20.06.2019 | 
Հասարակություն
ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՖԱԿՈՒԼՏԵՏԸ ՀԱՆԴԻՍԱՎՈՐ ՃԱՆԱՊԱՐՀԵՑ ԻՐ ՇՐՋԱՆԱՎԱՐՏՆԵՐԻՆ
ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՖԱԿՈՒԼՏԵՏԸ ՀԱՆԴԻՍԱՎՈՐ ՃԱՆԱՊԱՐՀԵՑ ԻՐ ՇՐՋԱՆԱՎԱՐՏՆԵՐԻՆ
ԵՊՀ պատմության թանգարանում այսօր տեղի ունեցավ Միջազգային հարաբերությունների ֆակուլտետի «Միջազգային հարաբերություններ» և «Համաշխարհային քաղաքականություն» մագիստրոսական կրթական ծրագրերի շրջանավարտների դիպլոմների հանձնման հանդիսավոր արարողությունը:

ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետի դեկան Գեղամ Պետրոսյանը, շնորհավորելով շրջանավարտներին, մաղթեց նրանց մեծ հաջողություններ: Նա հույս հայտնեց, որ ուսանողները հետագայում իրենց ներդրումը կունենան Հայաստանի արտաքին հարաբերությունների արդյունավետ կազմակերպման գործում:

 

«Մեր ֆակուլտետը երիտասարդ է՝ դեռ 20 տարեկան, բայց այդ ընթացքում բավական մեծ ձեռքբերումներ և նվաճումներ է գրանցել: Ֆակուլտետի շրջանավարտներն այսօր մեծ արդյունավետությամբ և բարձր պատասխանատվությամբ են իրականացնում իրենց աշխատանքը դիվանագիտական տարբեր կառույցներում և հաստատություններում: Հուսով եմ՝ դուք էլ կմիանաք նրանց, և ձեր անփոխարինելի գործունեությունը կծավալեք»,- ասաց Գեղամ Պետրոսյանը:

 

 

Նա նշեց, որ ուսումնառության ընթացքում շրջանավարտները հաղթահարել են բազմաթիվ դժվարություններ և խոչընդոտներ, ինչը նպաստել է նրանց մասնագիտական գիտելիքների և հմտությունների ամրապնդմանը. «Այդ դժվարություններով հանդերձ՝ ուսանողական տարիներն անմոռանալի են, և համոզված եմ, որ բազում գեղեցիկ հուշեր ունեք այս տարիների ընթացքում հավաքած, որոնք կուղեկցեն ողջ կյանքում»:

 

 

Միջազգային հարաբերությունների ֆակուլտետի շրջանավարտներին շնորհավորեց նաև ԵՊՀ պատմության թանգարանի տնօրեն Հեղինե Գասպարյանը՝ նրանց մաղթելով հաջողություններ և բազմաթիվ հաղթանակներ. «Պատահական չէ, որ ձեր կյանքի կարևոր փաստաթղթերից մեկը ստանում եք ԵՊՀ պատմության թանգարանում: Խորհրդանշական է, քանի որ ձեր կյանքի ամենագեղեցիկ տարիներն անցկացրել եք համալսարանում և եղել համալսարանական»:

 

Դիվանագիտական ծառայության և մասնագիտական հաղորդակցման ամբիոնի վարիչ Նուբար Չալըմյանն էլ շրջանավարտներին խորհուրդ տվեց երբեք չվախենալ դժվարություններից. «Հեշտությամբ ոչինչ ձեռք չի բերվում, իսկ տքնաջան աշխատանքի արդյունքն ավելի թանկ է և գնահատելի: Ուզում եմ, որ գտնեք ձեր արժանավոր տեղը, բայց նաև ակնկալում եմ, որ երբեք չկտրեք ձեր կապը Մայր բուհի հետ»:

 

 

Շրջանավարտների անունից շնորհակալական խոսքով հանդես եկավ Լուսինե Թանգամյանը՝ նշելով, որ ֆակուլտետում ամեն կերպ օգնել և աջակցել են իրենց ուսումնառության տարիների ընթացքում, դասախոսներն էլ անփոխարինելի դեր ու անգնահատելի ներդրում են ունեցել իրենցից յուրաքանչյուրի կյանքում:

 

Շնորհավորական խոսքերի ավարտին շրջանավարտները հանդիսավոր ստացան իրենց դիպլոմները:

 

Քնար Միսակյան

Այլ նորություններ
ԱՆՎԱՆԻ ԼԵԶՎԱԲԱՆՆԵՐԻ ԿԻՍԱՆԴՐԻՆԵՐԻ ԿՈՂՔԻՆ ՏԵՂԱԴՐՎԵՑ ԵՎՍ ՄԵԿԻ՝ ՀՈՎՀԱՆՆԵՍ ԲԱՐՍԵՂՅԱՆԻ ԿԻՍԱՆԴՐԻՆ
ԵՊՀ հայ բանասիրության ֆակուլտետում այսօր տեղ է ունեցել լեզվաբան, բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ՀԽՍՀ վաստակավոր գործիչ Հովհաննես Բարսեղյանի կիսանդրու բացման հանդիսավոր արարողությունը:
«ԷՄԻՐԱԹՑՈՒ ԻՆՔՆՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՆՐԱ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԵՎ ՊԱՏՄԱԿԱՆ ԱՐՄԱՏՆԵՐԸ: ԱՄԷ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ». ՀԱՄԱԴ ԲԻՆ ՍԱՐԱՅԸ ԴԱՍԱԽՈՍՈՒԹՅՈՒՆ Է ԿԱՐԴԱՑԵԼ ԵՊՀ-ՈՒՄ
ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետն այսօր հյուրընկալել էր ՀՀ-ում Արաբական Միացյալ Էմիրությունների արտակարգ և լիազոր դեսպան Ն.Գ. պարոն Մուհամմադ ԱլԶաաբիին, դեսպանության հյուպատոս Ահլամ Ալ Սալամիին և ԱՄԷ համալսարանի հասարակագիտական ֆակուլտետի դասախոս Համադ բին Սարային, որը հանդես եկավ դասախոսությամբ: