ստեղծել ենք լաբորատորիա, որտեղ բազմացնում ենք անդրկովկասյան բազմագույն մողեսիկներ, ապա դրանց բաց թողնում բարենպաստ բնակլիմայական պայմաններում»:

 

 

ԵՊՀ կենսաբանության ֆակուլտետի կենդանաբանության ամբիոնի աշխատակից Մերի Արզումանյանը, խոսելով փափկամարմինների, սարդերի և թիթեռների որոշ տեսակների վերաբերյալ տեղեկատվության հանրայնացման կարևորությունից, ընդգծեց. «Քանի որ ողնաշարավոր կենդանիներն առավել շատ են ուսումնասիրված, քան անողնաշարավորները, ուստի ճամբարը հնարավորություն է ստեղծում մարդկանց ուշադրությունը սևեռելու դեպի անողնաշարավոր կենդանիները: Սա կնպաստի դրանց ճանաչելիության բարձրացմանը և կրտսեր սերնդի շրջանում կենդանաբանության նկատմամբ հետաքրքրություն կառաջացնի, ինչը հետագայում կօգնի մասնագիտության ընտրության հարցում»:

 

 

ԵՊՀ ֆիզիկայի ֆակուլտետի ֆոտոնիկայի և արհեստական բանականության գիտահետազոտական լաբորատորիան «Գիտության ճամբարում» ներկայացրել է օպտիկական տարրեր, այդ թվում՝ բևեռացուցիչներ, զտիչներ, ալիքատարներ, հոլոգրամներ և այլն:

 

 

Ֆիզիկայի ֆակուլտետի ֆոտոնիկայի և արհեստական բանականության գիտահետազոտական լաբորատորիայի վարիչ, ֆ.մ.գ.թ. Մուշեղ Ռաֆայելյանը, անդրադառնալով ֆիզիկայի հանրայնացման կարևորությանը, փաստեց, որ ճամբարը գիտահանրամատչելի է և ներգրավում է թե՛ դպրոցահասակների, թե՛ ուսանողների և թե՛ հետազոտող-գիտնականների։

 

 

««Գիտության ճամբար»-ը, կարելի է ասել, երիտասարդների համար ոգեշնչման աղբյուր է և հետաքրքրություն է առաջացնում բարդ թվացող գիտության նկատմամբ»,- ասել է Մ. Ռաֆայելյանը:

 

 

ԵՊՀ ֆիզիկայի ֆակուլտետի միջուկային ֆիզիկայի ամբիոնը ներկայացրել էր Հեյգեր-Մյուլլերի հաշվիչ սարքը, սցինտիլյացիոն հաշվիչ սարքը, ինչպես նաև Ատոմային էլեկտրակայանների շահագործման հայկական գիտահետազոտական ինստիտուտի ներկայացուցիչների հետ՝ Ջրաջրային էներգետիկական ռեակտորի (ՋՋԷՌ 440) մանրակերտը և այլն:

 

Ֆիզիկայի ֆակուլտետի ուսանող Գոռ Մուրադյանն ընդգծեց, որ շատերը տեղեկացված չեն, թե ներկայացվող սարքերը կենսական ի՞նչ նշանակություն ունեն, և ճամբարը նաև ձեռք է բերում ճանաչողական բնույթ։ Ամփոփելով խոսքը՝ նա նշեց, որ մասնակիցների թիվը և հետաքրքրվածությունը գերազանցել են իրենց սպասելիքները:

 

 

Ֆիզիկայի ֆակուլտետի մեկ այլ ուսանող՝ Ալվարդ Մալխասյանը, մեզ հետ զույցում անդրադարձավ ճամբարի ընձեռած հնարավորություններին՝ նշելով. «Մարդկանց մեծամասնությունը ֆիզիկան համարում է բարդ գիտություն, բայց այս ճամբարն ապացուցեց, որ եթե գիտությունը հանրամատչելի ներկայացվի, շատերին կհետաքրքրի: Այս ճամբարը կարևոր է նաև նրանով, որ ներգրավել է ոչ միայն գիտության, այլև արվեստի բնագավառի ներկայացուցիչներին»:

 

 

 

Արմավիրի Մովսես Սիլիկյանի անվան N6 հիմնական դպրոցի աշակերտներին ուղեկցում էր ուսուցիչը, որը մեզ հետ զրույցում ասաց․ «Վերջին տարիների տեխնոլոգիական մեծ առաջընթացը նպաստել է մեխանիկական աշխատանքի կրճատմանը: Այսօր հետաքրքիր է տեսնել երիտասարդ սերնդի գիտական նվաճումները»:

 

 

Ճամբարի մասնակից Հասմիկ Գասպարյանը պատմեց, որ բազմիցս մասնակցել է նմանօրինակ միջոցառումների, սակայն «Գիտության ճամբարն» իր տեսակով տարբերվող էր և ներգրավել էր տարիքային տարբեր խմբերի ներկայացուցիչների:

Նշենք, որ տարբեր տաղավարներ ներկայացնում էին գիտության տարբեր ճյուղեր՝ աստղաֆիզիկա, ռոբոտաշինություն, տիեզերական և արհեստական արբանյակներ և այլն:

 

Այլ նորություններ
ԵՊՀ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻՆ ՆՈՐՈՎԻ ՆԵՐԿԱՅԱՑՎԵՑ ՍԻՐԻԱՅԻ ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԿՅԱՆՔԸ
ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի արաբագիտության ամբիոնում հյուրընկալվել էր ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի շրջանավարտ, ՀՀ-ում Սիրիայի Արաբական Հանրապետության դեսպան Նորա Արիսյանը:
ԵՊՀ ԻՐԱՎԱԳԻՏՈՒԹՅԱՆ ՖԱԿՈՒԼՏԵՏԻ ԹԻՄԸ ՀԱՂԹԵԼ Է ԱՄԵՆԱՄՅԱ ԴԱՏԱԽԱՂ-ՄՐՑՈՒՅԹՈՒՄ
Ուսանողների համար Ֆինանսական համակարգի հաշտարարի գրասենյակի կազմակերպած ապահովագրական իրավունքի ամենամյա դատախաղ-մրցույթում հաղթող է ճանաչվել ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի թիմը։