31.05.2018 | 
Հասարակություն
ԵՊՀ-ՈՒՄ ՀԱՆԴԻՊԵՑԻՆ ԳՈՐԾԱՏՈՒՆԵՐՆ ՈՒ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԸ
ԵՊՀ-ՈՒՄ ՀԱՆԴԻՊԵՑԻՆ ԳՈՐԾԱՏՈՒՆԵՐՆ ՈՒ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԸ
Այսօր ԵՊՀ գրադարանի ճեմասրահում տեղի ունեցավ «Intership Hunt. Որոնի՛ր և գտի՛ր քո հնարավորությունը» խորագրով տոնավաճառը:

Աշխատաշուկայում առաջատար և դեռ սկսնակ ավելի քան քսան ընկերություններ այսօր ուսանողներին ներկայացրին իրենց գործունեությունը, աշխատելաոճի առանձնահատկությունները և դրանցում ընդգրկվելու հնարավորությունները:

 

Միջոցառումը կազմակերպվել էր ԵՊՀ շրջանավարտների և կարիերայի կենտրոնի և «Breedge» կազմակերպության համատեղ նախաձեռնությամբ:

 

Մեզ հետ զրույցում ԵՊՀ շրջանավարտների և կարիերայի կենտրոնի տնօրեն Լիլիթ Հակոբյանն ասաց, որ այս միջոցառումը «Breedge» կազմակերպության հետ  համագործակցության առաջին փորձն է. «Մենք միշտ բաց ենք այսպիսի առաջարկների համար և պատրաստ ենք կազմակերպել միջոցառումներ, որոնք կապահովեն ուսանող- գործատու հանդիպումը և կնպաստեն ուսանողների կարիերայի զարգացմանը: Հուսով եմ՝ այս միջոցառումն արդյունավետ կլինի, և շատ ուսանողներ նոր հնարավորություններ կգտնեն»:

 

«Breedge» կազմակերպության համահիմնադիր Վահան Մելքոնյանն էլ մեզ հետ զրույցում հաստատեց, որ միջոցառման նպատակն ուսանողների և գործատուների հանդիպումը կազմակերպելն էր, ինչպես նաև նրանց համար համագործակցության առիթ ստեղծելը. «Ավելի քան քսան կազմակերպություն են մասնակցում այսօրվա տոնավաճառին, որոնց մի մասը ստարտափ ընկերություններ են, մյուսները՝ բիզնես կազմակերպություններ, ներկա էին նաև խոշոր ընկերություններ, որոնք արդեն հաստատված են աշխատաշուկայում: Այդ բոլոր ընկերություններին համախմբում է ուսանողական նոր ներուժ գտնելու ցանկությունը»:

 

Միջոցառման բացման արարողության ժամանակ ԵՊՀ ուսանողների, շրջանավարտների և հասարակայնության հետ կապերի գծով պրոռեկտոր Ռուբեն Մարկոսյանը նշեց, որ ԵՊՀ շրջանավարտների և կարիերայի կենտրոնն այս ձևաչափով միջոցառումներ հաճախ է կազմակերպել. «Այս տոնավաճառը յուրահատուկ է, քանի որ այն կազմակերպվում է «Breedge» կազմակերպության հետ համատեղ: Սա առաջին դեպքն է, երբ համալսարանական կառույցն ուսանողական ստարտափի հետ միջոցառում է իրականացնում: Մենք այսօր օգնելու ենք, որ իսկապես կառուցվի ուսանող-գործատու հարաբերությունների կամուրջը»:

 

Բացի կազմակերպությունների ներկայացումից՝ այսօրվա միջոցառման շրջանակում ԵՊՀ գրադարանի տարբեր սրահներում տեղի ունեցան նաև տարաբնույթ թեմաներով դասախոսություններ և քննարկումներ, որոնք անցկացնում էին տոնավաճառին մասնակցող կազմակերպությունների հիմնադիրները և ներկայացուցիչները:

 

Մեզ հետ զրույցում և՛ Լիլիթ Հակոբյանը, և՛ Վահան Մելքոնյանը նշեցին, որ պատրաստ են հետագա համագործակցության:

Քնար Միսակյան

Այլ նորություններ
«ԵՍ ԵՐԵՎԱՆՈՒՄ ՀԱՃԱԽ ԷԻ ՍԻՐԱՀԱՐՎՈՒՄ» ՅԱԿՈԲ ՎՈԼԺԱԿ
2010 թվականից Երևանի պետական համալսարանը տարածաշրջանի մյուս 4 առաջատար համալսարանների հետ իրականացնում է «Մարդու իրավունքները և ժողովրդավարացումը Կովկասում» մագիստրոսական ծրագիրը, որի մասնակիցներից մեկը Լեհաստանից ժամանած Յակոբ Վոլժակն է:
ԼԵՀԱԿԱՆ ՇՈՒՆՉԸ ԵՊՀ-ԻՑ ՆԵՐՍ
Ագնիեշկա Վաշիլչուկը լեհերենի դասախոս է, Հայաստան է գործուղվել Արտերկրում լեհական կրթության զարգացման կենտրոնի կողմից: Լեհերեն է դասավանդում Երևանի պետական համալսարանում, Հայաստանում լեհերի «Պոլոնիա» միությունում և «Պոլսկա Ռոդզինա» ընկերությունում: