11.02.2014 | 
Գիտություն
ՊԵՏԱԿԱՆԱՇԻՆՈՒԹՅԱՆ ԽՆԴԻՐՆԵՐԸ՝ ՈՒՍԱՆՈՂԱԿԱՆ ԴԻՏԱՆԿՅՈՒՆԻՑ
ՊԵՏԱԿԱՆԱՇԻՆՈՒԹՅԱՆ ԽՆԴԻՐՆԵՐԸ՝ ՈՒՍԱՆՈՂԱԿԱՆ ԴԻՏԱՆԿՅՈՒՆԻՑ
ԵՊՀ-ում անցկացվեց Հայաստանի առաջին Հանրապետության հիմնադիր Արամ Մանուկյանի մահվան 95-րդ տարելիցին նվիրված ուսանողական գիտաժողով:

«Պետականաշինություն. հայոց և համաշխարհային փորձը» խորագրով միջոցառումը թեև կազմակերպել էին ԵՊՀ միջազգային հարաբերությունների և պատմության ֆակուլտետների ուսանողական գիտական ընկերությունները, սակայն նախաձեռնությունը մի շարք ուսանողներինն էր:

 

«Հաշվի առնելով մեր հետաքրքրությունների շրջանակը և օրվա հրամայականը, որ կա մեր երկրի առաջ, որոշեցինք պետականաշինության թեման ընտրել: Մի քանի թեմաներ ունենք, որոնք առնչվում են հայկական պետականաշինության հետ, մասնավորապես կրթական համակարգի ոչ կատարյալ կայացածությունը, Արցախյան հիմնահարցը, միգրացիոն տեմպերի աճը, եկեղեցի-պետություն փոխհարաբերությունները և այլն»,- ասում է նախաձեռնողներից մեկը՝ ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետի ուսանող Էդգար Էլբակյանը:

 

«Հայոց պատմությունը պատմություն է պետականաշինության մասին, պատմություն է պետականության բացակայության մասին, պետականությունը պահպանելու, վերակերտելու մասին: Փա՛ռք Աստծո, այսօր մենք ունենք այդ պետականությունը, ու դրա հետ մեկտեղ կարևոր է նորմալ գիտատեսական բազա ունենալը և դրանով առաջնորդվելը: Դա է պրոֆեսիոնալիզմը: Ես համոզված եմ, որ այս տեսանկյունից գիտաժողովը թեև փոքրիկ, բայց կարևոր ներդրում է ունենալու»,- գիտաժողովի սկզբում նշեց ԵՊՀ գիտխորհրդի քարտուղար Մենուա Սողոմոնյանը:

 

Մասնակից ուսանողները պետականաշինության հարցին ու դրա բաց կողմերին անդրադարձել էին տարբեր տեսանկյուններից: Երկրում գոյություն ունեցող խնդիրներից զատ` նրանք ներկայացրին նաև մի շարք երկրների փորձը, որը կարող է տեղայնացվել նաև Հայաստանում:

 

«Սինգապուրը կարճ ժամանակահատվածում դարձել է բավականին զարգացած պետություն և պետականաշինության ուղենիշ մի շարք երկրների համար: Այդ գործում շատ կարևոր դեր է խաղացել կոռուպցիայի դեմ պայքարը, որը ստեղծում է ժողովրդի վստահությունը պետության նկատմամբ: Կարծում եմ՝ նրանց օրինակով Հայաստանում պետք է վերահսկվի նաև մասնավոր սեկտորի բյուջեն»,- ասում է Հայաստանում ֆրանսիական համալսարանի ուսանողուհի Աննա Մկրտչյանը, ով պնդում է, որ Սինգապուրում գործող որոշ մեխանիզմներ հեշտությամբ կարող են կիրառվել նաև մեր երկրում:

 

Միջբուհական գիտաժողովում զեկույցներ ներկայացրին ոչ միայն ԵՊՀ, այլև մի շարք այլ բուհերի՝ Գիտությունների ազգային ակադեմիայի, Արցախի պետական համալսարանի, Ստեփանակերտի Մեսրոպ Մաշտոց համալսարանի, Հայ-ռուսական (Սլավոնական) համալսարանի, Գյումրու Մ. Նալբանդյանի անվան պետական մանկավարժական ինստիտուտի և Հայաստանում ֆրանսիական համալսարանի ուսանողները:

 

Գիտաժողովում ներկայացված բոլոր աշխատանքները գրվել են գիտական ղեկավարների առկայությամբ, և դրանցից ամենահաջողվածները տեղ կգտնեն ԵՊՀ ՈՒԳԸ գիտական հոդվածների ժողովածուում:

Այլ նորություններ
5 ՈՍԿԵ ԵՎ 2 ԱՐԾԱԹԵ ՄԵԴԱԼ՝ IMC ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՈՒՍԱՆՈՂԱԿԱՆ ՄԱԹԵՄԱՏԻԿԱԿԱՆ ԱՌՑԱՆՑ ՕԼԻՄՊԻԱԴԱՅԻՑ
Հուլիսի 27-ին ավարտվեց 27-րդ IMC միջազգային ուսանողական մաթեմատիկական օլիմպիադան, որին մասնակցող ԵՊՀ ուսանողները նվաճել են 5 ոսկե և 2 արծաթե մեդալ:
ԵՊՀ ԴՈՑԵՆՏ ՀԱԿՈԲ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՀՈԴՎԱԾԸ «ՆՅՈՒԹԵՐ ՀԻՆ ԵՎ ՄԻՋՆԱԴԱՐՅԱՆ ՄԵՐՁՍԵՎԾՈՎՅԱՆ ՀՆԱԳԻՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ԳԻՏԱԿԱՆ ՀԱՆԴԵՍՈՒՄ
Երևանի պետական համալսարանի համաշխարհային պատմության ամբիոնի դոցենտ, պ.գ.դ. Հակոբ Հարությունյանն իր հերթական հոդվածն է հրատարակել «Նյութեր հին և միջնադարյան մերձսևծովյան հնագիտության և պատմության վերաբերյալ» հայտնի գիտական հանդեսի հերթական համարում: